Լրահոս
Օրվա լրահոսը

Մասնագետները տեսնում են կառավարության նախաձեռնողականությունը

Հուլիս 10,2015 15:00

Թեեւ հասարակ մահկանացուներիս համար այն դեռ անտեսանելի է

Չնայած տարեսկզբին միջազգային կառույցների բացասական կանխատեսումներին՝ Հայաստանի կառավարությունը, վարչապետը պնդում են, որ այս տարի արձանագրելու են տնտեսական աճ՝ ընդհուպ կառավարության ծրագրով ամրագրված 4.1 տոկոսը: Ուշագրավ է, որ այժմ նաեւ միջազգային կառույցներն են սրբագրումներ մտցնում տարեսկզբյան իրենց իսկ կանխատեսումների մեջ: Օրերս Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի տնօրեն Լոլա Բեյլին www.1in.am-ի հետ զրույցում, մասնավորաբար, ասել էր. «Մենք համաձայն ենք կառավարության հետ, որ դրական ընթացքի նշաններ կան, ձմռան ամիսներին դրանք այնքան չէին, որ կարողանայինք վերանայել մեր կանխատեսումը, բայց երբ դրանք վերանայենք, այնտեղ ավելի դրական աճ կլինի` չնայած դեռ պահպանվող աշխարհաքաղաքական եւ տնտեսական բարդ զարգացումներին»: Լոլա Բեյլին Հայաստանի տնտեսական զարգացման դրական միտումը պայմանավորում է եւ ՌԴ տնտեսության ու ռուբլու կայունացմամբ, եւ նավթի գների գործոնով: Իսկ որ առավել ուշագրավ է, ըստ ՀԲ հայաստանյան գրասենյակի տնօրենի, ՀՀ կառավարությունը նախաձեռնողական մոտեցում է ցուցաբերում, հատկապես արտահանումների գծով բավական դրական տենդենց է արձանագրվել:

«Առավոտի» հետ զրույցում ՀՀԿ ԳՄ անդամ, ԱԺ պատգամավոր Սամվել Նիկոյանը պատասխանելով հարցին, թե իր կարծիքով՝ որո՞նք են վարչապետի լավատեսության հիմքերը, ով շարունակում է պնդել, որ բյուջեով նախատեսված տնտեսական աճն իր գլխավորած կառավարությունն ապահովելու է, եւ ի՞նչն է փոխվել, որ միջազգային կառույցներն էլ են սկսել հայաստանյան տնտեսության մեջ դրական միտումներ տեսնել, ասաց, որ վարչապետն էլ, միջազգային տնտեսական կառույցներն էլ, բնականաբար, հետաքրքրված են եւ ամենալավն են տեղեկացված, ու եթե նման պնդումներ են անում, ուրեմն հիմքեր ունեն: Սամվել Նիկոյանն, իբրեւ իշխող քաղաքական ուժի ղեկավար մարմնի անդամ, ցանկանում է, որ վարչապետի ասածներն իրականություն դառնան: «Իհարկե, դա շատ բարդ է, քանի որ տարածաշրջանում էլ, աշխարհում էլ տնտեսության վիճակն այնպիսին է, որ մեր տնտեսության զարգացման վրա ազդող գործոնները դեռ հիմնականում բացասական են: Բայց ՌԴ տնտեսության որոշակի կայունության միտումներ նկատվում են, ու ցանկացած դրական տեղաշարժ հիմք է՝ մտածելու, որ մեր տնտեսությունը զարգացման հեռանկար կունենա: Իրանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցներն էլ մի քիչ թուլացվում են. դա էլ դրական ազդակ է մեր տնտեսության զարգացման համար»,- ասաց նա: Նկատեցինք, սակայն, որ տնտեսության աճի ենթադրվելիք թվերը շատ հավանական է՝ մանիպուլյացիայի արդյունք լինեն, ինչի մասին փաստում են ԱԺ նախավերջին արտահերթ նստաշրջանում կառավարության ներկայացրած նախագծերը: Հիշեցնենք, որ պետական պարտքի մասին օրենքում փոփոխություն արվեց, համաձայն որի՝ ԿԲ-ի պարտքը առանձնացվեց ընդհանուր պետական պարտքից` կառավարությանը հնարավորություն ընձեռելով նոր վարկային միջոցներ ներգրավել: Այդ փոփոխությանն, ի դեպ, անմիջապես հետեւեցին նոր վարկային պայմանագրերի ներկայացումն ու վավերացումը:

Ըստ էության, կառավարությունն արեց ամեն ինչ, որպեսզի նոր պետական պարտք կուտակի, ինչի հաշվին հավանաբար կնկարվեն տնտեսական աճի թվերը. ի՞նչ կտա մեզ նման տնտեսական աճը: Սամվել Նիկոյանը այլ դիտարկում ունի. «Փոքր երկրների տնտեսությունները բավական խոցելի են: Որեւէ ճգնաժամ նախ եւ առաջ ազդում է հենց փոքր երկրների տնտեսությունների վրա:

Մեր երկիրն առավել եւս խոցելի է, որովհետեւ մեր տնտեսությունը դիվերսիֆիկացված չէ, որքան էլ բոլոր կառավարություններն իրենց առջեւ նման խնդիր էին դրել: Դա դանդաղ տեմպերով է ընթանում, քանի որ տնտեսության դիվերսիֆիկացիայի թիվ մեկ պայմանը բաց ճանապարհներն են, կոմունիկացիաները, կապը եւ տրանսպորտային ծախսերը: Մեզ համար այդ խնդիրը մնում է դեռեւս չլուծված. փակ է Թուրքիան, փակ է Ադրբեջանը, Վրաստանով եւ Իրանով դա բավական ծախսատար է: Այսինքն՝ որեւիցե ճգնաժամի ազդեցությունը մասնավորաբար մեզ վրա է լինում»: Նա հիշեցնում է, որ անգամ ԵՄ անդամ Լիտվան նախորդ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի ժամանակ գրեթե 15 տոկոս անկում գրանցեց (մոտավորապես այնքան, որքան Հայաստանը), ու արձանագրում, որ հիմա էլ նման ժամանակներ ենք ապրում, ու կառավարությունը պետք է ելքեր գտնի տնտեսության զարգացման համար: Իսկ պետական պարտքի մասով էլ նկատում է, որ անգամ ԿԲ-ի պարտքի հետ այն վտանգավոր սահմանագծում չէ, թեեւ հասկանում է եւ կիսում քաղաքական դաշտի ու հանրության որոշակի շրջանակների մտահոգությունը, որ կարելի է ավելի զգուշավոր լինել, ավելի շատ ծանր ու թեթեւ անել. «Բայց եթե կառավարությունը զգում է, որ տնտեսության անկումը կանխելու կամ զարգացումն ապահովելու համար անհրաժեշտ են լրացուցիչ դրամական միջոցներ, ապա կառավարությունը պետք է կարողանա դա անել»:

Սամվել Նիկոյանը գտնում է` հարկեր-ՀՆԱ հարաբերակցությունը ցույց է տալիս, որ մեկ տարի երեք ամիս առաջ իր տված խոստումը` հավասար պայմաններ ստեղծել գործարարների համար, Հովիկ Աբրահամյանը կատարում է, մանավանդ, որ շատ գործարարներ հրապարակայնորեն իրենց դժգոհություններն էլ են արտահայտել: Բայց, ըստ նրա, այժմ մի պահ է, երբ հարկային ու մաքսային վարչարարությամբ միայն հնարավոր չէ բյուջետային մուտքեր ապահովել, քանզի տնտեսության զարգացումն ու հարկային վարչարարությունը փոխկապակցված են ու միմյանց հետ համահունչ պիտի առաջ գնան: Նա համակարծիք է խորհրդարանում հնչած այն տեսակետների հետ, որ կառավարությունը ոչ ստանդարտ քայլեր պիտի իրականացնի: Սամվել Նիկոյանը, համենայնդեպս, տեսնում է կառավարության նախաձեռնողականությունը: Բայց այդ մասին առայժմ չի ցանկանում խոսել:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
09.07.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031