8-ամյա Աննա Մկրտչյանը դասի է գնում ուսանողների հետ: Մոսկվայում նա վոկալի դասեր է վերցնում ժամանակակից արվեստի ինստիտուտում:
«Կան դասեր, որ 4-րդ կուրսի ուսանողների հետ է նստում, կան՝ որ առաջին կուրսի»,- «Առավոտի» հետ զրույցում պատմում է Աննայի մայրիկը՝ Մարինե Խաչատրյանը: Երեխայի տաղանդը բացահայտվել է, երբ Աննան հրաժավել է մանկապարտեզ հաճախելուց, եւ որպեսզի երեխան ինչ-որ բանով զբաղվի, ծնողները տարել են մանկական զարգացման կենտրոն՝ երգի խմբակ, որպեսզի եւ լեզվի խնդիրները արագ հաղթահարի, եւ զբաղմունք ունենա:
Աննան մոտ երկու տարեկան է եղել, երբ ընտանիքով տեղափոխվել են Մոսկվա:
«Որպեսզի պարապ չլինի, որոշեցինք տանել մանկապարտեզ, բայց նա հրաժարվեց գնալ՝ ասելով, որ մանկապարտեզը վատ տեղ է, այնտեղ երեխաներին քնեցնում են, ասաց՝ ես հո «դեբիլ» չե՞մ, որ քնեմ»,- ասաց տիկին Մարինեն: Նրա խոսքերով՝ քանի որ երեխայի երկու տարեկանը դեռ լրացած չէր, զարգացման կենտրոնում ուսուցիչները մտավախություն ունեին, չգիտեին՝ ընդունե՞ն Աննային, թե՞ ոչ: Եվ երեխայի ընդունակությունները ստուգելու համար ուսուցիչները հարցնում են, թե ինչ կարող է երեխան երգել:
Կարդացեք նաև
Աննան զարմացնում է կենտրոնի ուսուցիչներին՝ երգելով «Բրեմենյան երաժիշտներից» մի հատված: Ու ընդամենը մեկ շաբաթ անց Աննային ուղարկում են «Ոսկե աշուն» մրցույթին:
«Ելույթը սկսվեց շատ վատ. նախ գնացինք, ու պարզվեց, որ մեկի փոխարեն Աննան 2 երգ պետք է երգի: Բեմ բարձրանալով՝ Աննայի ձեռքից բարձրախոսը թռավ: Չնայած նա առաջին անգամ էր բեմում, բայց դրանից նա ամենեւին էլ վատ չզգաց եւ վերցնելով բարձրախոսը՝ սկսեց երգել այնպես, կարծես ոչինչ էլ չէր եղել»,- պատմեց տիկին Մարինեն: Նրա խոսքերով՝ ելույթից հետո ուղղակի փախել են` մտածելով, որ նույնիսկ տասնյակում չի ընդգրկվի Աննան, բայց մրցույթի ժյուրին զանգել է եւ հայտնել, որ Աննան ոչ միայն հաղթել է, այլեւ հրավեր է ստացել Սանկտ Պետերբուրգում մեկ այլ մրցույթի մասնակցելու: Սանկտ Պետերբուրգի մրցույթում Աննան նույնպես հաղթում է, որից հետո մեկնում է Բուլղարիա: Այս երկրից էլ Աննան վերադառնում է առաջին տեղի մրցանակով, եւ, ինչպես Մարինե Խաչատրյանն է ասում, սկսվում է փոքրիկ Աննայի մեծ բեմելը:
Մայրը պատմում է, որ անընդհատ հաղթանակներ գրանցելով՝ հայ փոքրիկը ազգության խնդիր է ունենում. երաժիշտները, երգահանները ընտանիքին, երեխային առաջարկել են ազգանունը փոխել, սակայն փոքրիկ Աննան ոչ մի կերպ չի համաձայնել՝ պատասխանելով, որ ինքը հայ է ու երբեք չի փոխի իր ազգանունը: Աննան այս օրերին Հայաստանում է: Մայրն ասաց, որ Աննայի ցանկությամբ են եկել Հայաստան: Մոր պատմելով՝ հենց օդանավակայանում բղավել է՝ վերջապես ես Հայաստանում եմ, իմ երկրում:
«Մոսկվայում կամ ինչ-որ քաղաքում լսելով հայերեն լեզուն՝ Աննան մոտենում ու հարցնում էր՝ Դուք հայ ե՞ք, ինչ լավ ա»:
Աննային լսելուց հետո իր ստուդիայում սովորելու առաջարկ է անում հանրահայտ երգչուհի Ալլա Պուգաչովան: Աննան որպեսզի չնեղացնի Պուգաչովային, պատասխանել է, որ ուսուցիչ ունի արդեն:
Սակայն մորն առանձին ասել է, որ «Ալլա Բարիսովնան ծեր է եւ իրականում այն չէ, ինչ որ ինքը պատկերացրել է եւ տեսել է հեռուստացույցով»:
Մոր պատմելով՝ փոքրիկ Աննայի օրը շատ հագեցած է՝ նա ե՛ւ վոկալի դասերի է հաճախում, ե՛ւ դաշնամուրի, ե՛ւ պարի:
«Սիրում եմ ջազ, օպերա, հատկապես «Օպերայի ուրվականը» ստեղծագործությունը: Երգիչներից Մայքլ Ջեքսոնին եմ սիրում, Ուիթնի Հյուսթոնին»,- ասում է Աննան: Նրա ձայնը մասնագետները նմանեցնում են Մայքլ Ջեքսոնի ձայնային տվյալներին: Հայ երգիչների երգացանկից սիրում է Տաթեւիկ Հովհաննիսյանի երգերը:
Մայրը հիշեց մի դեպք, երբ դաշնամուրի պարապմունքների ժամանակ Աննայի վրա ուսուցչուհին բարկացել է՝ ասելով, որ լավ չես կարողանում նվագել, փոքրիկը շատ հանգիստ ուսուցչուհուն պատասխանել է. «Դուք քանի՞ տարեկան եք, նա, թե՝ 65, այ՝ եթե ես էլ 65 տարեկան դառնամ, խոստանում եմ շատ լավ նվագել, նույնիսկ ձեզնից լավ»:
«Հայաստանում ավելի շատ ջուրն ու լավաշն եմ սիրում: Ցանկանում եմ մասնակցել «Մանկական ձայն» մրցույթին, հետո մեծանամ՝ դառնամ հայտնի երգչուհի ամբողջ աշխարհում»:
ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
10.07.2015