Լրահոս
Օրվա լրահոսը

Անճանաչ տիեզերաքար

Հուլիս 11,2015 15:30

– Աշխարհո՞ւմ հաստատվել, թե՞ աշխարհն ունենալ քո մեջ,- մտածում էի տրտմության մի օր եւ նայելով ծառը լքող աշնանամուտի առաջին տերեւներին` հասկացա, թե ինչու չեմ ուզում այլեւս որեւէ երկիր գնալ տեսնելու: Քանի որ աշխարհի բոլոր երկրները եւ ժողովուրդներին իմ կարճ կյանքի ընթացքում չեմ հասցնի ճանաչել, հասկացա նաեւ, որ ես իմ ներսում պիտի ճանաչեմ ճակատագրական Սվինքսը, որի տարբեր արտահայտությունները թափառում են այլազան ցեղերի ու ազգերի մեջ:

Աֆրիկայի Կաֆր ցեղի երեւելի թագավորներից մեկը իր երկրում մեծարանքով ընդունելով անգլիացի բժիշկ-ճանապարհորդ Լիվինգստոնին եւ նրա տիկնոջը` հարցրեց.
– Սպիտակների ձեր երկրում մի՞թե այդքան շատ ջրաղացքարեր կան, որ ձեր ցեղի մարդիկ շարունակ հրաքար են փնտրում…

Սակայն այդ անուշ, անտեղյակ թագավորը աֆրիկյան կյանքի իր մենության մեջ չգիտեր, որ այդ հրաքարը միայն ջրաղացի քարեր հարդարելու համար չէր, այլ Եվրոպայում կանանց վզերն ու ձեռքերը զարդարող թանկարժեք շքեղություն, որ կոչվում էր ադամանդ:
Կաֆր թագավորը չգիտեր նաեւ, որ դա ադամանդ է, իսկ սպիտակները չգիտեին մի այլ բան, որ հողի տակ ծնված լույսին խորթ ադամանդը կարող է անմշակ վայրենությամբ պայթել լույսի հետ շփվելուց, չնայած որ կաֆրերը եւ սպիտակները նույն արեւի տակ էին ապրում եւ նույն գիշերվա մեջ…

Հիմա չգիտեմ, թե Աֆրիկայում մնացե՞լ են ցեղեր, որոնք իրենց ջրաղացքարերը ադամանդով են մշակում, թե՞ դարձել են ընդամենը ադամանդ վաճառողներ, որ հեռուստացույց, համակարգիչ ու սառնարան գնեն, ինքնաթիռ ու մեքենա նստեն` մոռանալով հրաքարի նախաստեղծ նշանակությունը:

Թեեւ հեռուստացույցն ու սառնարանը եւ ոչ էլ ինքնաթիռն ու համակարգիչը մարդուն երջանկություն չբերեցին` ո՛չ Աֆրիկայում, ո՛չ էլ մնացյալ աշխարհում:
Եվ մարդը համառորեն մնաց փնտրող ու չգտնող:

Ու որովհետեւ պետություններն ու ժողովուրդներն այնքանով են ամուր եւ հաստատուն, քանի դեռ եղանակը լավ է եւ միասին շարունակում են ճոճվել գարնան եւ աշնան հմայքների արանքում` ինձ համար մնում է մեկ ծանոթ ու անճանաչ հանելուկ` ընդունել ու հասկանալ, որ մեր կյանքը պարզապես շարունակ պայթող ու չճանաչված ադամանդի փշուր է` տիեզերական ջրաղացքարերը հարդարելու համար: Այնինչ տիեզերքը մենք այդպես էլ չենք ճանաչում, բայց դեռ շարունակում ենք անխնա զարդարվել նրա` առաջին հայացքից անակնկալ, սակայն ընդամենը վերջին փշրանքներով:

Եվ ամենակարեւորը` փոշին նվիրում ենք որպես սիրո նշան եւ սեր բացատրում իրար:

ՄԵՐՈՒԺԱՆ ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
10.07.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031