Հուլիսի 13-ին կայանալիք Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նիստում կհաստատվեն Սահմանադրության նախագծի հիմնական` 1-ից 7-րդ գլուխները և մինչև հունիսի 15-ը կհրապարակվեն: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց ՍԴ բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը:
Նա տեղեկացրեց, որ այսօր տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նիստը, որի ընթացքում քննարկվել են Սահմանադրության 4-ից 7-րդ գլուխների մասին Վենետիկի հանձնաժողովի փորձագետների հետ քննարկումների արդյունքները և նույն փորձագետների առաջարկությունների հիման վրա հայտարարություն է ընդունվել:
Սահմանադրության նախագծի հիմնական գլուխները 7-ն են լինելու, իսկ մնացած հատվածը լինելու են բաժիններ տարբեր ոլորտների վերաբերյալ: Իսկ այսօրվա նիստում ընդունված հայտարարությունը, ըստ Ղազինյանի, վերաբերում էր առաջիկայում կազմակերպվելիք հանրային քննարկումներին:
«Սահմանադրության հիմնական մասը հրապարակելուց հետո մենք ընդունելու ենք առաջարկություններ, այսինքն, սկսում ենք հանրային քննարկումներ այդ գլուխների վերաբերյալ», ասաց Ղազինյանը: Քննարկման դրվելիք Սահմանադրության նախագիծը դարձյալ կարող է փոփոխության ենթարկվել, եթե ընդունելի առաջարկներ ներկայացվեն:
Կարդացեք նաև
Քննարկումների փուլը, ըստ հանձնաժողովի անդամի, կավարտվի մինչև հուլիսի վերջ, կներկայացվի հանրապետության նախագահին և եթե նախագահը հաստատեց, օգոստոսին միայն կներկայացվի Ազգային ժողովին:
«Իսկ թե ինչքան կտևի Ազգային ժողովում քննարկումները նախագծի շուրջ, չեմ կարող ասել: Երբ Ազգային ժողովը ընդունեց նախագիծը, նոր միայն կնշանակվի հանրաքվեի օր: Թե երբ կնշանակվի, չեմ կարող ասել: Մասնագիտական հանձնաժողովը այդ փուլի համար պատասխանատու չէ», -նկատեց Ղազինյանը:
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում