Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Վահագն Խաչատրյան. «ԵՏՄ-ի օգուտը ո՞րն է, որ հայ արտահանողը Ռուսաստանի սահմանին պիտի օրեր շարունակ սպասի»

Հուլիս 10,2015 15:08

«Ապրանքաշրջանառությունը Հայաստանի և Ռուսաստանի միջև. խնդիրներ և հեռանկարներ» թեմայով «Մեդիա կենտրոնում» անցկացվող տեսակամուրջի ընթացքում՝ հայ և ռուս փորձագետների դիտարկումներն այն հարցի վերաբերյալ, թե արդյոք ՀՀ-ի` ԵՏՄ անդամակցությունը դրական ազդեցությո՞ւն է ունեցել ՀՀ-ՌԴ ապրանքաշրջանառության վրա, հակասում էին միմյանց: Ռուս փորձագետները պնդում էին, որ ապրանքաշրջանառությունը զգալիորեն աճել է, հայերը, թե առանձնապես նկատելի չէ ԵՏՄ մուտք գործելու դրական ազդեցությունը:

Ռուսական կողմի ներկայացուցիչները վստահեցրին, որ հայկական ապրանքները չպետք է լինեն բելառուսականների նման. ռուսական շուկայում դրանք պետք է զբաղեցնեն բացառիկ ապրանքատեսակների տեղը:

Ռուս փորձագետներն անընդհատ հիշեցնում էին, որ Հայաստանը գտնվում է կիսապատերազմական վիճակում և ՌԴ-ի հետ առևտրային հարաբերություններն անհրաժեշտ են Հայաստանին:

ՌԴ ԳԱԱ Տնտեսագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող Արտյոմ Պիլինը նշեց. «Հայաստանից արտահանումը Ռուսաստան վերջին տարվա ընթացքում աճել է երկու անգամ: Դա խոսուն ցուցանիշ է նաև ապրանքաշրջանառության տեսանկյունից»:

Հայաստանի արտահանողների միության նախագահ Րաֆֆի Մխչյանը, ի հակադրություն ռուսական կողմից դրական միտումներ ներկայացնելուն, նշեց այն խնդիրները, որոնց բախվում են արտահանողները. «Լարսում մեքենա արտահանող վարորդները բազում խնդիրներ են ունենում. քաշքշուկ, ձգձգումներ: Արդյոք մենք այդ միության անդամ չե՞նք, ինչո՞ւ պետք է ժամերով այնտեղ խցանումների մեջ մնանք, ավելորդ գումարներ ծախսենք: ՌԴ իշխանությունները պետք է լուրջ ուշադրություն դարձնեն հայ արտահանողների խնդիրների վրա»: Նշենք նաև, որ ինչպես խոստացվել էր՝ Լարսում պետք է կանաչ գոտի բացվեր հայ արտահանողների համար, սակայն մինչև այժմ այդ գոտին չի գործում:

Պարոն Մխչյանը վրդովվեց, թե արտահանման համար նույն գումարներն ենք այժմ ծախսում, ինչ նախկինում, ուստի ի՞նչ տարբերություն` ԵՏՄ-ում ենք, թե` ոչ: ՌԴ-ում Հայաստանի առևտրային ներկայացուցիչ Կարեն Ասոյանը ի պատասխան նշեց. «Դա խոշոր հաշվով ԵՏՄ-ի խնդիրը չէ: ԵՏՄ-ն, ինչպես այլ տնտեսական միություններ, իհարկե, տնտեսական նպատակներից բացի ունի քաղաքական նշանակություն: Այդ միության հիմնական նպատակներից է խաղաղություն հաստատելը Հարավային Կովկասում, իսկ երաշխավորը կարող է լինել հենց Հայաստանը:

Տնտեսագետ Վահագն Խաչատրյանը ևս կարծիք հայտնեց, թե ՀՀ-ի համար տարբերություն չկա` մենք ԵՏՄ-ում ենք, թե` ոչ. «Ոչինչ էլ չի փոխվել. նորից գյուղմթերք ենք արտահանում, կոնյակ: Չգիտեմ էլ, թե ինչ առավելություն է ԵվրԱզԷսը տալու Հայաստանին: Բայց ներկայումս լուրջ խնդիրներ կան: Օրինակ` ինչո՞ւ պիտի հայ արտահանողը ստիպված լինի օրեր շարունակ կանգնած լինել ՌԴ սահմանին , որ ծիրան արտահանի: Այդ դեպքում ապրանքը կորցնում է նաև իր տեսքը, որակը և այլն»:

Պարոն Խաչատրյանը հիշեցրեց, թե մինչև ԵՏՄ անդամակցությունը ինչ խոստումներ էին հնչում, որոնք դեռ իրականություն չեն դարձել, մյուս կողմից նկատեց, որ մեր խնդիրների լուծումը պետք է սպասենք ոչ թե ՌԴ-ից, այլ ՀՀ-ից. «Պետք չէ մեծ-մեծ թվեր ներկայացնել` խոսելով ԵՏՄ-ի մասին, քանի որ առանձնապես տեսանելի դրական առաջընթաց չունենք: Ավելին, մերոնք մեր կարգերն են առաջ տանում, ռուսներն` իրենցը»:

Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանն ասաց. «Հայ արտահանողները ստիպված Ռուսաստանում են գնում հումք` հայրենական արտադրողներից գնելու փոխարեն` օրինակ` շշեր, տարաներ և այլն, քանի որ չգիտեն` ինչ անել այդքան ռուսական ռուբլու հետ Հայաստանում»: Նա նշեց, որ կարևորը ոչ թե ԵՏՄ նորմերն են, որոնք հազիվ թե ավելի բարձր լինեն, քան շուկայի նորմերը: Ուղղակի պետք է թույլ տալ, որ դրանք գործեն, այլ ոչ թե քաղաքական միջամտություններ անել;

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը` «Մեդիա կենտրոնի»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031