«Փայլակ Ֆահրադյանը հրավիրված է եղել մեր կազմակերպած կլոր սեղանին ու հնարավորություն ուներ մասնակցելու և բոլոր հարցերի շուրջ իր տեսակետն արտահայտելու»,-Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով «ԳԱԼԱ»-ի լրագրող Փայլակ Ֆահրադյանի այն կարծիքին, թե ճիշտ կլիներ, որ տեղեկությունը այն մասին, թե իբր Փայլակ Ֆահրադյանն իրեն հունիսի 23-ին պահել է ցուցարարի նման, դրա արժանահավատությունը ճշտեին իրենից, այսպես պատասխանեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը:
Նա գոհունակություն հայտնեց, որ Փայլակն իր ֆեյսբուքյան էջից հանել է այն գրառումը, որն ըստ պարոն Մելիքյանի՝ անհարկի անձնավորում էր այս պատմությունը և քանի որ այնտեղ կային անտեղի վիրավորական արտահայտություններ, ինքն ակնկալում է, որ Փայլակը ներողություն կհայտնի իրենից, ինչը դեռ չի արել: Նշենք, որ Փայլակ Ֆահրադյանն իր այդ գրառման մեջ հորդորել էր պարոն Մելիքյանին բացահայտել այն լրագրողի անունը, որն իրեն նման տեղեկություն էր հայտնել:
Այս առիթով պարոն Մելիքյանն ասաց. «Հիմա, երբ ունեմ աղբյուրի համաձայնությունը, կարող եմ բացահայտել այն: Այդ տեղեկությունը հայտնել էր «Երկիր մեդիայից» Գեղամ Մանուկյանը: Որևէ հիմք նրա ասածին չհավատալու չունեի: Նեղ լրագրողական շրջանակում ես կարող էի այդ հարցը նույնպես արծարծել, դա լուրջ ու կարևոր խնդիր է, որ լրագրողներն էքստրեմալ պայմաններում իրենց պրոֆեսիոնալ պարտականություններով զբաղվեն: Մյուս կողմից հիմք չունեմ չհավատալու, որ Փայլակն այդ օրերին իր պարտականություններով է զբաղվել: Եթե նույնիսկ ինքը ցուցարար լիներ, ոստիկաններից ոչ մեկն իրավունք չուներ նրան ծեծի ենթարկել: Բայց ես գիտեմ, որ Փայլակը որպես լրագրող է ներկայացել և ֆիզիկական բռնության ենթարկվել, ինչը մենք մեր հայտարարության մեջ արձանագրել ենք, որը տարածել էինք այդ իրադարձության օրը»:
Պարոն Մելիքյանը, հիշատակելով Փայլակի այն խոսքերը, թե եթե լրագրողը դուխով է, թող բացահայտի իրեն, ասաց. «Կարծում եմ, որ Գեղամ Մանուկյանի դուխի վրա ամենևին էլ կասկածելու կարիք չկա: Գուցե ինչ-որ պահի Փայլակը տաքացել է և ինչ-որ դրվագում նաև ցուցարար է հանդես եկել: Բայց որ ընդհանուր առմամբ այդ օրերի ընթացքում ինքն իր պրոֆեսիոնալ պարտականություններն է կատարել, ես դրանում չեմ կասկածում»:
Կարդացեք նաև
Աշոտ Մելիքյանը նաև հավելեց, որ կլոր սեղանի ժամանակ ոչ թե հատուկ նպատակ կար այդ հարցը քննարկելու, այլ քննարկվել է նաև այն դեպքը, երբ լրագրողները պաստառներով էին ներկայացել ԱԺ ու այդ համատեքստում նաև քննարկվել է այս թեման:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Հ.Գ Aravot.am-ը երկու կողմերին էլ իրենց կարծիքն արտահայտելու հնարավորություն տվել է, ուստի հուսով ենք, որ մեր հարգելի գործընկերներն իրենց հետագա պարզաբանումները կկատարեն իրար հետ:
Գզեք իրար, իսկականն է, ձեր դեմքն էլ թող տեսնեն մարդիկ, իրար ծախեք, լրագրողներ