Չի բացառվում, որ պայքարի ընթացքում «Ոչ թալանին» խմբի պահանջներն ավելանան: Այս մասին Aravot.am-ին ասաց «Ոչ թալանին» համակարգող խմբի անդամ Սոֆյա Հովսեփյանը, նշելով՝ «Որովհետեւ օր օրի երկրում թալան է լինում, ու շարունակվում է շատ կեղտոտ ձեւով»:
«Ոչ թալանին»-ինը ՀՀ նախագահի՝ ՀԷՑ-ում աուդիտ անցկացնելու հայտարարությանը դրական էր վերաբերում, աուդիտին մասնակից լինելու նախագահի առաջարկին սկզբում եւս դրական արձագանքեց, սակայն հետո տարաձայնություններ եղան. մի մասը՝ կողմ էր, մի մասը՝ դեմ:
Ի՞նչ որոշում ունի ներկայումս խումբը, մեր այս հարցին Սոֆյա Հովսեփյանը վստահեցրեց,՝ «Ոչ թալանին»-ը չի մասնակցելու ՀԷՑ-ում կատարվող աուդիտին»:
Համակարգող խմբի անդամի ներկայացմամբ՝ իրենք հայտարարել էին, որ դեռ չգիտեն՝ աուդիտին կմասնակցե՞ն, թե՞ ոչ. «Չգիտենալը ոչ թե ինքնանպատակ էր, այլ մենք մասնագետներ չենք, եւ չգիտեինք, թե մասնակցությունն ինչ կտար: Եթե մասնագետ չենք, ու «Ոչ թալանին» խմբի տղաներին է թույլ տրվում մասնակցել աուդիտին, ասենք տղաները գնացին, ի՞նչ են անելու: Մենք ընկանք դռնից՝ դուռ, ու սկսեցինք տնտեսագետների, էներգետիկների, իրավաբանների հետ քննարկել, նրանց ու նաեւ հանրության կարծիքը հարցնելով, պարզեցինք, բոլորի պատասխանն է՝ եթե աուդիտը բազմաշերտ չլինի, ապա այն անիմաստ երեւույթ է»:
Կարդացեք նաև
Սոֆյա Հովսեփյանը նաեւ վստահեցրեց, որ խումբն ունի ՀԷՑ-ում կատարված 2 տարվա աուդիտի տվյալները, որոնք առայժմ չեն ուզում հրապարակել, բայց ըստ այդ աուդիտ՝ ՀԷՑ-ի վիճակը 2 տարի ծանր է եղել, եւ եթե այդ աուդիտից հետո ոչինչ չի փոխվել, ապա ի՞նչ իմաստ ունի նորից ֆինանսական աուդիտ անել ու կրկին փող ծախսել:
Մեր այն հարցին՝ գուցե իրենց նշած մասնագետներն իրենց հետ կամ իրենց փոխարեն մասնակցեն աուդիտին, Սոֆյա Հովսեփյանը պատասխանեց. «Ես ինքս դրսի մասնագետների հետ եմ խոսել: Զանգել ու խոսել եմ մասնագետի հետ, որն աուդիտ էր արել, նա ասաց, որ մենք աուդիտի գործընթացի ժամանակ ներսում լինել չենք կարող, մասնագետները թվերի, թվաբանության մեջ աշխատում են, մենք լինելու ենք երեւի կողքի սենյակում, դրսում, ու նրանք դուրս են գալու՝ տվյալներն ասեն: Եվ հիմա ի՞նչ տարբերություն՝ մենք ենք, թե մեր ուղարկած մասնագետները»: Սոֆյայի դիտարկմամբ, իրենց մասնակցությունը ոչինչ չի փոխի, եւ չեն կարող վերահսկել աուդիտի գործընթացը:
«Ոչ թալանին» նախաձեռնության 3 պահանջներն են՝
1. Վերանայել եւ չեղյալ հայտարարել ՀԾԿՀ-ի կողմից ապօրինի կայացրած հոսանքի սակագնի որոշումը:
2. Վերանայել անցած տարվա սակագինը նվազեցման նպատակով:
3. Պատժել բոլոր այն կարգազանց ոստիկաններին, ովքեր անօրինական կերպով Բաղրամյան պողոտայում ծեծի ենթարկեցին խաղաղ ցուցարարներին: Ինչպես նաեւ պատժել նրանց անօրինական հրաման տվողներին:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
եւ մանաւա՛նդ՝
4. Կոնֆետներ բաժնել բոլոր ցուցարարներին: