Ինչ վերաբերում է Հայաստանում ըստ երկրների կատարված օտարերկրյա ներդրումների ծավալներին վերջին ավելի քան 25 տարիներին, ապա այստեղ ակնհայտ առաջատարը Ռուսաստանն է :
Վիճակագրական ծառայության տվյալների համաձայն, այդ ընթացքում Հայաստանում կատարվել են 4 տրլն 551 մլրդ 766 մլն դրամ ներդրումներ, որից 2 տրլն 967 մլրդ 317 մլն դրամն ուղղակի ներդրումներն են: Ռուսաստանի ներդրումները կազմել են Հայաստանում կատարված ընդհանուր ներդրումների գրեթե 39 տոկոսը` 1 տրլն 769 մլրդ 540 մլն դրամ եւ ուղղակի ներդրումների 46 տոկոսը` 1 տրլն 366 մլրդ 894 մլն դրամ:
Հայաստանում կատարված ներդրումների ծավալով երկրորդ տեղում ֆրանսիական ընկերություններն են: Այդ երկրից կատարված ներդրումները կազմում են ընդհանուրի 10,2 տոկոսը` 467 մլրդ 440 մլն դրամ եւ ուղղակի ներդրումները` 14,5 տոկոսը 429 մլրդ 614 մլն դրամ:
Երրորդ տեղում Գերմանիայից կատարված ներդրումներն են , որոնք կազմում են ընդհանուրի 7 տոկոսը` 320 մլրդ 705 մլն դրամ եւ ուղղակի ներդրումների 6,4 տոկոսը` 189 մլրդ 861 մլն դրամ:
Կարդացեք նաև
ԵՄ պաշտոնյաների հայտարարությունները, թե Հայաստանում Եվրոմիությունը ամենախոշոր ներդրումներ կատարողն է, մեղմ ասած, չի համապատասխանում իրականությանը: ԵՄ երկրների ներդրումները միասին վերցրած անգամ, կազմելով մոտ 1,5 տրլն դրամ, զիջում են Ռուսաստանի կատարած ներդրումներին:
Թեեւ Հայաստանում ներդրումներ կատարողներին չեն տարբերակում ըստ երկրների պատկանելիության (ապացույց` ֆրանսիական ներդրումների մեծ ծավալները կամ ամերիկյան նոր ներդրումային ծրագիրը, որի մասին վերեւում նշվեց), բայց արեւմտյան ներդրողները, ընդհանուր առմամբ, մեծ ցանկություն չեն տածում Հայաստանում գործունեություն սկսելու համար:
Ա. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթի այսօրվա համարում