Այս տարի՝ հուլիսի 12-ին, երկրորդ անգամ կանցկացվի «Վարդավառ» միջազգային փառատոնը՝ Երիտասարդական ակումբների դաշնության (ԵԱԴ) կազմակերպմամբ:
Լինելով կրթական, մշակութային միջոցառում՝ փառատոնը կանցկացվի հայ և համաշխարհային նյութական մշակույթի մաս կազմող հուշարձանների՝ Գեղարդի և Գառնիի տարածքում:
«2014 թվականին առաջին անգամ կազմակերպելով «Վարդավառ» միջազգային փառատոնը՝ ԵԱԴ-ն առաջին քայլն արեց Վարդավառ տոնը միջազգային համատեքստում ներկայացնելու ուղղությամբ: Շուրջ 26 երկրից ավելի քան 150 օտարերկրացի երիտասարդներ մասնակցեցին փառատոնին՝ դրա շրջանակներում հնարավորություն ունենալով ծանոթանալու նաև հայկական մշակույթին»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԵԱԴ նախագահ, փառատոնի ղեկավար Ատոմ Մխիթարյանը:
Նրա փոխանցմամբ՝ այս տարի առավել լայնածավալ աշխատանքներ են նախատեսվում՝ զարկ տալու հայկական մշակույթի վերհանմանը, երիտասարդության շրջանում ազգային-հոգևոր արժեքների պահպանմանը, Հայաստանի կայուն աճն ապահովող զբոսաշրջության ոլորտի զարգացմանը և Հայաստան-Սփյուռք գործակցության ամրապնդմանը:
Կարդացեք նաև
Փառատոնի ծրագրում կլինի ոչ միայն Վարդավառի եկեղեցական ծիսակատարությունը, այլև ազգագրական երգ, պար, ազգային ավանդական խաղեր, Վարդավառ տոնի թեմատիկ տաղավարներ, որոնք կներկայացնեն տարբեր մարզերի ավանդույթները, ծիսական ուտեստներն ու ձեռագործ աշխատանքները: Իսկ տարբեր համույթների և դերասանների կողմից բեմադրված երաժշտական թատրոնը հյուրերին յուրովի կներկայացնի Վարդավառ տոնի էությունը:
Փառատոնի համակարգող Հայասա Թահմազյանը հավելեց, որ փառատոնը երկու մասից է բաղկացած լինելու։ Առաջին մասը կանցկացվի Գեղարդի վանքում, որտեղ կլինի երիտասարդության օրհնության և մատաղի օրհնության կարգ: Երկրորդ մասը կանցկացվի Գառնու տաճարում, որտեղ էլ կլինի Վարդավառին նվիրված տաղավարների բացում, ինչպես նաև՝ ազգային երգ, պար և այլն:
Փառատոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Սարգսյանի խոսքով՝ փառատոնի նպատակներից մեկն էլ մեր մշակույթը օտարներին ներկայացնելն է:
Ինչ վերաբերում է տոնի ներկայացմանը, կազմակերպիչները շեշտը դնում են հիմնականում դրա քրիստոնեական խորհրդի վրա:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ