Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի և նրա ուղեկցի նկատմամբ մահափորձ իրականացնելու մեջ մեղադրվող Արա Բուդաղյանի փաստաբան Հայկ Ալումյանը բողոքարկել է իր պաշտպանյալի նկատմամբ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի՝ կալանքի որոշումը:
«Վերաքննիչ դատարանը պետք է դատական նիստի օր նշանակի, ու մենք ներկայանանք»,- Aravot.am-ին ասաց փաստաբանը:
Նա կրկին պնդեց, որ Արա Բուդաղյանի կալանքն անհիմն է: Ըստ նրա, այն զենքը, որ գտել են Բուդաղյանների տանը, այդ մասով անգամ մեղադրանք չկա, որովհետև դա օրինական զենք է և մահափորձի հետ որևէ կապ չունի. «Այդ զենքը դեր չի խաղացել, մեղադրանքի տեսանկյունից այդ զենքը բոլորին հայտնի է եղել, ավելին՝ 2013 թվականին հունիսի մեկի հայտնի դեպքից հետո այդ զենքն առգրավված է եղել ու մոտ վեց ամիս հետո վարույթ իրականացնող մարմինը վերադարձրել է: Դա այն զենքն է, որի վերաբերյալ խնդիրներ Արա Բուդաղյանի նկատմամբ չկան»:
Կարդացեք նաև
Փաստաբանը հույս ունի, որ ինչպես Արտակ Բուդաղյանի հարցաքննությունից հետո հասկացան, որ նա որեւէ կապ չի կարող ունենալ կատարվածի հետ, այնպես էլ Արա Բուդաղյանի դեպքում կլինի:
Պարոն Ալումյանը մեղադրանքի ուղղորդումը Բուդաղյանների ընտանիք, կապում է 2013 թվականի հունիսի մեկի հայտնի դեպքի հետ. «Ավելի ու ավելի շատ եմ սկսում մտածել, որ այս ձեւով Արա Բուդաղյանին մտցնելով այդ խմբի մեջ, արհեստականորեն կապելով այդ խմբի հետ, որոնց մեղքը չեմ ուզում քննարկել, ցանկացած խումբ կամ անհատ, որ կբացահայտվի այս գործով, փորձելու են Արա Բուդաղյանին էլ կապել, հիմա այդպիսի ալգորիթմով են գործում:
Մեղադրյալների անմեղությունը կասկածի տակ չեմ դնում, բայց առավել եւս Արա Բուդաղյանի՝ որեւէ կապը այդ մարդկանց հետ: Շատ մեծ հարցական է, այդ մարդիկ են իրականացրել, թե այդ գործում նրանց խառնել են, թե՞ քննիչների սխալն է: Չեմ ուզում գնահատական տալ, բայց կարծում եմ՝ ով էլ մեղադրվեր այդ գործում, ինչ-որ մարդկանց մոտ կա ցանկություն նրանց հետ Արա Բուդաղյանին էլ կապել, ներքաշել»:
Փաստաբանը, փակագծերը դեռ չի բացում, իսկ մեր հարցին, թե Արա Բուդաղյանին որպես մեղադրյալ այս գործում ներգրավելով, Արտակ Բուդաղյանի գործով դատական նիստերի վրա ճնշումներ կլինե՞ն, նա շարունակեց. «Կան մարդիկ, որոնց ձեռնտու է, որ մոռանանք մեր այն գործն ու մեր գլուխը զբաղված լինի այս գործով, մտքերով լինենք այս գործի հետ»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ