Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի այսօրվա նիստի ընթացքում քննարկել են ներքաղաքական ներկուսակցական հարցեր: Անդրադարձ է կատարվել ներքին եւ արտաքին քաղաքական զարգացումներին: Այս մասին նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Նա նշեց, որ նիստը վարող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ներկայացրել է Ռուսաստան իր վերջին այցի մանրամասները: «Խոսել ենք նաեւ սեպտեմբերին սպասվելիք ՏԻՄ ընտրություններից: Ներկուսակցական քննարկումներ են եղել»:
Էդուարդ Շարմազանովն ասաց, որ Ազգային անվտանգության նոր քարտուղարի եւ այլ կադրային հարցեր չեն քննարկվել. «Այս պահին նաեւ որեւէ կոալիցիա կազմելու հարց չի քննարկվել»:
Անդրադառնալով մոտ ապագայում սպասվող սահմանադրական բարեփոխումների հանրաքվեին, Էդուարդ Շարմազանովն ասաց, որ այդ հարցը չեն քննարկել. «Կուսակցությունն այն մարմինը չէ, որ որոշի, թե երբ պետք է նշանակվի Սահմանադրական հանրաքվեի օրը»:
Կարդացեք նաև
Նա ավելացրեց, որ քանի դեռ բարեփոխված սահմանադրության տեքստը պատրաստ չէ, չի հրապարակվել՝ կուսակցությունը քննարկում չի իրականացրել. «Երբ որ լինի տեքստը, բնականաբար մենք քննարկենք եւ մեր դիրքորոշումը կհայտնենք»:
Այն հարցին, թե նիստի ընթացքում արդյոք քննարկվել են օգոստոսից բարձրացող էլեկտրաէներգիայի սակագնի փոխհատուցման աղբյուրները, Էդուարդ Շարմազանովը պատասխանեց, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հայտարարությանը ավելացնելու բան չունի:
Նա նաեւ չմեկնաբանեց Հայաստանի էլեկտրական ցանցերի վաճառքի մասին տեղեկությունները: «Երբ որ լինեն փաստեր, մենք այդ ժամանակ կխոսենք: Խոսակցություններ ես երբեք չեմ մեկնաբանում: Կուսակցությունն այն մարմինը չէ, որ պետք է հերքի կամ հաստատի ՀԷՑ-ի վաճառքը»:
Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆ