Շաքարային դիաբետը ոչ միայն Հայաստանում, այլեւ ամբողջ աշխարհում բոլոր հիվանդությունների մեջ 3-րդ տեղում է, իսկ առաջին տեղում սրտանոթային հիվանդություններին են, 2-րդը՝ ուռուցքները:
Այս մասին, այսօր «Հենարան» մամուլի ակումբում ասաց «Արմենիա» բժշկական կենտրոնի էնդոկրինոլոգիական բաժանմունքի ղեկավար Էդուարդ Թորոմանյանը: Նա ասաց, որ ավաղ շաքարային դիաբետը կրկնապատկվում է ինչպես աշխարհում, այնպես էլ Հայաստանում: «Եթե 2000 թվականների սկզբներին այս հիվանդության նոր դեպքերը տարեկան գրանցվում էր 1000 դեպք: Հիմա այդ թիվը քառապատկվել է եւ տարեկան գրանցում ենք 5-6 հազար նոր դեպք»,-ասաց մասնագետը:
Պարոն Թորոմանյանը նշեց, որ Հայաստանում հիվանդների ընդհանուր թիվը մոտավորապես կազմում է 73 հազար: Այս թվի բարձրացման հիմնական պատճառները բժիշկը նշեց, որ առաջին նախապայմանը ժառանգականությունն է, ճարպակալումը, սրտանոթային հիվանդություններն են` արյան բարձր ճնշումը, օրգանիզմի ճարպային նյութափոխանակության խանգարումը եւ ոչ ճիշտ ապրելակերպը:
Ավելացրեց նաեւ, որ շաքարային դիաբետով հիվանդների թիվը կանանց մոտ ավելի բարձր է: Ըստ բժիշկի` շատ հաճախ շաքարային դիաբետը բացահայտվում է այլ հիվանդությունների ի հայտ գալուց հետո: «Ցավոք, մեր ազգային խոհանոցի սնունդները բավական յուղոտ են, պետք է բացառել ֆասթ-ֆուդի հանգամանքը, որն այսօր ամենաշատն է օգտագործվում մարդկանց կողմից: Կարեւոր է նաեւ հիպոդինամիկան, քանի որ ժամանակակից աշխարհում մարդիկ քիչ են շարժվում: Սթրեսը եւս դրդապատճառ կարող է հանդիսանալ շաքարային դիաբետի զարգացման համար»,-նշեց բժիշկը:
Կարդացեք նաև
Նա Aravot.am-ի հետ զրույցում նշեց այն սննդակարգը, որին պետք է հետեւի շաքարային դիաբետ ունեցող մարդը: Նշեց, որ պետք է ուտել բանջարեղենը, անյուղ մսամթերքը, կաթնամթերքը, բացառել բոլոր տեսակի ճարպերը, պետք է նաեւ սահմանափակել մրգերը, հատկապես կեռաս, ծիրան, թութ, խաղող, որոնց մեջ գլյուկոզան բարձր է, իսկ քաղցրեղենի օգտագործման համար բժիշկը հիվանդներին խորհուրդ է տալիս ուտել առիթից առիթ, այն էլ քիչ քանակությամբ:
Բժիշկը խորհուրդ է տալիս սահմանափակել հյութերի ընդունումը, որոնք 5-10 րոպեում արյան մեջ շաքարի քանակը բարձրացնում են եւ որպեսզի կանխարգելեք արյան մեջ շաքարի առաջացումը եւ բարձրացումը, պարոն Թորոմանյանը խորհուրդ է տալիս յուրաքանչյուր մարդու տարեկան մեկ անգամ ստուգել արյան մեջ շաքարի մակարդակը:
Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ