Լրահոս
Օրվա լրահոսը

Սիլիկյան թաղամասում որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

Հուլիս 10,2015 16:01

ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Սիլիկյան թաղամասում զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով: Երեք անձ ձերբակալվել է։

Հուլիսի 9-ին` ժամը 14:30-ին, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել Սիլիկյան թաղամասի բնակչուհուց, որ համագյուղացի Կառլեն Մարտիրոսյանն իրենց տան բակում փայտով հարվածել է իրեն և պատճառել ֆիզիկական ցավ, որից հետո Կ.Մարտիրոսյանը, Հրանտ, Հրաչ, Աշոտ  Մարտիրոսյանները հետապնդել են իր անչափահաս որդուն, հայհոյել, երկաթյա և փայտյա մահակներով դիտավորությամբ վնասել իր ավտոմեքենան։

Ահազանգի հիման վրա նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ և ձեռնարկվել անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ դեպքի հանգամանքների բազմակողմանի և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։

Նախնական քննության արդյունքներով՝ 2015թ. հուլիսի 9-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Սիլիկյան թաղամասի բնակիչներ Աշոտ, Հրաչյա, Հրանտ Կառլենի Մարտիրոսյանները և Կառլեն Հրաչյայի Մարտիրոսյանը, հասարակության անդամների նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով, հասարակական վայրում վարքագծի կանոնները ցուցադրական կերպով անտեսելով, սեփական անձի առավելությունն ընդգծելու մոլուցքով տարված, Երևան քաղաքի Սիլիկյան 3-րդ թաղամասի տներից մեկի  բակում շուրջ 20 րոպե տևողությամբ հնչեցրել են հայհոյանքներ, որպես զենք օգտագործվող մահակով հարվածել նույն տան բնակչուհի Մարինա Ավետիսյանի որովայնին, ապա մահակով հարվածել վերջինիս անչափահաս որդու կողմից վարվող «ՎԱԶ 2109» մակնիշի ավտոմեքենայի դիմապակուն։

Քննությամբ պարզվել է, որ անչափահաս տղան ավտոմեքենայով փորձել է դիմել փախուստի, ում  հետապնդել են,  կանգնեցրել ավտոմեքենան և մահակներով դիտավորությամբ հարվածել ավտոմեքենային։

Ձեռնարկված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել է կատարված հանցագործության շարժառիթը: Շարունակվում է քննություն իրականացնել՝ մասնակիցներից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու և համապատասխան իրավական գնահատական տալու ուղղությամբ։

Քրեական գործի շրջանակներում հուլիսի 9-ին երեք անձ՝ Աշոտ, Հրաչյա և Հրանտ  Կառլենի Մարտիրոսյանները ձերբակալվել են:

10.07.2015թ. որոշում է կայացվել՝ Կարլեն Հրաչյայի Մարտիրոսյանին ձերբակալելու մասին, որի կատարումը հանձնարարվել է ոստիկանության Մաշտոցի բաժնի աշխատակիցներին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի
տեղեկատվության և հասարակայնության հետ
 կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031