Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Խնդրում եմ ապահովել արդար ու օբյեկտիվ քննություն

Հուլիս 10,2015 13:30

Համակուրսեցու սպանության համար մեղադրվողի
մոր նամակը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին

Հարգելի պարոն նախագահ, Ձեզ գրում է Հայաստանի Հանրապետության քաղաքացի, բայց, առաջին հերթին, հուսահատված մի մայր, որի 18-ամյա որդին արդեն 5 ամիս է՝ գտնվում է կալանքի տակ։

Որդիս՝ Վաչե Սահակյանը, մեղադրվում է Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում համակուրսեցու սպանության մեջ։ Հինգ տանջալի ամիս ես լռել եմ, թեեւ չեմ մտածել, որ որդիս կարող է նման սահմռկեցուցիչ հանցագործություն կատարել, բայց այնուամենայնիվ լռել եմ՝ սպասելով նախաքննության ավարտին։ Լռում էի՝ հավատալով մեր երկրի արդարադատությանը, բայց այլեւս անզոր եմ եւ ապավինում եմ Ձեր միջամտությանը։ Ես կուրորեն չէ, որ հավատում եմ որդուս անմեղությանը, սակայն 5 ամիս շարունակ տեւող եւ դեռ չավարտված նախաքննության ընթացքում որդուս՝ Վաչե Սահակյանի մեղավորությունն ապացուցող որեւէ հիմնավոր փաստ, ըստ իմ ունեցած տեղեկությունների, ձեռք չի բերվել։ Չնայած դրան, նախաքննական մարմինը շարունակում է նրան պահել կալանքի տակ, որի պատճառը, ըստ իս, այն է, որ մեծ հասարակական հնչեղություն ունեցող հանցագործության հենց հաջորդ իսկ օրը որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ, խախտելով անմեղության կանխավարկածը, հանցագործության բացահայտման պատրանք ստեղծելու եւ կրքերը հանդարտեցնելու նպատակով հանրությանր հայտարարեցին, որ սպանությունը կատարել են ռազմական ինստիտուտի չորս կուրսանտներ, այդ թվում՝ որդիս, ինչն էլ նախաքննությունն իրականացնող մարմնին դրել է փակուղային վիճակում։ Հակառակ պարագայում ի՞նչն էր խոչընդոտում քննությունն իրականացնող մարմնին որդուս մինչ օրս առերեսել բոլոր այն անձանց հետ, ովքեր վկայել են նրա դեմ։ Մի՞թե դա նպատակ չի հետապնդում հավանական առերեսվողների ցուցմունքներն արհեստականորեն, ըստ ցանկալիի, հարմարեցնել որդուս առաջադրված մեղադրանքին։

Որդիս, տեսնելով նախաքննության միակողմանի եւ ոչ օբյեկտիվ ընթացքը, ճարահատյալ, իր անմեղությունն ապացուցելու միակ ճանապարհը մարդկային գործոնից զատ, տեսել է «ստի դետեկտոր» սարքի փորձության միջով անցնելու մեջ, սակայն այդ կապակցությամբ որդուս պաշտպանի ներկայացրած միջնորդությունն անհիմն կերպով մերժվել է, մինչդեռ, իմ պատկերացմամբ, փակուղային իրավիճակում հայտնված նախաքննության մարմինը հենց ինքը պետք է շահագրգռված լիներ իրականությունը պարզելու եւ իրական մարդասպաններին հայտնաբերելու համար իրականացնելու այդ հետազոտությունը։ Չէ՞ որ «ստի դետեկտորը» տեխնիկական միջոց է, որի կիրառումը, բացառելով մարդկային գործոնը, կարող է գրեթե անսխալ պարզել հանցագործության դեպքի վերաբերյալ հայտնած տեղեկությունների իսկությունը։ Ի՞նչ եք կարծում, 18 տարին նոր լրացած պատանին, եթե նույնիսկ 1%-ով մեղավոր լիներ, կհամարձակվե՞ր արդյոք անցնել նման փորձության միջով։ Խնդրում եմ ասեք, էլ ինչպե՞ս որդիս կարող է ապացուցել իր անմեղությունը, երբ արդեն 5 ամիս շարունակ նա քննիչներին եւ բոլորին նույն բանն է ասում, այն է՝ որ նա որեւէ առնչություն չունի այդ դաժան սպանության հետ։

Պարոն նախագահ, խնդրում եմ Ձեզ, Դուք իմ միակ հույսն եք, այս պարագայում միայն Ձեր արդար միջամտությունը կարող է փոխել գործի ընթացքը եւ ջրի երես հանել ճշմարտությունը: Ես ինքս եմ ուզում, որ գտնեն իրական մարդասպաններին, նրանք կրեն իրենց արժանի պատիժր, իսկ իմ անմեղ որդին պարզապես հանգամանքների բերումով անհիմն կերպով ցմահ ազատազրկման չդատապարտվի, քանզի գործի ներկայիս ընթացքը տանում է դրան եւ կարող է հանգեցնել անդառնալի հետեւանքների։
18-ամյա որդիս՝ Վաչեն, իր մանկությունը մի կողմ դրեց, ընդունվեց «Փոքր Մհեր» կրթահամալիր, այնուհետեւ՝ ռազմական ինստիտուտ, որ զինվոր դառնա, որ իր, մեր եւ Ձեր երկիրը պաշտպանի (ինչպես իր երկու ավագ եղբայրները), իսկ այսօր վերոհիշյալ պաշտոնատար անձանց ժամանակավրեպ հայտարարության եւ այդ կապակցությամբ լրատվամիջոցների տարածած տեղեկատվության հետեւանքով հանրությունը եւ, ցավոք, նաեւ սպանվածի հարազատները որդուս նկատմամբ հեռակա կարգով արդեն իսկ կայացրել են իրենց դատավճիռը։

Ես մայր եմ եւ չեմ կարող ձեռքերս ծալած նստել, որ որդուս դատապարտեն ու նոր հետո սկսեմ թակել բոլոր փակ դռները։

Խնդրում եմ Ձեզ, որդուս եւ մյուսների վերաբերյալ քրեական գործը վերցնել Ձեր անմիջական հսկողության տակ եւ ապահովել արդար ու օբյեկտիվ քննության կատարումը։

Կ. ՔԱԼԱՆԹԱՐՅԱՆ

Վաչե Սահակյանի մայր 

«Առավոտ» օրաթերթ
09.07.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031