Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Անհերքելի է մշակույթի դերը մարդկության զարգացման գործում». Էդվարդ Նալբանդյան

Հուլիս 11,2015 15:54

Հուլիսի 11-13-ը Երևանում կանցկացվի «Մշակութային քաղաքականություն, քաղաքականություն մշակույթի համար. մշակույթի դերը «Ետ-2015» զարգացման օրակարգում» խորագրով միջազգային կոնֆերանսը, որը նվիրված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հիմնադրման 70-ամյակին:

Կոնֆերանսին մասնակցելու համար այս օրերին Հայաստանում են գտնվում տարբեր երկրների և միջազգային կազմակերպությունների 45 պատվիրակներ են:

Եռօրյա կոնֆերանսի շրջանակներում տեղի կունենան «Մշակույթի դերը կայուն զարգացման գործում 2015 թ. օրակարգից հետո. նոր իրականություն և հեռանկարներ» խորագրով լիագումար և «Մշակույթի ապագան. ապագայի մշակույթը» եզրափակիչ նիստերը, ինչպես նաև «Մշակութային ժառանգությունը՝ որպես մարդկային համախմբման և հոգևոր հաղորդակցման գործոն», «Մշակութային բազմազանությունը միջմշակութային երկխոսության և կայուն զարգացման երաշխիք», «Ոչ նյութական մշակութային ժառանգությունը փոփոխվող աշխարհում» թեմատիկ քննարկումները:

Հայաստան ժամանած հյուրերն այսօր շրջայց կատարեցին Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտում՝ Մատենադարանում, այնուհետև տեղի ունեցավ կոնֆերանսի պաշտոնական բացումը, որին մասնակցում էին ՅՈՒՆԵՍԿՕ-ի, ԵՄ և տարբեր երկրների մշակույթի նախարարներ ու փոխնախարարներ, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, օտարերկրյա պետությունների մշակութային կենտրոնների ներկայացուցիչներ, ոլորտի փորձագետներ:

«Ինձ համար մեծ պատիվ է մասնակցել մի կոնֆերանսի, որը տեղի է ունենում հայկական ձեռագրերի մեծ հավաքածու ունեցող այս կառույցում: Ուզում եմ շնորհակալություն հայտնել ՀՀ իշխանություններին այս կոնֆերանսը կազմակերպելու համար, որը համընկնում է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի բացման հետ, և որը ցույց է տալիս Հայաստանի նվիրվածությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ին»,- նշեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային հարցերով տնօրենի օգնական Ալֆրեդո Պերես դ’Արմինիանը՝ ընդգծելով, որ Հայաստանը յուրացրել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հինգ հիմնական կոնվենցիաները և, հավատարիմ մնալով դրանց, ակտիվորեն մասնակցում է տարաբնույթ միջոցառումների. «Հայաստանը գնահատում է մշակույթի դերը կայուն զարգացման օրակարգում»,- նկատեց նա:

«Միայն քաղաքական և տնտեսական գործոնները բավարար չեն ժողովուրդների միջև խաղաղություն հաստատելու համար. կարևորագույն գործոնը մշակույթն է՝ միջմշակութային երկխոսության և միջքաղաքակրթական համերաշխության համար: Եվ այլոց մշակութային արժեքների նկատմամբ անհանդուրժողականությունը պետք է վճռականորեն դատապարտվի միջազգային հանրության կողմից»,- ընդգծեց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ նկատելով, որ դարեր շարունակ պատերազմների և ոչ միայն պատերազմների ժամանակ ոչնչացվել են տարբեր ազգերի մշակույթները, արմատախիլ են արվել մշակութային արժեքները:

«Այս տարի լրացավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, որի կապակցությամբ տեղի ունեցած միջոցառումների շրջանակում մենք ոգեկոչեցինք այն հսկայական ժառանգությունը, որ կորցրինք այդ տարիներին: Ինչպես 100 տարի առաջ, այնպես էլ այսօր, իրենց հրեշավոր նպատակներին հասնելու համար մարդիկ առաջին հերթին հենց մշակույթին են հարվածում, որովհետև անհերքելի է մշակույթի դերը մարդկության զարգացման գործում: Այս պարզ իմաստության գիտակցումն էլ կարող է մեծ դերակատարություն ունենալ աշխարհում կայունության և խաղաղության պահպանման գործում»,- նշեց Է. Նալբանդյանը:

Հավելենք, որ Հայաստան ժամանած բարձրաստիճան հյուրերը շրջայցեր կկատարեն Երևանում, կծանոթանան հայկական մշակութային արժեքներին ու տեսարժան վայրերին, կայցելեն մշակութային կենտրոններ, Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, որտեղ կհանդիպեն Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի հետ, կլինեն «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում, ինչպես նաև ներկա կգտնվեն «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային 12-րդ կինոփառատոնի բացման պաշտոնական արարողությանը:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031