«Երաժշտությունը գաղտնի մետաֆիզիկական վարժություն է, որ կարող է գոյություն ունենալ, եթե անգամ աշխարհը չլինի»
Արթուր Շոպենհաուեր
Իդեալիստ փիլիսոփայի բնութագրած միստիկ աշխարհում` երաժշտության մեջ, յուրաքանչյուր կատարող իր զգացմունքները, վարպետությունն ու ինտելեկտն արտահայտելու յուրովի դրսևորումն ունի: Բաղձալի արդյունքին՝ գեղագիտական հաճույք պատճառելուն, երաժշտին հաջողվում է հասնել շնորհիվ բնության շնորհած տաղանդի, աշխատասիրության ու նեղ մասնագիտական հմտություններին տիրապետելուն: Բայց դիրիժորները. կարծես թե այլ է նրանց մենաշնորհն ու առաքելությունը երաժշտության մեջ…
Մարդուն հետաքրքրել ու միշտ կհետաքրքրեն այն երևույթները, որոնք անբացատրելի են. դա նրա էությունից է բխում: Մարդն անտարբեր է պարզ ու հասարակ (առաջին հայացքից այդպես թվացող), իրերի ու երևույթների նկատմամբ. մի խորհրդավոր բան պիտի լինի ,որ նա սկսի ուսումնասիրել,բացահայտել, մոռանալով կամ, գուցե հաշվի չառնելով, որ հաճախ ամենապարզն իր մեջ բովանդակալից գաղտնի տողեր կարող է ունենալ…
Կարդացեք նաև
Անբացատրելի է նաև երաժշտությունը և դրա չափազանց ազդեցիկ լինելը: Իր մագնիսականությամբ այն դեպի իրեն բազում մարդկանց է ձգում, իսկ կայացած երաժիշտներին` բացառիկ անհատականություն դարձնում: Չկա բառ կամ արտահայտություն, որով կբացատրվի այն զորեղ ուժը, որի շնորհիվ դիրիժորները ներգործուն են դարձնում մատուցած երաժշտական կտավը: Դիրիժորն այն երաժիշտն է, ով իր էնեգերտիկ դաշտով հավաքագրում է նվագախմբի երաժիշտների էներգիաներն ու էմոցիաները:
Վարպետ դիրիժոր դառնալու համար (maestro) պրոֆեսիոնալ երաժիշտ լինելուց բացի՝ հարկավոր է բազում գիտություններ ու փիլիսոփայություն ուսումնասիրել, որովհետև maestro-ի ղեկավարած ստեղծագործության առաջին վայրկյանից մինչև վերջինը ունկնդիրը ներքաշվում է նրա ստեղծած մոլորակը,ուր իր հոգին սկսում է բյուրեղանալ ու ձգտել կատարելության. ունկնդրի հոգին պարուրվելով երանի ապրումներով, կորցնում է տարածության ու ժամանակի զգացողությունը,տիեզերական անսահմանությունը նրան շոշափելի է թվում (նա մի պահ մոռանում է, որ երբեք չի կարող կատարյալ դառնալ, ինչպես ժայռից պոկված բեկորը երբեք ժայռ չի դառնում): Սրանք այն անբացատրելի վայրկյաններն են,որոնց վրա մարդկային ճակատագրեր են կառուցվել ու կառուցվում:
…Դիրիժորի առաքելությունը բարձրորակ այն երաժշտությունը մատուցելն է, որի հնչյունների ներքո մարդը կկարողանա վեհ գաղափարների շուրջ խորհել: Այդ անզուգական պահերին ես հասկանում, որ կյանքը ձանձրալի, անիմաստ կլիներ առանց երաժշտության: Կարծում եմ չէր էլ լինի, այն է` կյանքին իմաստ հաղորդողն ու նրա ռիթմն ապահովողը: Այս զգացմունքները պետք է պարուրեն ամենքին, այլ ոչ միայն արվեստի ներկայացուցիչներին: Պարտադիր է երաժշտության չքնաղ աշխարհին ընդառաջ գնալը. այն կօգնի այլ՝ ավելի խորաթափանց աչքերով նայել կյանքին ու նրա առաջադրած բազում հարցադրումներին, փորձելով դրանց պատասխանները գտնելուն: Պատահական չէ,որ Ֆրիդրիխ Նիցշեն գրել է. «Կյանքը սխալմունք կլիներ առանց երաժշտության»:
Նելլի Գասպարյան
Երաժշտական արվեստի մագիստրոս