ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Մասնագիտական կողմնորոշման մեթոդական կենտրոն» ՊՈԱԿ-ը 2015թ. առաջին կիսամյակում ընտրանքային դպրոցներում, քոլեջներում, բուհերում, համալիր սոցիալական ծառայությունների և «Զբաղվածության պետական գործակալության» տարածքային կենտրոններում մասնագիտական կողմնորոշման և կարիերայի խորհրդատվություն իրականացնելու նպատակով վերապատրաստում են անցել ոլորտի ավելի քան 130 մասնագետ՝ Երևանում և հանրապետության մարզերում, իրազեկման սեմինարներին մասնակցել է 120-ից ավելի պատասխանատու: Զուգահեռ, շարունակվել են դեռ 2013 թվականից մեկնարկած մեթոդական նյութերի մշակման աշխատանքները:
2015 թվականը առանձնահատուկ է նրանով, որ արդեն շոշափելի են 2013-2014թթ. մշակված մեթոդաբանության, դրանց հիման վրա իրականացված վերապատրաստման արդյունքները: Երևանի թվով 40, Գորիսի թվով 10, Կապանի թվով 10, Վանաձորի թվով 10, Գյումրիի թվով 10, Արմավիրի մարզի թվով 10 գյուղական համայնքների դպրոցներում ներկայումս իրականացվում են մասնագիտական կողմնորոշման ծառայություններ, մասնագետներն ունեն տարեկան ծրագիր և աշխատանքի ընթացքում պարբերաբար ստանում են մասնագիտական խորհրդատվություն և տեղեկատվություն: Եղեգնաձորի (թվով 5), Արարատի մարզի (թվով 5), Սևան քաղաքի և մոտակա գյուղերի թվով 10 դպրոցներում ևս կան վերապատրաստված 2-ական մասնագետ, սակայն նրանք դեռ նոր են սկսում պլանավորել իրենց աշխատանքն այս ուղղությամբ:
Մասնագիտական կողմնորոշման և կարիերայի ծառայությունների մատուցման հաջորդ օղակում՝ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում ևս զգալի են փոփոխությունները: Ընտրված թվով 22 քոլեջներում (10-մարզերում, 12-ը Երևանում) արդեն գործում են կարիերայի ստորաբաժանումներ և/կամ համապատասխան ծառայություն իրականացնող՝ վերապատրաստված մասնագետներ: Գրեթե բոլոր հաստատություններն ունեն կարիերայի ծառայությունների իրականացման տարեկան աշխատանքային ծրագիր, որը համաձայնեցված է տնօրենի հետ և հաստատված կառավարման խորհրդի կողմից:
2015թ. Կենտրոնի հետ համագործակցության ցանցում ընդգրկվել են նաև Հայաստանի թվով 10-ը բուհեր, որոնց կարիերայի կենտրոնների պատասխանատուները 40-ժամյա վերապատրաստում են անցել Կենտրոնում՝ «Բուհերում կարիերայի ուղղորդման աշխատանքները» թեմայով: Վերապատրաստման բոլոր դասընթացներն անցկացվել են լսարանային և գործնական (որոշ դեպքերում նաև աշխատավայրերում, անհատական) ինտերակտիվ մեթոդներով, հագեցած` հետաքրքիր և կառուցողական քննարկումներով:
Կենտրոնի կողմից վերապատրաստման դասընթացներ անցած բոլոր մասնագետները ստացել են մասնակցության հավաստագիր:
Մասնագիտական կողմնորոշման մեթոդական կենտրոնի գործունեությունը բխում է ՀՀ կառավարության 2012 թվականի հոկտեմբերի 4-ի թիվ 40 արձանագրային որոշմամբ հավանության արժանացած «Հայաստանի Հանրապետության մասնագիտական կողմնորոշման զարգացման հայեցակարգի» պահանջներից: Կենտրոնի կողմից իրականացվող ծառայություններն ուղղված են հանրապետությունում ողջ կյանքի ընթացքում անձի մասնագիտական կողմնորոշման գործուն համակարգի ներդրմանն ու զարգացմանը:
Կենտրոնի հիմնական թիրախը մասնագիտական կողմնորոշման համակարգի կառույցներն են, որոնք են՝ հանրակրթության, մասնագիտական և բուհական կրթության հաստատությունները, համալիր սոցիալական ծառայությունների և «Զբաղվածության պետական գործակալության» տարածքային կենտրոնները: Հիմնական շահառուներն են նշված կառույցների համապատասխան մասնագետները:
Կենտրոնի կողմից մշակվող մեթոդաբանության և իրականացվող ծառայությունների արդյունքում ակնկալվում է ողջ կյանքի ընթացքում տարիքային տարբեր խմբերում և սոցիալ-աշխատանքային տարբեր իրավիճակներում գտնվող անձանց մասնագիտության արդյունավետ ընտրության, փոփոխության և կարիերայի շարունակական զարգացման հնարավորությունների ապահովում` նկատի ունենալով մարդու անձնային հատկանիշները, ինչպես նաև աշխատաշուկայի պահանջարկի փոփոխվող իրավիճակը:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին