Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՀԿ-ն չի գնա Ազատության հրապարակ

Հուլիս 10,2015 11:40

Ազգային ժողովի ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության պատգամավորները չեն շտապում մասնակիցը դառնալ Ազատության հրապարակում դեռեւս շարունակվող էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ պայքարին:

Հիշեցնենք, «Ոչ թալանին» նախաձեռնությունն այժմ ավելի պասիվ դիրքերում է: Նոր նախաձեռնությունը, որ շարունակում է պայքարը, հստակ քաղաքական երանգ ունի` «Ոչ թալանչիներին» անվամբ:

Երեկ հրավիրած հանրահավաքում նախաձեռնության անդամները կոչ արեցին չվարկաբեկված քաղաքական ուժերին ու գործիչներին` հորդորելով հաջորդ հանրահավաքում, որը տեղի կունենա եկող շաբաթվա վերջում, միանալ իրենց եւ համատեղ պայքար տանել:

Aravot.am-ի հետ զրույցում ԲՀԿ կուսակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանն անդրադառնալով Ազատության հրապարակում դեռ շարունակվող պայքարին եւ պայքարին միանալու կոչին, մանավանդ, որ պայքարը քաղաքական երանգ է ստանում, իսկ ԲՀԿ-ում ի սկզբանե կարծում էին, որ հարցը չի կարող միայն սոցիալական տիրույթում մնալ`ասաց. «Ազատության հրապարակում հավաքված երիտասարդների այսօրվա օրակարգը մեզ բացարձակապես հասկանալի չէ: Հարթակում հավաքված նախաձեռնող խմբերը, կարծում եմ, նախ պիտի կարողանան իրենց միասնական օրակարգը ձեւավորել, հասկանալ` իրենք ինչ են ուզում, ինչ առաջարկներով են պատրաստվում ներկայանալ հանրությանը, հետո նոր կոչով դիմեն քաղաքական ուժերին: Քանի դեռ նրանցից մեկը հայտարարում է, որ շարժումը չպիտի քաղաքականացնել, նույն հարթակում կանգնած երկրորդը կոչ է անում` վայր դնել պատգամավորական մանդատները, երրորդ ընդհանրապես այլ բանի մասին է խոսում… իմ տպավորությունը, ցավոք, այնպիսին է, որ հարթակում հավաքված տարբեր քաղաքացիական նախաձեռնությունների ներկայացուցիչները միասնական օրակարգ չունեն»:

Տիկին Զոհրաբյանը հաստատում է ԲՀԿ-ի նախնական մոտեցումը` բոլոր սոցիալական խնդիրները քաղաքական լուծում ունեն եւ փաստում, որ ԲՀԿ խմբակցությունն ամեն ինչ անելու է, որպեսզի կանխի թանկացումը ու Բաղրամյան պողոտայում հնարավոր բախումները կանխելու համար այնտեղ լինելով, զուգահեռաբար, հարցի կարգավորման մասնագիտական փաթեթ էր ուղարկել եւ վարչապետին, եւ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին: «Մեր առաջարկը, ցավոք, չի ընդունվել, բայց մենք մեր գործը շարունակելու ենք անել, որպեսզի թույլ չտանք էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացում»,- ասաց նա:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Լուսանկարը՝ Արսեն ՍԱՐԳՍՅԱՆԻ/ News.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031