Լրահոս
Օրվա լրահոսը

Փոփոխության շարժիչ ուժը

Հուլիս 11,2015 10:00

«Պայքարենք ռեժիմի դեմ», «Չեղարկում», «Ոչ թալանին», «Ոչ թալանչիներին», «Պատգամավորներ, վայր դրեք մանդատները», «Մենք ենք տերը մեր երկրի», «Ազատ, անկախ Հայաստան», «Իշխանափոխություն», «Հրաժարական»: Ազատության հրապարակում մնացած երիտասարդները հանդես են գալիս տարբեր կարգախոսներով, որոնք ենթադրում են ռադիկալիզմի տարբեր աստիճաններ եւ գործողությունների տարբեր ծրագրեր: Ի վերջո՝ կարելի է, իհարկե, ամեն ինչ հանգեցնել իշխանափոխության. «Քանի որ ռեժիմը չի փոխվում, քանի որ ՀԾԿ հանձնաժողովը չեղարկման որոշում չի կայացնում, քանի որ թալանն ու թալանչիները չեն վերանում, քանի որ պատգամավորներն իրենց մանդատները վայր չեն դնում, մենք մեր երկրի տերը չենք, իսկ Հայաստանը ազատ-անկախ երկիր չէ, ուրեմն միակ ելքը իշխանափոխությունն է»: Բայց ամեն ինչ իրար խառնելով՝ հնարավոր չէ հասարակության համար հասկանալի եւ գրավիչ լինել:

Այո, Ազատության հրապարակում պտտվող գործազուրկներն ու թոշակառուները, ինչպես նաեւ որոշ ուսանողներ երկու ձեռքով կողմ կլինեն ցանկացած առավելապաշտական, արմատական կարգախոսի: Սակայն պատմության մեջ առայժմ հայտնի չեն դեպքեր, երբ թոշակառուները հեղաշրջում են իրականացրել: Առավել եւս՝ «ռեժիմի փոփոխություն»: Փոփոխությունը, նույնիսկ նվազագույն առաջընթացը տեղի է ունենում այն մարդկանց շնորհիվ, որոնք կորցնելու բան ունեն, բայց այդ կորցրածը ավելի էժան է գնահատվում, քան հանրության ձեռքբերումը, որին նրանք կողմ են արտահայտվում: Ի դեպ, «կողմ արտահայտվելը» պարտադիր չի ենթադրում Ազատության հրապարակում օրուգիշեր կանգնել: Այսօրվա Հայաստանի դեպքում կորցնելու բան ունեցողներն են առաջին հերթին՝ սեփականատերերը, մասնավոր կամ պետական հիմնարկներում աշխատող մարդիկ, որոնք քիչ թե շատ նորմալ աշխատավարձ են ստանում: Հետեւաբար, պետք է ձեւակերպել այնպիսի կարգախոսներ եւ այնպիսի ծրագրեր, որոնց բացահայտ ջատագովները կարող են լինել նաեւ այդ՝ «կորցնելու բան ունեցող» մարդիկ:

Հիմա պատկերացրեք, որ 1988-ի փետրվարի 20-ին Ազատության հրապարակում հավաքված մարդկանց կարգախոսը լիներ՝ «Կորչի կոմունիստական ռեժիմը», «Կորչեն կոմունիստները», «Փոխենք կոմունիստական իշխանությունը դեմոկրատական իշխանությամբ», «Դեմիրճյան, հեռացիր»: Դա միանգամից կվաներ Շարժումից այն մարդկանց, որոնք ԽՄԿԿ անդամներ էին, նաեւ ոստիկաններ էին, անվտանգության աշխատակիցներ, բայց իրենց առաջին հերթին հայ էին զգում եւ իրենց պարտքն էին համարում նպաստել նրան, որ Ղարաբաղը վերամիավորվեր Հայաստանի հետ: 1988-ի փետրվարի 20-ից մինչեւ 1989-ի դեկտեմբերի 1-ը, երբ խորհրդարանը (կոմունիստական Գերագույն Խորհուրդը) որոշում ընդունեց Հայաստանի եւ Արցախի վերամիավորման մասին, անցել էր մոտ 21 ամիս: Բայց հանգրվանային նպատակն իրագործվել էր, որովհետեւ ոչ միայն Ազատության հրապարակը, այլեւ աշխատանքային կոլեկտիվները, մտավորականները, կոմունիստական նոմենկլատուրայի առողջ մասը՝ բոլորն աշխատում էին մեկ նպատակի համար:

Մնում է՝ հիմա էլ ձեւակերպվի նման՝ մեծամասնությանը միավորող նպատակ եւ դրան հասնելու քայլերը:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Աբո says:

    Ամեն մի 30-60 տարին մեկ ցանկանում ենք ինչ որ բան փոխել:Նոր սերունդիը մտածում է, թե հեսա լավ կապրենք, իսկ հին սերունդը հասկանում է,որ իրեք մնացին խաբված:
    Իմ կարծիքով կյանքի վիճակը Հայաստանում՝ ուղիղ համեմատական է Ղարաբաղյան հակամարտության հետ, կվատանա վիճակը՝ կվատանա կյանքը (իհարկ է ոչ բոլորի համար), կլավանա կլուծվի հարցը՝ կսկսի լավանալ կյանքը:Այսօրվա երիտասարդությունը պետք է պահանջի այդ հարցի լուծումը՝ նախգահից:
    Ցանկացած ցավ, եթե անտեսում ես, ժանանակի ընթացքոմ այն բթանում է, բայց դա չի նշանակում, վոր ապաքինվել ես, պարզապես դա պատճառ է դառնում շատ որիշ ցավերի:

  2. Գալուստ Ենոքյան says:

    «Հիմա պատկերացրեք, որ 1988-ի փետրվարի 20-ին Ազատության հրապարակում հավաքված մարդկանց կարգախոսը լիներ՝ «Կորչի կոմունիստական ռեժիմը», «Կորչեն կոմունիստները», «Փոխենք կոմունիստական իշխանությունը դեմոկրատական իշխանությամբ», «Դեմիրճյան, հեռացիր»:»
    Հարգելի Արամ , իս Ձեր մտքով երբեվե չի անցել , որ մարդկանց 1988 ին հրապարակ էր հավաքել «կոմունիստական իշխանությունը» իրեն հատուկ ծառայության ագենտների միջոցով…որոնք մինչեվ հիմա համարվում են «իշխանություն» եվ Հայաստանում եվ իհարկե «մեծ եղբոր» կայսրությունում…«Արցախը մերն է » կարգախոսը ցավոք ոչ Արցախին անկախություն բերեց, ոչ էլ հատկապես Հայաստանին…«Դա միանգամից կվաներ Շարժումից այն մարդկանց, որոնք ԽՄԿԿ անդամներ էին, նաեւ ոստիկաններ էին, անվտանգության աշխատակիցներ» այն որ այդ մարդկանց «չվանեցին» , այդ մարդիկ իրենց ՍԵՎ գործը լիակատար կատարեցին մինչեվ հիմա: Այ նրացից էին վախենում երիտասարդները Բաղրամյան պողոտայի վրա, որ «քաղաքական» խնդիրներ առաջ չեին «քաշում»…

  3. Գեւորգ says:

    //Մնում է՝ հիմա էլ ձեւակերպվի նման՝ մեծամասնությանը միավորող նպատակ եւ դրան հասնելու քայլերը:// Այո, աշխատող նպատակ կարելի է ասել դեռեւս չկա, չի էլ եղել վաղուց: Իսկ եղել են միայն մակերեսային պահանջներ՝ “Լեւոն հեռացիր – Վազգեն մոտեցիր!”, “Ռոբերտ հեռացիր – Լեւոն մոտեցիր!)”, “Սերժ հեռացիր!”: – Լյավ, հեռանա, թա հով մոտենա? – Գագոն ու Ռոբերտը, Լեւոնը, Ռաֆֆին, Օսկանը, կամ որեւէ մուկ? Գյան հինչ անին? Հինչ պետք ա անում ենք ըլի! Ասել կուզի, շարքային քաղաքացու առաջին սուրբ գործը պետք է լինի համակեցության կանոնների պահպանման ու տարրական արդարության պահանջը, եւ ոչ թե անունների ու քաղ կուսակցությունների խաղերը: Օրինակ՝ Վահե Ավետյան սպանեցին, Սյունիքում սպանեցին, օրը ցերեկով կնոջ ծեծեցին, նախագահի աշխատողին (!) ծեծեցին, տարիքով մարդու ծեծեցին կաբինետում եւ ….պատժվելու փոխարեն բոլորը վեր բարձրացան! Իսկ ինչ հավաքական արձագանք տվեց հայոց “ըմբոստ”, “պատվասեր” ու “փառապանծ” ազգը հասարակության այս չլսված ստորացումների դեմ? Հիմա աղմկում ենք 7 – դրամի համար? Իսկ մեր ատամները վաղուց են հաշվել, որովհետեւ ժամանակին հայ հասարակությունն ի զորու չեղավ նույնիսկ մի բացահայտ մարդասպանի բանտ ուղարկել, մի թալանչիի ճանապարհ փակել, մի շարքային կաշառակերի գահնկեց անել, եւ հարյուրավոր այլ օրինակներ: Մինչդեռ այստեղից պետք է սկսվեր, որպիսզի գիշատիչների ոհմակ չձեւավորվեր: Ցանկացած իշխանությանը կայուն ու հզոր հենարան է անհրաժեշտ առաջին հերթին: Մեզ մոտ (նաեւ շատերի) այդ հենարանը այլեւս ժողովուրդը չէ, այլ նրան կեղեքողների ու ստորացնողների հանցախումբը: Իսկ նախագահ փոխելով համակարգ չի փոխվի բնավ, որովհետեւ հենարանը նույնն է մնալու: Որեմն ….. ցախավել կոտրելու առակի առաջ ենք կանգնած, որը դեռեւս չի էլ գիտակցվել:

  4. մարդ says:

    « Հետեւաբար, պետք է ձեւակերպել այնպիսի կարգախոսներ եւ այնպիսի ծրագրեր, որոնց բացահայտ ջատագովները կարող են լինել նաեւ այդ՝ «կորցնելու բան ունեցող» մարդիկ:»

    Հաշվի առնելով այն մարդկանց քանակը , որոնք գնում են աշխատելու «դրսում» իրենց ընտանիքի օրվա հացն ապահովելու համար ապա նրանք դառնում են «կորցնելու բան չունեցող» մարդիք քանի որ իրենց եկամուտ կապված չի լինում ներքին վիճակից.
    Հետեվաբար , վերեվում նշված «կորցնելու բան ունեցող» մարդկանց «բացահայտ ջատագովներ» դարցնելու թեորիան չաշխատեց.

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031