Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Մարտիրոսյան. «Մենք ամնեզիա ենք ապրել, մենք մոռացել ենք մեր ազգային երաժշտությունը»

Հուլիս 10,2015 17:20

2014 թվականին «Մշակութային վերածնունդ» հիմնադրամը նախաձեռնեց «Հայկական ազգային երաժշտական գանձարան» մշակութային նախագիծը, որի նպատակն էր վերադարձնել հայ ժողովրդին իր ազգային ժառանգությունը: Ծրագրի շրջանակներում ձայնագրվել են կոմիտասյան չափանիշներով ընտրված ավելի քան 500 ժողովրդական, հոգեւոր, գործիքային երաժշտության նմուշներ, ինչպես նաեւ աշուղական երգեր:

Ծրագրի գլխավոր երաժշտական խմբագիր Արթուր Շահնազարյանը այսօր ասուլիսի ընթացքում ներկայացրեց ծրագրի իրականացման փուլերը.

«Առաջին փուլում կազմեցինք երգերի ցանկը, որն ընդգրկում էր Արեւմտյան եւ Արեւելյան Հայաստանի շրջանների տարբեր ժանրերի ժողովրդական երգեր՝ սիրո, բնության, հարսանեկան, պարերգեր եւ այլն: Այդ 500 նմուշների համար գրվեցին մեկնաբանություններ: Ընտրեցինք 5-15-րդ դարերի հոգեւոր երգեր՝ շարականներ, տաղեր եւ այլն: Հետո հայտարարեցինք ընտրական փուլ երգիչների համար, ընտրեցինք ու սկսեցինք սովորեցնել նրանց»:

Պրն. Շահնազարյանի խոսքերով, սովորեցնելուն զուգահեռ սկսվեց ձայնագրման գործընթացը: Կազմվեց արական «Զարկ» երգչախումբը:

Ծրագրի հաջորդ փուլը ընդգրկել է հրատարակության եւ նոտագրության գործընթացը:

«Մենք նորից նոտագրեցինք երգերը ժամանակակից չափանիշներին համապատասխան, թվայնացրինք, ամբողջը խմբագրեցինք համացանցում տեղադրելու համար՝ երգը, մեկնաբանությունը, նոտաները, ինչպես նաեւ լատինատառ տարբերակը օտարերկրացիների համար»:

Ծրագրի շրջանակներում նոտագրվել են Կոմիտասի լավագույն խմբերգերը, ինչպես նաեւ եկեղեցական ծիսակարգերի «Ժամագիրքը»՝ բաղկացած 800 էջից, կոմպոզիտոր Մակար Եկմալյանի պատարագը, Կոմիտասի «Հազար ու մի խաղ»-ը, որն իրենից ներկայացնում է 1903 թվականին Կոմիտասի կողմից ընտրված 100 երգ՝ հայ ժողովրդին ու աշխարհին ներկայացնելու համար: Կոմիտասը գումար չունենալու պատճառով կարողացել էր հրատարակել միայն բառերը:

«Եթե այս գիրքը յուրաքանչյուր հայ ունենա, կարող է ասել, որ սա է հայ երաժշտությունը. Կոմիտասի ձեռքով ընտրված 100 երգ, որը համարվում է Արեւելյան եւ Արեւմտյան Հայաստանի ամբողջ ժառանգության ադամանդը»,- ասաց Արթուր Շահնազարյանը:

Նախագծի երաժշտական պրոդյուսեր Արմեն Մարտիրոսյանը ասուլիսի ընթացքում նշեց.

«Այս երաժշտական ժառանգությունը սրբված էր մեր հիշողությունից, մենք ամնեզիա ենք ապրել եւ ապրում ենք, մենք մոռացել ենք մեր ազգային երաժշտությունը, եւ պետք էր դա արթնացնել»:

«Մշակութային վերածնունդ» հիմնադրամի տնօրեն Մարինա Սուլթանյանն էլ ասաց, որ ծրագրի շրջանակներում ստեղծվել է հայկական զարդաքանդակներով պատրաստված ոսկեզօծ մի սարք, որտեղ ներբեռնված է լինելու ամբողջ երաժշտական բազան.

«Մենք այդ գեղեցիկ սարքը պետք է նվիրաբերենք թե՛ մեր երկրի, թե՛ արտասահմանյան կարեւորագույն գիտական կառույցներին (Մատենադարան, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, ՄԱԿ-ի թանգարաններ, Հռոմի Պապի նստավայր), որպեսզի աշխարհին եւ հանրությանը հասանելի դարձնենք մեր երաժշտությունը, եւ իրականում սա է լինելու այն իրեղեն ապացույցը, որ, այո, սա պատկանում է մեզ»:

Արմեն Մարտիրոսյանը հավելեց, որ թեպետ ձայնագրման, երաժշտական արտադրության բուն գործընթացը ավարտված է, www.armenianmusic.am պորտալը նոր է, եւ երգերը դեռ ներբեռնման ընթացքի մեջ են: Պորտալում հնարավոր է գտնել ձայնագրված բոլոր երգերը ներբեռնելու հնարավորությամբ, նոտաները եւ բառերը, երգի վերաբերյալ համառոտ մեկնաբանություն, ինչպես նաեւ յուրաքանչյուր երգի համար նախատեսված իլուստրացիա:

Սյուզի ՄՈՒՐԱԴՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031