Լրահոս
Օրվա լրահոսը

Հրաժարվել արագաչափերով հարստահարման քաղաքականությունից

Հուլիս 09,2015 20:55

Թվում էր թե իշխանությունն իսկապես որոշակի հետեւություններ պիտի անի Բաղրամյան պողոտայում վերջին շաբաթներում ծավալվող դեպքերից և զերծ մնա ՀՀ քաղաքացիների առանց այն էլ ծանր սոցիալական վիճակը ծանրացնող քայլերից:

Այսօր առավոտյան, սակայն, լուր տարածվեց, թե Ճանապարհային ոստիկանությունը Վարդավառի կապակցությամբ ավտոճանապարհների վրա օգտագործելու է շարժական արագաչափ-լուսանկարահանող սարքեր: Սրանք արագաչափեր են, որոնք օրվա մեջ տեղափոխվելու են տեղից տեղ:

Հասկանալի է, որ Վարդավառը ընդամենը առիթ է, եւ առաջիկայում այս շարժական սարքերը համատարած կիրառում են ստանալու՝ ահագնացնելով հայաստանցի վարորդների ուսերին ծանրացող տուգանքների բեռը:

Արագաչափ սարքերը եւ երթեւեկությանը հետեւող տեսախցիկները գործարկվեցին 2012 թվականից: Եւ գործարկումից մինչեւ 2014թ. դեկտեմբերի 31-ը դրանց արձանագրած տվյալների հիման վրա կայացվել է վարորդներին տուգանելու՝ ուշադրություն դարձրեք, 2 միլիոն 536 հազար 212 որոշում:

Ես դիմել եմ Կառավարություն՝ Հայաստանում շահագործվող ավտոմեքենաների թիվն իմանալու համար, սակայն ինձ պատասխանել են, թե դա պետական գաղտնիք է: Բայց փորձագիտական տվյալների վրա հիմնվելով կարող ենք ասել. որոշումների վերը նշված քանակը նշանակում է, որ Հայաստանում մեքենա վարող յուրաքանչյուր քաղաքացի արագաչափ սարքերի եւ տեսախցիկների գործարկմամբ 2012 թվականից մինչեւ 2014 թվականի դեկտեմբերի 31-ը տուգանվել է միջինը 7 անգամ: Սա նշանակում է, որ Հայաստանում ոչ մի կարգապահ վարորդ չկա եւ «կարգապահ» են միայն նրանք, ովքեր ոստիկանությունում ծանոթ ունեն, կամ ոստիկանության, ԱԱԾ, ՊՆ, դատախազության, հարկայինի, դատարանի, նախագահականի, կառավարության եւ ԱԺ (գոլդ) համարանիշով մեքենա են վարում:

Հիմա հաջորդ կարեւոր տվյալը. 2012թ. հունվարից մինչեւ 2014թ. դեկտեմբերի 31-ը վարորդների նկատմամբ կիրառված համախառն դրամական տուգանքը կազմել է 24 միլիարդ 608 միլիոն 96 հազար դրամ: Որպեսզի ավելի հասկանալի լինի, թե ինչ թվի մասին է խոսքը, ասեմ, որ ՀԷՑ-ի պարտքը Հայաստանի էլ. էներգիա արտադրողներին կազմում է 23.6 միլիարդ դրամ եւ ՀԷՑ-ի հաշիվներում հենց այսքան գումարի դեֆիցիտի պատճառով է տեղի ունեցել էլեկտրական էներգիայի սակագների բարձրացումը:

Ընդգծեմ նաեւ, որ արագաչափերի եւ երթեւեկության հետեւող տեսախցիկների տվյալների հիման վրա նշանակվող տուգանքների թիվը եւ դրանց դրամանական ծավալը աճում է երկրաչափական պրոգրեսիայով: 2012 թվականին կայացվել է 416 հազար տուգանքի որոշում՝ 5 միլիարդ 61 միլիոն 300 հազար դրամի ծավալով: 2013 թվականին արդեն՝ 854 հազար 731 որոշում, 8 միլիարդ 950 միլիոն 166 հազար դրամ ծավալով: 2014-ին արդեն կայացվել է 1 միլիոն 265 հազար 781 որոշում, 10 միլիարդ 596 միլիոն 631 հազար դրամ ծավալով:

Հատուկ ընդգծեմ, որ այս թվի մեջ ներառված չեն ճանապարհային ոստիկանության պարեկություն իրականացնող տեսուչների գրած ակտերը: Վերը նշված վիճակագրությունն արտահայտում է բացառապես արագաչափերով եւ երթեւեկությանը հետեւող տեսախցիկներով կայացված որոշումները: Դրանցում ներառված չեն նաեւ այսպես կոչված Կարմիր գծերի ակտերը:

Արդեն մի քանի տարի Ազգային ժողովում բարձրացնում եմ այս կեղեքիչ արագաչափերի եւ երթեւեկությանը հետեւող տեսախցիկների հարցը եւ կառավարության ներկայացուցիչները այլ փաստարկ չունենալով պնդում են, թե արագաչափերի եւ տեսախցիկների շնորհիվ մեր ճանապարհներին անվտանգության մակարդակը բարձրացել է: Թե որքանով է հիմնավոր այս տեսակետը, փորձենք հասկանալ պաշտոնական վիճակագրության միջոցով:

2012 թվականին, այսինքն՝ արագաչափերի գործարկման առաջին տարվա ընթացքում, Հայաստանի տարածքում տեղի ունեցած Ճանապարհատրանսպորտային պատահարների հետեւանքով տուժել է 4 հազար 50 մարդ: 2013-ին այդ թիվը աճել է՝ 6.4 տոկոսով, դառնալով 4 հազար 310, իսկ 2014-ին դարձել է 4 հազար 758. նախորդ տարվա նկատմամբ աճը 10.3 տոկոս, իսկ 2012-ի նկատմամբ 17.4 տոկոս: Այսպիսով՝ արագաչափերի գործարկումից ի վեր ՃՏՊ-ներում տուժածների թիվը աճել է 17.4 տոկոսով: 2011-ին, ի դեպ, երբ դեռ չկային տեսախցիկները եւ արագաչափերը, ճանապարհատրանսպորտային պատահարներում տուժածների թիվը եղել է 3 հազար 681: Այսինքն, 2014-ին 2011-ի նկատմամբ տուժածների թիվը հազար դեպքով կամ 29.2 տոկոսով աճել է:

Կառավարության ներկայացուցիչները ակնարկում են, թե աճը պայմանավորված է Հայաստանում շահագործվող ավտոմեքենաների թվի ավելացմամբ: Բայց, ինչպես նշեցի, ՀՀ-ում շահագործվող ավտոմեքենաների թիվ չի հրապարակվում, չի հրապարակվում նաեւ շահագործումից դուրս եկած ավտոմեքենաների թիվ: Ու քանի դեռ մենք այս պաշտոնական թվերին չենք տիրապետում, կառավարության մեկնաբանությունը պիտի համարենք առնվազն կողմնակալ: Չնայած՝ փորձագիտական տվյալներն էլ ասում են, որ կառավարության արդարացումները հիմնավոր չեն:

Այսպիսով, բոլոր փաստերը կան պնդելու, որ արագաչափերը եւ երթեւեկությանը հետեւող տեսախցիկները, ըստ էության ոչինչ չեն տալիս ճանապարհային անվտանգությանը, փոխարենը արդեն իսկ 24 միլիարդ դրամ են տարել ՀՀ քաղաքացիների ընտանեկան բյուջեներից եւ իշխանություններն արդեն նաեւ շարժական արագաչափեր են կիրառում՝ մեզնից կորզվող գումարների ծավալները մեծացնելու համար:

Եւ հիմա, որպես ԱԺ պատգամավոր՝ կարծում եմ, որ իշխանությունները որպես նախնական, հրատապ քայլ պետք է զերծ մնան շարժական արագաչափերի կիրառումից եւ նոր արագաչափ-տեսախցիկների տեղադրումից: Սա որպես նախնական քայլ, որը սակայն ամենեւին հարցի լուծում չէ: Այս կեղեքիչ արագաչափերի եւ տեսախցիկների հարցը պետք է լուծել խորը եւ հիմնավորապես, եւ այս հարցը կարգավորելու մի քանի տարբերակներ մի քանի գործիքներ կարող են լինել:

Տարբերակ 1. Արգելել վարորդներին միակողմանիորեն, առանց նրանց լսելու և առանց պատշաճ հետաքննության տուգանելը: Սա նշանակում է, որ արագաչափերի և տեսանկարահանող սարքերի գործադրմամբ վարորդը կարող է տուգանվել միայն դատարանի որոշման առկայության դեպքում եւ պետք է այդ որոշումները բողոքարկելու հնարավորություն ունենա:

Տարբերակ 2. Երթեւեկության կանոնների խախտումների համար նշանակվող տուգանքները նվազեցնել-համապատասխանեցնել Հայաստանի սոցիալական իրողություններին եւ/կամ տուգանքների չափը կախվածության մեջ դնել մեքենային նշանակության, շարժիչի հզորության, արտադրության տարեթվի հետ:

Տարբերակ 3. Մայրուղիներում, ճանապարհներին սահմանել 100 կիլոմետրի վրա արագաչափ սարքերի առավելագույն չափ: Օրինակ՝ 100 կիլոմետրի վրա չի կարող լինել մեկ արագաչափ սարքից ավելի:

Տարբերակ 4. Արագաչափ սարքերի եւ երթեւեկությանը հետեւող տեսախցիկների գործադրմամբ վարորդներին տուգանել ոչ թե մեկ խախտում-մեկ տուգանք, այլ 24 ժամվա ընթացքում նվազագույնը երեք խախտման համար մեկ տուգանք սկզբունքով:

Տարբերակ 5. Հանել արագաչափ սարքերը: Տեսախցիկների տվյալները օգտագործել միայն Ճանապարհային երթեւեկության հոսքերի օպերատիվ կառավարման համար:

Շատերին նշված տարբերակներից մի մասը կթվա ընդունելի, մյուս մասը անընդունելի: Կարելի է, իհարկե, գտնել ինչ-որ հավաքական, միջինացված տարբերակ: Տվյալ պահին, սակայն, դա էական չէ: Էականն այն է, որ արագաչափերի եւ երթեւեկությանը հետեւող սարքերի շուրջ ստեղծված իրավիճակը ոչ միայն սոցիալական, ֆինանսական պրոբլեմ է ՀՀ քաղաքացիների համար, այլեւ ամեն օր, ամենուր բոլորին նյարդայնացնող, անարդարության ու անզորության, թալանվելու զգացողությունը ՀՀ քաղաքացիների գիտակցության մեջ խորացնող գործոն: Եւ իշխանությունները քիչ չի համարժեք չեն արձագանքում այս իրավիճակին, դեռ մի բան էլ խորացնում են պրոբլեմը, մեծացնում ֆինանսնատնտեսական անորոշության բեռից կքած քաղաքացիների բեռը: Եւ ինչպես Բաղրամյան պողոտայում ասում էր Ոստիկանության պետ Վ. Գասպարյանը, հիմա էլ արժե այդ կոչը վերադարձնել իրեն, որպես արագաչափեր եւ երթեւեկությանը հետեւող տեսախցիկներ տեղադրող գերատեսչության ղեկավարի: Սթափվե՛ք. սա ժողովրդի երկիրն է, ոչ թե ժողովրդի վերակացուն:

Հ.Գ. Վերը նշված խնդիրները, անկասկած, առաջիկայում լինելու են իմ պատգամավորական գործունեության առաջնահերթ օրակարգում: Այս թեմայով իմ ներկայացրած նախորդ նախագիծը չընդունվեց, բայց թեմայի քննարկումների արդյունքում տուգանքների չափերը որոշակիորեն մեղմվեցին: Դա, իհարկե, բավարար չէ, եւ առաջիկայում պետք է շատ ավելի լուրջ քայլեր իրականացվեն:

Նիկոլ Փաշինյան

ԱԺ պատգամավոր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031