Լրահոս
Օրվա լրահոսը

Հրանտ Մաթեւոսյանը ցավում էր, որ «շկոլա» ենք կորցնում, իսկ Լեւոն Խեչոյանը՝ գրող-քննադատ երկխոսության համար

Հուլիս 10,2015 13:00

Մասնագետի մտորումները

Նախկինում գրաքննադատությունը գրականության «օրենսդիր» էր եւ գրաքննադատը մեծ հեղինակություն էր վայելում, խոսքն էլ արժեք ուներ, ինչը չենք կարող ասել այսօրվա մասին:

Այս կապակցությամբ, «Առավոտի» հետ զրույցում գրականագետ, գրաքննադատ Արքմենիկ Նիկողոսյանն ասաց. «Հատկապես անկախության շրջանում գրող-քննադատ հարաբերումի մակարդակը վերածվեց շուկայականի ու Հրանտ Մաթեւոսյանի՝ 1990-ականների սկզբին արտահայտած տագնապը գնալով ահագնանում է՝ «երեկվա պետականության պայմաններում առաջացած պրոֆեսիոնալ գրաքննադատության իշխող բարձունքն ենք կորցնում, համակարգը ցրիվ է գալիս, «շկոլա» ենք կորցնում, գիտական մակարդակ, մտքի ռեժիմ: Ուժեղները գրականություն ստեղծում են եւ իրենց ճանապարհն էլ կբացեն ու հրապարակ կգան: Գրաքննադատությունը պետք է վարձատրվի, պետք է պետականորեն խրախուսվի»: Կարծում եմ՝ հստակ արժեհամակարգի բացակայությունը արժեզրկեց նաեւ քննադատի խոսքը, հայաստանյան գրական տարածության մեջ գրաքննադատությունը ինչքան էլ իրեն դրսեւորեց, ինչքան էլ իր գործն արեց, այնուամենայնիվ, չընկալվեց այն առաքելությամբ, որ իրենն էր ու գրաքննադատն էլ չընկալվեց այն ճիգ ու ջանքով, որ իրենն էր, այլ մնաց որպես կարծիք հայտնող, գովեստ հնչեցնող կամ պարսավանք թափող մեկը, որն այդկերպ իր բարեկամներին, ընկերներին, թայֆակիցներին, թշնամիներին է ի ցույց դնում: Ու գրողը լավ քննադատ հորջորջեց նրան, ով իր մասին գրում էր, ու վատ քննադատ հորջորջեց նրան, ով իր մասին չէր գրում, ավելին, ով իր թշնամու մասին էր գրում…»:

Դիտարկմանը, թե շատ է խոսվում «սեփականաշնորհված» գրաքննադատների մասին, մեր զրուցակիցը հայտնեց հետեւյալը. «Վերջին տարիների ընթացքում, ցավոք, կա այդպիսի բան: Տնաբույծ եւ ձեռնասուն «գրաքննադատներ» ասպարեզ եկան, որոնք էլ ավելի արժեզրկեցին քննադատի խոսքը, մղեցին Լեւոն Խեչոյանին «գրաքննադատի կարծիքն ավելի շատ հեռու է ինձնից, քան մոտիկ, ավելի շատ նա իր ուղեղում թափառող մտքերի հետեւից է գնում, քան իմ մտահղացման» արդեն, ցավոք, թեւավոր դարձող միտքը հնչեցնել: Ու միջակ գրողին, ավաղ, ձեռնտու է այս ամենաթող վիճակը, արժեզրկված խոսքի պայմաններում յուրաքանչյուրի խոսքն է արժեքավոր…»: Մեր զրուցակիցը հավելեց նաեւ, թե պաշտոն ու ազդեցություն ունեցող որոշ գրողներ երբեմն նաեւ ազնիվներին գայթակղեցին, փող ունեցողները մրցանակների անվան տակ քննադատներին կաշառեցին ու ավաղ, իրենց ու մյուսների գրականությունը դրանով չափանշեցին, հավատացին ու հավատացրին…»:

Այնուամենայնիվ, ի՞նչ հեռանկարներ ունի գրաքննադատությունը Հայաստանում, հարցին՝ Արքմենիկ Նիկողոսյանը նշեց, թե այսօր էլ կան իհարկե լավ քննադատներ, սակայն այլ խնդիրներ կան, որոնք ի չիք են դարձնում նրանց մտքերը: Հետո էլ պատասխանեց. «Ես այսօր ավելի մեծ վտանգ եմ տեսնում, գրաքննադատության՝ իր բուն իմաստով անպետքությունն եմ այսօր զգում, որովհետեւ ֆեյսբուքն ու մյուս սոցիալական տարածությունները, «քոմենթելու սանձարձակությունը» կսպանի գրաքննադատությունը, եթե արդեն իսկ չի սպանել: Քննադատի մեծ դիալոգն այդպես էլ չի կայանում ու այսուհետ երեւի չի էլ կայանա: Որովհետեւ ի՞նչ է գրողի ուզածը, էն գովեստի խոսքը, որ հնչեցնում ես իր մասին բանավոր, անպայման գրավոր հնչեցնես, որ նախ ուզածիցդ ետ չկանգնես հանկարծ եւ ապա՝ որ այդ մասին աշխարհն իմանա: Ֆեյսբուքում եւ այլուր քոմենթները եկել են փոխարինելու այդ ամենին: Գրավոր փաստացի խոսք է՝ աշխարհն է տեսնում»: Մասնագետի հավաստմամբ՝ նույն ֆեյսբուքում գրաքննադատի ու «պադյեզդցի» տղայի, աղջկա, հարեւանի քոմենթ ու լայք կոչվածը գրողի համար արդեն նույնն են ու նույնարժեք են, կարեւորը քանակն է, ինչը պարծենալու առիթ է… Ու ցավոք, շատ քչերի մեջ այն գիտակցությունը կա, որ դա ընդամենը մրցակցություն է, որտեղ ոչ միայն գրաքննադատն է անտեսված, այլեւ իրենց իսկ գրածը…

Այսուհանդերձ, Արքմենիկ Նիկողոսյանը լավատես է, ուզում է հուսալ, որ այդ շատ քչերի գիտակցությունը վաղվա մեր ընդհանուր գրական դաշտի գիտակցումն է լինելու ու ճահճից դուրս գալու ջանքն ու ճիգը պայմանավորողը: Ռեպլիկին, թե՝ իսկ մյուսնե՞րը, «մյուսները թող շարունակեն մրցակցել, գրողը տանի…»,- եղավ պատասխանը:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Լուսանկարը՝
Մարիամ Լորեցյանի

«Առավոտ» օրաթերթ
09.07.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մանե says:

    Գոնե այս թեմայի շուրջ դու պետք է լռեիր: Եթբ դու կաս մրցանակաբաշխող հանձնաժողովում, այդտեղ պարզ է, թե ով է հայտ ներկայացնում, ու պարզ է, որ նրան պետք է տաս, և քո գոված գրողների 85 տոկոսը միջակից ցածր են:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031