Ասում է լուսանկարիչ Գերման Ավագյանը
Բոլորովին վերջերս լուսանկարիչ Գերման Ավագյանը հանդես եկավ իր՝ «Վիզուալ պոեզիա» անվանումը կրող լուսանկարների ցուցահանդեսով: Լուսանկարները պոեզիայի եւ լուսանկարչության յուրահատուկ համադրություն են: Մեր այն հարցին, թե ինչպես ծնվեց նմանատիպ լուսանկարներ անելու միտքը, պրն. Ավագյանը պատասխանեց.
«Ինչպես ասում են, ֆոտոն արդեն պոեզիա է, դեռ 1989 թվականից էի մտածում` ինչպես համադրել լուսանկարչությունը պոեզիայի հետ: Միլիոնավոր մարդիկ գրում եմ բանաստեղծություններ, սակայն միայն մի քանի տասնյակն է դառնում պոետ, նույնն էլ լուսանկարչության դեպքում: Թվում է, թե տարբեր բաներ են. պոեզիան ընկալում են ականջով, իսկ վիզուալ պատկերը՝ աչքերով, սակայն կա մի երրորդ կետ»:
Գերման Ավագյանն ասաց, որ երկար ժամանակ մտածում էր՝ ինչպես հավասար ներկայացնել լուսանկարչությունը եւ պոեզիան, սակայն ձեւը չէր գտնում, նրա խոսքերով, ֆոտոն միշտ մղվում էր երկրորդ պլան:
«Տիգրան Պասկեւիչյանի նկարը արել եմ դեռ 1989 թվականից, երբ միասին աշխատում էինք «Գարուն» ամսագրում: Մի վեց ամիս առաջ կանչեցի, ասացի, որ մի բան գրի. կարդում էի այն ժամանակ ու շատ էի հավանում: Մի որոշ ժամանակ այդպես աչքիս առաջ էր, որից հետո ասացի՝ էս ա, այսպես պետք է ներկայացնեմ վիզուալ պոեզիան»:
Պրն. Ավագյանի ստեղծած շարքի լուսանկարները 15-ն են: Հերոսները՝ իր ընկերները:
«Քանի այս մարդիկ կան, պիտի նկարեմ: Գրող Հովհաննես Մելքոնյանից չտեսնված դիմանկար ունեմ, հիմա նկարը կա, ինքը չկա, այն ժամանակ չէի մտածում նման մի բան անել»:
Կարդացեք նաև
Պրն. Ավագյանը նշեց, որ նմանատիպ արվեստի դրսեւորում դեռ ոչ մի տեղ չի հանդիպել, եւ սա դեռ առաջին փուլն է. նա պատրաստվում է անել նոր լուսանկարներ եւ ստեղծել ֆոտոալբոմ:
Իսկ մեր այն հարցին, թե ինչն էր նրան ոգեշնչել այս շարքը անելու համար, նա հումորով պատասխանեց.
«Քանի որ երեք բանաստեղծություն կա, որտեղ իմ անունը կա, արդեն մտել եմ գրականություն, երկուսը Պասկեւիչյանն է գրել, մեկը՝ Շեկոյանը, ես ինձ պարտավորված էի զգում պոետների նկատմամբ»:
ՍՅՈՒԶԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
10.07.2015