«Մարդիկ վիզաների միավորված կենտրոն առավոտյան մտնում են, կեսօրին` նոր միայն դուրս գալիս: Մեծ հերթեր են գոյանում, մարդիկ նյարդայնանում են, բայց կարծես թե կենտրոնը բացվել է քաղաքացիների սպասարկումը պիկ սեզոնին հեշտացնելու նպատակով»,-Aravot.am-ի հետ զրույցում իր դժգոհությունը ներկայացրեց տուրընկերություններից մեկի ղեկավարը, որի հաճախորդները Հունաստանում, Իսպանիայում, Լիտվայում հանգստանալու նպատակով վիզա ստանալու համար դիմել են վերջերս մեր երկրում բացված «Միավորված վիզաների դիմումների կենտրոն»:
Կենտրոնը, որը համագործակցում է եվրոպական մի քանի երկրների դեսպանատների հետ՝ քաղաքացիներին ընդունում է, նրանցից մատնահետք ու փաստաթղթեր վերցնում, անհրաժեշտության դեպքում` մատուցում է նաեւ փաստաթղթերի լրացման ծառայություն:
Տուրընկերությունների ղեկավարների համոզմամբ, հենց այս ծառայության առկայությունն էլ հանդիսանում է մեծ հերթերի պատճառը: Նրանց խոսքերով, ամեն փաստաթուղթը լրացնելու վրա ժամանակ է ծախսվում: Բացի այդ, նոր կարգի համաձայն՝ մեկնողն անձամբ պետք է ներկա գտնվի, քանի որ նրանից մատնահետք է վերցվում:
Մեկ այլ տուրընկերության տնօրենի կարծիքով էլ, կենտրոնը բացվել է, սակայն աշխատակիցները բավարար փորձառություն չունեն, քանի որ տուրիստներից ոչ բոլոր անհրաժեշտ փաստաթղթերն են պահանջում, սակայն հետո պարզվում է, որ այդ փաստաթուղթն էլ էր պետք:
«Պատահել է, որ մեր «փորձառու» զբոսաշրջիկներից այս կամ այն թուղթը չեն ուզել, բայց նրա հուշումից հետո` ասել են, որ իսկապես պետք է: Այսինքն, եթե մարդն այդ գործում գիտակ չլինի, եւ առաջնորդվի նրանց ասածով՝ հնարավոր է դեսպանատունը մերժի տվյալ քաղաքացուն` փաստաթղթերի ցանկը թերի լինելու պատրվակով»,-նկատում է մեր զրուցակիցը:
Կարդացեք նաև
Բացի այդ, տուրընկերությունների ղեկավարները մատնանշում էին կենտրոնի սպասարկող անձնակազմի փոքրաթիվ լինելու խնդիրը. «Գոնե աշխատակիցների թիվն ավելացնեն, որպեսզի մարդկանց արագ սպասարկեն: Ով չգիտի, որ տուրիստական ընկերությունները նաև մատուցում են փաստաթղթերի լրացման ծառայություն, գնում են կենտրոնում իրենց թղթերը լրացնելու, սակայն այդ գործընթացը կենտրոնում երկար է տեւում, քանի որ դրա համար ժամանակ է պահանջվում, եւ առաջանում են մեծ հերթեր»:
Մեզ մոտ, այն դեսպանատները, որոնք միացել են այս վիզային կենտրոնին, քաղաքացիներին այլեւս չեն ընդունում, սակայն այլ երկրներում, որտեղ նույնպես կան նման վիզային կենտրոններ, քաղաքացիները հնարավորություն ունեն ե’ւ դեսպանատուն եւ վիզային կենտրոն դիմելու, այսինքն` քաղաքացու ընտրությամբ:
Տուրօպերատորները կարծում են, որ գոնե զբոսաշրջային ընկերությունների համար որոշ արտոնություններ պետք է սահմանվեն, ինչպես որ այլ երկրներում է:
Նշենք, որ այս կենտրոնին դեռեւս չեն միացել Հայաստանում Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի դեսպանատները:
Ինչ վերաբերում է շենգեն վիզայի ընթացակարգերի դյուրացմանն, ապա տուրօպերատորները փաստում են, որ, ոչ մի դյուրացում էլ չի եղել, ընդհակառակը` եվրոպական դեսպանատները սկսել են այնպիսի փաստաթղթեր պահանջել, որ մինչ այդ չէր եղել, օրինակ վերջին վեց ամսվա բանկային հաշիվների շարժը: Խստացումներն իրենց կաշվի վրա զբոսաշրջային ընկերությունները հատկապես նկատել են Եվրասիական տնտեսական միությանը միանալուց հետո:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ