«Առաջին անգամ չէ, որ այս կամ այն պատգամավորը խոսում է արագաչափ սարքերի վերաբերյալ: Ինձ համար տարօրինակ է, որ մենք պատգամավորներս չենք կարևորում անվտանգ երթեւեկությունը»,- այս մասին ՀՀԿ ԳՄ նիստից հետո անդրադառնալով այս կիրակի մի շարք վայրերում շարժական արագաչափ սարքերի տեղադրման մասին ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հայտարարությանն, ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Ըստ պարոն Շարմազանովի՝ այդ տեսախցիկները, այդ արագաչափերը նախ եւ առաջ ունեն մեկ նպատակ, որպեսզի կանոնակարգվի երթեւեկության անվտանգությունը: «Եվ երթեւեկության անվտանգությունը ամենակարեւորն է: Բնականաբար, եթե նայենք ցանկություններին՝ շատ քիչ մարդ կլինի, որ կցանկանա հարկ վճարել, տուրք վճարել»:
Նա ավելացրեց, որ ժամանակը ցույց է տվել, որ մենք պետք է սովորենք երթեւեկել օրենքների սահմաններում. «Ինձ համար այս իմաստով տարօրինակ է Ձեր նշած գործչի հայտարարությունը»:
Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆ