Լրահոս
Օրվա լրահոսը

«Բիբինին ընդամենն ասել են՝ մի քիչ տոկ տուր ժողովրդին»

Հուլիս 11,2015 15:00

ՀԷՑ-ի գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինի հայաստանյան այցի նպատակները

ՀԷՑ-ի գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինի հայաստանյան այցի մասին լուրը ՀՀ քաղաքացիների մեծամասնությունը մեկնաբանեց այնպես, որ կամ Բիբինը գալիս է Հայաստան ՀՀ քաղաքացիներին «ֆռռացնելու», կամ այն հերթական մանիպուլյացիան ու թատրոնն է: Շատերի համար նաեւ թատերական ներկայացում է հիշեցնում այն, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 60 միլիոն դրամի չափով տուգանել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը՝ մի շարք խախտումների համար, եւ ՀԷՑ-ի գլխավոր տնօրենը ստիպված է եղել արդարանալ հանձնաժողովի անդամների առաջ: Քաղաքական տեսանկյունից Բիբինի վերադարձը Հայաստան ամենեւին էլ պատահական չէ, քանի որ Ռուսաստանն այս այցով ինչ-ինչ հարցեր է լուծում եւ հայ հասարակության շրջանում բարձրացած բողոքի մեծ ալիքը ուզում է հանդարտեցնել ու հարցին լուծում տալ: Տնտեսագետ Վարդան Բոստանջյանը «Առավոտի» հետ զրույցում նշեց, թե չէր ուզենա, որ հայ ազգը միամիտ լինի ու մտածի, որ բիբիններով են պայմանավորված մեր անհաջողությունները. «Ամոթ բոլոր նրանց, ովքեր իրենց ընդհանուր մեղքը, ահավոր հանցագործություններն ուզում են թաքցնել բիբինատիպերի հետեւում:

Նա ընդամենը ֆիզիկական անձ է, նրան ընդամենն ասել են՝ Բիբին ջան, մի քիչ տոկ տուր այդ ժողովրդին, ինքն էլ նայում, ասում է՝ ես մի քիչ չեմ տվել, այլ երկու քիչ տոկ եմ ձեզ տվել: Իսկ ինչքան փող եմ ստացել ու ավտո քշել՝ ձեր ի՞նչ գործն է»: Ըստ պարոն Բոստանջյանի՝ Բիբինին մեղադրող պաշտոնյաները պետք է նախ իրենց նայեն: Այս առիթով պարոն Բոստանջյանը վրդովվեց. «Ավտոյի դուռ բացող-փակողների ականջները մնում էին ավտոյի դռների տակ, այսօր պետության հաշվին 200.000 դոլարանոց ավտոներ են քշում, գնացեք դրանց տիրություն արեք: Ո՞ւմ հաշվին եք մեքենայով գնում գործի: Բուդկայում տասը դրամ աշխատողից փողը վերցնում եք՝ մեքենա՞ եք գնում, հիմա դուք Բիբի՞ն եք խոսում»: Ըստ Վարդան Բոստանջյանի՝ հարցեր կարգավորողը Բիբինը չէ, նրան ուղղակի գուցե ոչ իր ցանկությամբ ուղարկել են Հայաստան:

Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը եւս կարծում է, որ Բիբինի անձով ոչինչ էլ պայմանավորված չէ, քանի որ «Բիբինն ընդամենը պուտինյան կոռուպցիոն համակարգի՝ Հայաստանում գործող մասնաճյուղի մի դետալն է»: Հարցին՝ Բիբինին վերադարձնելով ՀՀ՝ Ռուսաստանի իշխանությունները ի՞նչ խնդիր են լուծում, պարոն Մեհրաբյանը պատասխանեց. «Այնպես չէ, որ Բիբինին հեռացրել էին, նորից վերադարձնում են: Այստեղ կարեւորն այն է, թե ինչ գործընթաց է գնում: Այսօր հասարակության կոշտ ճնշման արդյունքում պետական մարմինները փորձում են այն սխալները, որոնք նրանք գործել են ռուսական ընկերության հետ, դրանցում ինչ-որ սրբագրումներ անել: Մենք տեսնում ենք, որ փաստորեն հրապարակավ Բիբինին նկատողություն են անում, ինչ-որ գործընթաց է գնում, բայց չեմ կարծում, որ այդտեղից է երեւում հարցի հիմնարար լուծումը:

Բիբինը գնա կամ մնա՝ կարմիր կովը կաշին չի փոխելու, դա մնալու է Պուտինի ընկերոջ կառավարության ներքո մի գող կազմակերպություն, որը կապ չունի բիզնեսի հետ, այլ համակարգված գողություն ու թալան է իրականացնում եւ չի առաջնորդվում բիզնես տրամաբանությամբ, այլ գործ ունենք մենաշնորհային կազմակերպության հետ: Լուծումն այն է, որ իր ակտիվների հաշվին փակի պարտքը՝ հանձնելով այս ակտիվները ՀՀ-ին գույք պարտքի դիմաց գործարքով, որից հետո կառավարությունը պետք է բարեփոխումներ կատարի ադ ոլորտում»:

Դառնալով ՀԷՑ-ի ներդրումային ծրագրի մասին հանձնաժողովի որոշմանը՝ պարոն Մեհրաբյանն ասաց, որ նման ծրագիր վաղուց էր պետք իրականացնել, այլ ոչ մանիպուլյացիայի համար, ու շարունակեց. «Այդ ներդրումից բացի՝ ի վերջո կորպորացիան կարող էր իր դուստր ձեռնարկության պարտքը փակել: Դա ոչ թե սակավաջրության, այլ ոմանց սակավամտության պատճառով է կուտակվել. ատոմակայանի չաշխատելն էլ այստեղ դերակատարություն չունի: Պատճառը անարդյունավետ, ախպերավարի աշխատելաոճն է: Ներդրումները պետք է ժամանակին արվեին, որ կորուստներն այսքան չլինեին, որ այս կաբելները փսլինքի նման փողոցում կախված չլինեին»:

Ռուբեն Մեհրաբյանը վերապահումով է մոտենում մեր այն դիտարկմանը, որ Ռուսաստանը մի պահ վախեցավ Հայաստանին՝ որպես ռազմավարական գործընկերոջ, կորցնելուց, այլ այսպես մեկնաբանեց. «ՌԴ-ն հասկացավ, որ առաջվա պես նման անմեղսունակ ձեւով չի ստացվի, եւ փորձում է ինչ-որ վերաիմաստավորել իր գործունեությունը Հայաստանում: Բայց դրան ես մեծ վերապահումներ ունեմ այն պատճառով, որ կարմիր կովը կաշին չի փոխում: Չեկիստներն ընդունակ չեն հորիզոնական հարաբերությունների, նրանց համար գոյություն ունեն կամ թշնամիներ, կամ ագենտներ»:

Ռուբեն Մեհրաբյանն այս իրավիճակում կարեւորեց այն, որ հասարակական շարժում ձեւավորվեց, որը ոչ միայն իր, այլեւ հանրության շահերն է պաշտպանում, եւ դա հաճախ անում է պետության, կառավարման մարմինների անմեղսունակության, անգործունակության ֆոնին: Ըստ փորձագետի՝ այս օրակարգը ոչ միայն ՀԷՑ-ով ու յոթ դրամով պետք է սահմանափակվի, այլեւ ձեւավորի լայն հակակոռուպցիոն շարժում, որ ավգյան ախոռները տոննաներով ախտից մաքրվեն, որոնք կուտակվել են ՌԴ եւ ՀՀ իշխանությունների համատեղ գործունեության արդյունքում:

ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
10.07.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031