Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

25 տարվա ծամոնը

Հուլիս 10,2015 10:11

Եթե ես հայտնվել եմ դժվար իրավիճակում, եթե ես խնդիրներ ունեմ, ապա իմ առաջին գործը պետք է լինի ինքնավերլուծությունը: Ստուգողական հարցերն են՝ արդյոք ես անաչա՞ռ եմ գնահատում իրավիճակը, արդյոք ես չե՞մ դատապարտում ինքս ինձ կամ որեւէ մեկին, արդյոք ես գիտե՞մ մարդկանց, որոնք, գտնվելով մոտավորապես նույն իրավիճակում, կարողացել են լուծումներ գտնել: Դա, իհարկե, իմ գյուտը չէ, այդպիսի խորհուրդ են տալիս բիզնես խորհրդատվությամբ զբաղվող հոգեբանները:

Այս խորհուրդներից ինձ ամենաշատը դուր է գալիս ոչ մեկին չդատապարտելու կետը: Ինչո՞ւ է դա կարեւոր. որովհետեւ մարդկանց հատուկ է՝ երբ ինչ-որ բան է պատահում, փնտրել մեղավորներին: Սա գործընթաց է, որը կարող է հավերժ տեւել՝ դուք մեղադրում եք, ուրիշն արդարանում է կամ «հակագրոհի է անցնում» եւ սկսում է մեղադրել ձեզ: Արդյունքում խնդիրը չի լուծվում, միայն խորանում է: Բանն այն է, որ եթե նույնիսկ խնդիրն առաջացել է ոչ ձեր պատճառով, դա չի նշանակում, որ դա ձեր խնդիրը չէ:
Նույնքան վատ է, երբ մենք դատափետում ենք ինքներս մեզ. ես թույլ եմ, ես անտաղանդ եմ, ես պետք է այսպես ասեի կամ այնպես անեի: Նախ՝ դրա վրա ժամանակ կորցնելն անիմաստ է, երկրորդ՝ խղճահարությունը սեփական թանկագին անձի հանդեպ մեզ անմիջապես դասում է «հանգամանքների զոհերի» շարքին, իսկ զոհի կարգավիճակում ոչ ոք դեռ հաջողության չի հասել:

25 տարի շարունակ ես լսում եմ մեղադրանքներ, դատափետումներ, արդարացումներ, պատասխան մեղադրանքներ («բա դու»), ինչպես նաեւ ինքնախարազանումներ՝ «էս ազգը…», «էս երկիրը…» եւ այլն: Երբ իմ դիմաց որեւէ քաղաքական գործիչ է նստում, ես անգիր գիտեմ՝ ինչ է նա ասելու. նա կամ մեղադրելու է «ռեժիմին», «վարչախմբին», կառավարությանը, նախագահին եւ տարբեր այլ պաշտոնյաների, կամ, եթե հակառակ կողմից է՝ արդարանալու է՝ «այո, կան առանձին թերություններ, բայց դրանց մեծ մասն ունի օբյեկտիվ պատճառներ»: Եվ հակահարձակում՝ «թող հույս չդնեն ժողովրդի կարճ հիշողության վրա»: Երբ ինձ փողոցում անծանոթ մարդ է կանգնեցնում եւ զրույցի բռնվելու մտադրություն հայտնում, ես նույնպես սովորաբար գիտեմ, թե ինչ է նա ասելու՝ սկսելու է իշխանությունից եւ ավարտելու է «էս ազգով» եւ «էս երկրով»:

Շատ ավելի հետաքրքիր է լսել մասնագետներին, որոնք այս կամ այն ոլորտի վերաբերյալ ունեն որոշակի գաղափարներ: Բայց դա հետաքրքիր է անձնապես ինձ համար. հեռուստադիտողների, ընթերցողների, օգտատերերի մոտ առաջվա պես պահանջարկ ունի հին՝ 25 տարվա «մեղադրանք-արդարացումների» ծամոնը: Ինձ համար այդ ծամոնը վաղուց արդեն իր համն ու հոտը կորցրել է: Սակայն, ինչպես հայտնի է, առաջարկն է պահանջարկ ստեղծում:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031