Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրենավանցիներն օրերով չեն կարողանում երեխաներին լողացնել

Հուլիս 10,2015 14:30

Ջրառատ Հայաստանում մարդիկ ջուր չունեն,
որ խմեն, ճաշ պատրաստեն, լոգանք ընդունեն

Այն օրվանից, երբ մի խումբ բարձրաստիճան պաշտոնյաների եւ մարզային իշխանությունների մասնակցությամբ հանդիսավոր արարողությամբ Արարատի մարզում բացվեց Սուրենավան գյուղը մատակարարող ջրագիծը, սուրենավանցիները հույս ունեին, որ վերջնականապես կազատվեն խմելու ջուրը գնելու ամենօրյա խնդրից: Սակայն, ինչպես ասում են, սուրենավանցիների ուրախությունը կարճ տեւեց: Հակառակ պաշտոնյաների խոստումներին, թե՝ Գառնիի ջուրն ուղիղ մարդկանց բնակարաններ է հասնելու, սուրենավանցիներն ամեն տարի, մասնավորապես՝ ամռանը օրերով ջուր չեն ունենում: Մե՛կ ջրամբարը չի լցվում, մե՛կ ջրամբարը սնուցող խողովակն է վթարվում, մե՛կ շոգ եղանակի պատճառով ջուրը ճանապարհին գոլորշիանում ու գյուղացիներին այդպես էլ չի հասնում: Ամեն անգամ, երբ գյուղացիները ջրի հարցով դժգոհում են, ջրի մատակարարման համար պատասխանատու կառույցները՝ մարզպետարանից սկսած ու ջրային տնտեսության պետական կոմիտեով ու Սուրենավանի գյուղապետարանով վերջացրած, մի պատճառաբանություն գտնում են: Այս ամռանն էլ սուրենավանցիները խմելու եւ կենցաղային օգտագործման համար լիտրերով ջուր են գնում:

«Գյուղում ո՛չ աշխատանք կա, ո՛չ ապրուստի միջոց, Սուրենավանի կեսից ավելին արտագաղթել է, մարդ չի մնացել, ինչքա՞ն կարող ենք ջուրը գնել, որ մեր կարիքները հոգանք: Օրերով ջրի երես չենք տեսնում: Էս շոգ կրակին ո՞նց լողանանք, ճաշ պատրաստենք, խմենք, ո՞ր մի կարիքի համար ջուր գնենք»,- «Առավոտի» հետ զրույցում ասում են գյուղի բնակիչները: Եթե նախկինում գյուղում ջուր չկար, փոխարենը մարդիկ գոնե արտեզյան հորերի ջրից օգտվելու հնարավորություն ունեին:

Հորերի ջրով, ինչպես սուրենավանցիներն են ասում, կենցաղային մի շարք հարցեր կարողանում էին լուծել: Սուրենավանը մատակարարող ջրագծի պաշտոնական բացումից հետո բնակիչներին այլեւս չի թույլատրվում արտեզյան ջրերից օգտվել, որոնք լցվում էին բնակիչների հորերը եւ անհրաժեշտության դեպքում օգտագործվում:

«Իբր լավություն արեցին, հիմա ո՛չ Գառնիի ջուրը կա, ո՛չ էլ հորերում ջուր ունենք: Խեղճ գյուղացին ի՞նչ անի, գլուխը ո՞ր քարին տա, որ մի կաթիլ ջուր ունենա: Առաջ գոնե հույս կար, հիմա էդ հույսն էլ չկա, մարել է, գյուղում մեծահասակներն են մնացել, մայրաքաղաքից ոչ հեռու գյուղ է, բայց ոնց որ տափաստան լինի: Ջուրը տալիս էլ կաթիլ-կաթիլ է գալիս: Չենք հասցնում հավաքել: Ճնշում չկա: Ջրի երկիր ենք համարվում, բայց օրերով ու շաբաթներով մեր ժողովուրդն անջուր ապրում է: Ում էլ բողոքում ենք՝ մի պատճառ բերում են, բայց դա գյուղացու խնդիրը չէ, իրենց կարգավորելու հարցն է, որ վերջնականապես էս հարցը փակվի: Իբր կարողանում ենք հացի ճար տեսնել, մի հատ էլ օրական մի քանի հազար ծախսենք՝ ջուր գնենք: Ընտանիքներ կան՝ մանր էրեխեք ունեն, ամռան շոգին չենք կարողանում օրերով երեխաներին լողացնել, էլ չենք խոսում մնացած հոգսերի մասին»,- վրդովված ասում էին գյուղի բնակիչները, որոնք արդեն 3-4 տարի շարունակ գրեթե ամեն տարի իրենց գյուղի ջրի խնդիրը բարձրացնում են:
Արարատի մարզպետարանից տեղեկացանք, որ ջուրը մատակարարից մեծածախով ստանում է Սուրենավանի գյուղապետարանը, ապա լցնում է իր հորերը եւ բաշխում բնակիչներին: Գյուղապետարանն էլ սահմանում է ջրամատակարարման ժամանակացույցը: Բնակիչների հետ կնքված պայմանագրի համաձայն՝ սուրենավանցին պետք է ջուր ստանա 2 օրը մեկ: Սակայն ինչպես գյուղացիներն են պնդում՝ պատահում է, որ մեկ շաբաթ ծորակից ջուր չի գալիս: Կամ էլ մեկ ժամ գալիս է՝ կաթիլ-կաթիլ, որ անգամ մեկ դույլ չեն կարողանում հավաքել, էլ ուր մնաց՝ լոգանք ընդունեն կամ կենցաղի համար ջուր վերցնեն:

Արարատի մարզպետարանի Քաղաքաշինության վարչության պետ Լեւոն Խաչատրյանը Սուրենավանի գյուղապետ Կարո Կարապետյանի հետ խնդիրը պարզաբանելուց հետո «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ 4 օր առաջ ջրամատակարարման հետ կապված, իսկապես, խնդիր եղել է. ջրի ծավալը ջրամբարում 120-130 խորանարդ մետր է եղել՝ 250 խմ-ի փոխարեն: Սուրենավանի համար նախատեսված ջրի սպառման քանակությունը պետք է լինի 250 խմ: Ինչպես մեզ հետ զրույցում ասաց Լեւոն Խաչատրյանը, Սուրենավանն ունի 650 բաժանորդ, եւ գյուղապետարանը օրը երեք փողոց է մատակարարում: Վարչության պետի խոսքերով՝ խնդիրն այս պահին լուծվել է, եւ ջրամբարում արդեն 300 խմ ջուր կա, սակայն ջրամատակարարման հետ կապված հարցեր նաեւ առաջանում են շոգ եղանակի պատճառով, քանի որ ջրի սպառումը ամռան սեզոնին ավելանում է:

Մեր այն հարցին, թե հնարավո՞ր է՝ մարդիկ խմելու ջուրը նաեւ ոռոգման նպատակով են օգտագործում, քանի որ Արարատյան դաշտավայրում ոռոգման հետ կապված էլ գյուղացիները լուրջ խնդիրներ ունեն, պարոն Խաչատրյանն ասաց, որ հնարավոր է, բայց այս պահին Սուրենավանում նման դեպք չեն արձանագրել: Նա նաեւ կասկածներ ունի, որ ջրի՝ ժամանակ առ ժամանակ բացակայությունը նաեւ խողովակաշարի հետ է կապված: Մեր այն դիտարկմանը, թե գյուղացիները պնդում են, որ խողովակները նոր են, եւ դրանց հետ կապված խնդիր չկա, պարզապես ջրի ճնշման եւ այլ գործոններն են պատճառը, Լեւոն Խաչատրյանն ասաց, որ խնդիրը ոչ թե ներհամայնքային ջրամատակարարման ցանցում է, այլ ջրամբարը սնուցող խողովակաշարի, որը հնարավոր է՝ վթարի պատճառով ջուր չմատակարարի ջրամբարին:

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
09.07.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031