«ԳԱԼԱ»-ի լրագրող Փայլակ Ֆահրադյանին վրդովեցրել է այն, որ Խոսքի ազատության պաշպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը ՀՀ-ում ԶԼՄ-ների եւ լրագրողների իրավունքների ոտնահարման թեմայով քննարկմանը հայտարարել էր, թե իրեն որոշ լրագրողներ հայտնել են այն մասին, որ Բաղրամյան պողոտայում հունիսի 23-ին «ԳԱԼԱ»-ի լրագրող Փայլակ Ֆահրադյանն իրեն ցուցարարի պես է պահել:
Aravot.am-ը «ԳԱԼԱ»-ի լրագրող Փայլակ Ֆահրադյանից հետաքրքրվեց՝ ինչի՞ց է վրդովված նրանից, որ իր գործընկերները հայտնել են, թե Բաղրամյանում այդ օրը «ԳԱԼԱ»-ի լրագրողն իրեն ցուցարարի նմա՞ն է պահել, թե՞ որ Աշոտ Մելիքյանն է դա ընդունել որպես ճշմարտություն ու հայտարարել այդ մասին: Փայլակը պատասխանեց. «Ոչ թե վրդովված եմ, որ իմ գործընկերներն են նման բան արել, այլ, որ ապատեղեկատվություն են տարածել, որի իսկությունը չի ճշտվել ինձնից: Նույն հաջողությամբ կարող էին զանգել ու ասել, որ ես այդ օրը ոչ թե ցուցարարի նման եմ ինձ պահել, այլ ասենք բռնաբարություն եմ արել: Լրագրողական պրոֆեսիոնալիզմը խոսում է այն մասին, որ նման դեպքերում պետք է լսել նաև երկրորդ կողմին»:
Փայլակ Ֆահրադյանը համարում է, որ նման վարքագծով անձինք լրագրող կոչվելու իրավունք չունեն:
Մեր հարցին՝ Խոսքի ազատության կոմիտեից իր հետ կապ հաստատե՞լ են, Փայլակ Ֆահրադյանը պատասխանեց. «Հենց այդ օրը, երբ իմ մասին իրենց տեղեկություններ էին հայտնել, պետք է ինձ հետ կապ հաստատեին, ինչը չեն արել: Այդ լրագրողն իրավունք ուներ նման արտահայտություն անելու, բայց պետք է երկրորդ կողմին լսեր: Ինչ ուզեր զանգեր ասեր, բայց կարծում եմ դա բացարձակ ճշմարտություն ընդունել պետք չէր: Ի դեպ, մեծ ուրախությամբ «կծանոթանայի» այդ լրագրողի հետ, ով ինձ ցուցարարի հետ է «շփոթել», երեւի նա էլ ուրախ կլինի ծանոթանալ ինձ հետ»:
Կարդացեք նաև
Լուսանկարը` Փայլակ Ֆահրադյանի ֆեյսբուքյան էջից:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ