«Մենք պետք է քայլեր ձեռնարկենք, որպեսզի Հայաստանում կուսակցությունների դերակատարումն ավելի մեծանա, կուսակցական համակարգը ուժեղանա, ամրապնդվի»,- այս մասին ՀՀԿ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանը ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Ըստ նրա՝ Սահմանադրական բարեփոխումների երկրորդ նպատակն է, որ ուղղահայաց կառավարման համակարգը իր տեղը զիջի ցանցային հորիզոնական կառավարման համակարգին, «որտեղ ոչ թե մեկ անձի դերն է լինելու վճռորոշ, այլ՝ ժողովրդինը, ի դեմս այն կուսակցությունների, որոնց վստահել է ժողովուրդը»:
Նա ասաց, որ դասական առումով քաղաքական համակարգը միշտ լինում է երկբեւեռ. ընդդիմություն եւ իշխանություն. «Պարզապես մեզ մոտ կար մի պահ, երբ մի ուժ ոչ ընդդիմություն էր, ոչ իշխանություն, որը դասական առումով նոնսենս է: Բազմաթիվ անգամներ նշել եմ, որ դասական առումով Միացյալ Նահանգներից մինչեւ Ավստրալիա քաղաքական ուժերը լինում են կամ ընդդիմություն կամ իշխանություն»:
Անդրադառնալով համամասնական ընտրակարգին անցնելու հնարավորության վերաբերյալ հարցին նա պատասխանեց, որ այս պահին չի կարող մեկնաբանություններ տալ, քանի որ այդ հարցը չեն քննարկել. «Մեծ է գայթակղությունը Ձեզ պատասխանել, բայց սպասեք մի քանի նիստ եւ կներկայացնեմ մեր տեսակետը»:
Կարդացեք նաև
Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆ