Լրահոս
Օրվա լրահոսը

Արտո Չաքմաքչյան. «Իմ արվեստը խորապես հայկական է»

Հուլիս 09,2015 22:33

«Գաֆէսճեան» արվեստի կենտրոնում այս օրերին ցուցադրվում են կանադահայ անվանի քանդակագործ, Կանադայի գեղարվեստի թագավորական ակադեմիայի անդամ Արտո Չաքմաքչյանի գործերը:

Վարպետը նույնպես Երևանում է: Նա այսօր Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ անկախ Հայաստանում սա իր առաջին ցուցադրությունն է, որտեղ 60-70-ականներին ստեղծած գործերն են ցուցադրվում:

«Արտո Չաքմաքչյան. վերածնունդ» խորագրով ցուցադրությանը ներկայացված են մեծ արվեստագետի մոտ տասը քանդակ և քսանից ավելի գրաֆիկական աշխատանքներ, որոնցում մեծ տեղ են զբաղեցնում Գրիգոր Նարեկացուն և Կոմիտասին պատկերող գործերը:

Նա ասում է, որ Հայաստանի ամեն մի շարժում Կոմիտասով է արտահայտում: «Ես երբեք ինձ չեմ ստիպել Կոմիտաս քանդակել, բոլորն էլ ուղղակի են ծնվել իմ մեջ: Կոմիտասը մեր հոգևոր աշխարհն է ցույց տալիս: Նարեկացին ինձ համար մտածելու կերպար է, որին անչափ շատ եմ սիրում: Երբ ուզեցի քանդակել նրան, բացարձակ փորձ չարեցի նկարից օգտվել: Ես նրա էությունը սիրեցի, որովհետև փիլիսոփա է, մտածող: Այ այդ մտածողությունը դրեցի արձանի մեջ, և այն բովանդակալից դարձավ: Կոմիտասն ու Նարեկացին ամբողջ Հայաստանն են»,- ասաց նա:

Չաքմաքչյանը նկատել է, որ մարդիկ բավականին խորքից են ընկալում իր արվեստը, և դա նրան շատ է ուրախացնում. «Որովհետև այն խորապես հայկական է»,- ասում է նա:

Վարպետի փոխանցմամբ՝ ցուցահանդեսում ներկայացված են Հայաստանում եղած աշխատանքները, բայց նա մեծ ցանկություն ունի իր մյուս աշխատանքները ևս բերել Հայաստան ու նվիրել հայրենիքին:

Հավելենք, որ ցուցադրությունը կտևի մինչև օգոստոսի 30-ը: Իսկ վերջին մեկ շաբաթը՝ օգոստոսի 23-30-ը մուտքն անվճար կլինի:

2015-07-09-18.56 2015-07-09-18.58 2015-07-09-18.562 2015-07-09-19.01

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031