Նախկին քաղբանտարկյալ, պատգամավոր ու քաղաքական գործիչ Ազատ Արշակյանն, որը նույն ակտիվությամբ չի լինում Ազատության հրապարակում` էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ շարունակվող պայքարին, ինչպես Բաղրամյան պողոտայում էր, չի համարում, որ դադարել է պայքարել կամ ակտիվ չէ: Նկատում է, որ իր ողջ կյանքում պայքարել ու պայքարելու է Հայաստանի անկախության համար:
Իր գնահատմամբ, այդ շարժումով Հայաստանի երիտասարդ քաղաքացիներն ուղերձ հղեցին աշխարհի քաղաքացիներին` չնայած ՀՀ-ն գաղութացված է, բայց ՀՀ երիտասարդ քաղաքացիները գաղութաբնակ չեն, դեմ են գաղութացմանը. «Մեր երկիրը գերված է, բայց մենք գերի չենք»:
Երկրորդ ուղերձն, ըստ մեր զրուցակցի, այն է, որ մենք ականատեսը եղանք աշխարհում ընթացող ռուսական էներգետիկ իմպերիայի դեմ պայքարին` ՀՀ երիտասարդ քաղաքացիների միացմանը:
Երեկ Ազատության հրապարակում կայացած հանրահավաքում, նոր նախաձեռնողները կոչ հնչեցրեցին` ուղղված չվարկաբեկված քաղաքական ուժերին ու գործիչներին` միանալ եւ համատեղ շարունակել պայքարը: Ազատ Արշակյանից հետաքրքրվեցինք` իրեն համարո՞ւմ է երիտասարդների պատկերացրած չվարկաբեկված գործիչներից, կմիանա՞ նրանց պայքարին: «Ես վարկաբեկված լինեմ, վարկաբեկված չլինեմ, ազատության մեջ, թե գերության մեջ` բոլոր հարմար առիթներով պայքարել եմ Հայաստանի քաղաքական, ռազմական, տնտեսական, էներգետիկ, մշակութային, հոգեբանական եւ այլ անկախությունների համար: Որակավորումը` վարկաբեկված-չվարկաբեկված, ընդհանրապես տեղին չէ: Եթե անհատական հրավեր լինի ինձ` սիրով կմասնակցեմ: Իսկ որպես քաղաքացի, միշտ էլ մասնակցում եմ»:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ