Լրահոս
Օրվա լրահոսը

Լրատվություն ըստ նպատակահարմարության աստիճանի

Հուլիս 11,2015 12:30

Արտագնա մրցումներում մեր մարզիկների հաջողություն արձանագրելու դեպքում ավետիսը հազար ու մի խողովակով անմիջապես տեղ է հասնում:
Մյուս դեպքերում ամեն ինչ ընթանում է ըստ սովորական ընթացակարգի:

Մարզական լրատվության օպերատիվությունը հաշվվում է վայրկյաններով, վատթարագույն դեպքում՝ րոպեներով:

Հայաստանի լրատվամիջոցները շահագրգիռ են մեր մարզիկների ցանկացած մրցելույթի արդյունք հնարավորինս արագ մատուցել հասարակությանը, անկախ նրանից՝ դա մեդալի արժե՞ք ունի, թե՞ ձախողում է: Այսօր ինտերնետը դրանց օնլայն հետեւելու հնարավորություն ընձեռում է, մանավանդ, եթե տվյալ մարզական միջոցառումը միջազգային կարեւոր կարգավիճակ ունի: Բայց միշտ չէ, որ լրագրողը կարող է մշտապես ներկա գտնվել տվյալ մրցման ուղիղ ինտերնետային տիրույթում: Մարզական լրագրողները աշխատում են միաժամանակ մի քանի ուղղություններով: Դա, իհարկե, նրանց պարտականությունն է: Սակայն միշտ չէ, որ հնարավոր է միեւնույն ժամանակահատվածում հարցազրույց վարել, մասնակցել ասուլիսի, ներկա գտնվել այս կամ այն մրցմանը ու օնլայն հետեւել աշխարհի այս կամ այն ծայրում մեր մարզիկների մասնակցությամբ մրցումներին: Դրա համար գոյություն ունի լրատվության տարածման կազմակերպում հասկացությունը, որն անհրաժեշտ է թե տվյալ մարզաձեւի պատասխանատուներին, թե մրցմանը մասնակցողներին, թե լրատվամիջոցներին, առավել եւս՝ հայ մարզասերներին:

Բաքվում անցկացված Եվրոպական խաղերի մեկնարկից առաջ ՀԱՕԿ-ը լրատվամիջոցներին բաժանեց մեր մարզիկների մրցելույթների ժամանակացույցը, իսկ այնտեղ գտնվող մեր գործընկեր Կարեն Գիլոյանը հնարավորինս օպերատիվ տեղեկացնում էր մերոնց ցույց տված արդյունքների, կայանալիք իրադարձությունների մասին ու անգամ տեղից որոշ մանրամասներ էր հաղորդում: Այսինքն, արվել էր հնարավոր առավելագույնը՝ մրցումներն ու իրադարձությունները օպերատիվ լուսաբանելու համար:
Հարավային Կորեայում ընթանում են 28- րդ համաշխարհային ուսանողական խաղերը՝ Ունիվերսիադան, որտեղ նույնպես Հայաստանը պատվիրակություն ունի: Բայց ինֆորմացիայի օպերատիվ ձեռքբերման խնդիրներ կան: Նախ, ժամային գոտիների տարբերությունը: Երկրորդ, ակտիվ գործող լրագրողները օրվա ընթացքում անընդհատ վազվզուքի մեջ են ու ինտերնետով Ունիվերսիադայի պաշտոնական կայքում մշտապես գտնվելու հնարավորություն ֆիզիկապես հաճախ չեն ունենում: Ու ամենեւին էլ պարտադիր չէ, որ ամեն օր չեմպիոն տանք, ինչպես եղավ սպորտային մարմնամարզության օղակների վրա վարժությունում ոսկե մեդալալակիր դարձած Արթուր Թովմասյանի պարագայում ու այդ ժամանակ հնարավոր բոլոր օղակները հեղեղենք ավետիսով: Նվաճումն էլ է մերը, միջին մասնակցությունն էլ, ձախողումն էլ: Ու ինֆորմացիայի տարածման առումով ամենեւին էլ էական չէ, թե մեր մարզիկը մրցանակային տե՞ղ է զբաղեցրել, թե՝ ոչ: Հայաստանցի մարզասերը բոլորին էլ հավասարաչափ երկրպագում է եւ բոլորի մասին էլ հավասարաչափ տեղեկատվություն ստանալու իրավունք ունի:

Այս հրապարակումից առաջ զրուցեցինք շահագրգիռ տարբեր անձանց հետ: Տեսակետները թեեւ տարբերվում էին, բայց գրեթե բոլորն էլ համակարծիք էին մի հարցում. անհրաժեշտ է հայ մարզասերի համար ապահովել դրսում ցանկացած մրցման ժամանակ հայաստանի մարզիկների հետ առնչվող հնարավորին չափ առավելագույն ինֆորմացիայի ապահովում, մի բան, որը հատուկ մեզ համար ոչ մի պաշտոնական կայք կամ լրատվամիջոց չի անի:

ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
10.07.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031