Երկուշաբթի օրը, երբ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ բողոքի ակցիան տեղափոխվեց Ազատության հրապարակ, նոր նախաձեռնող խմբի համակարգողներից Դավիթ Սանասարյանը հացադուլ հայտարարեց`այդպիսով իր բողոքը հայտնելով առ այն, որ հանրությունը բավական պասիվ է եւ այդ օրվա հանրահավաքը բավական սակավամարդ էր:
Այսօր, Ազատության հրապարակը կրկին սակավամարդ է:
Aravot.am-ը Դավիթ Սանասարյանից հետաքրքրվեց`հետեւություններ անո՞ւմ է այս իրավիճակից: «Հետեւություններ դեռ շատ եմ անելու: Պարտադիր չէ, որ հենց հիմա ես հետեւություններ անեմ ու սա լինելու է իմ հետեւությունների գլխավոր կետերից մեկը: Չգիտեմ ինչի մեջ են մարդիկ խնդիրը տեսնում կամ հաղթանակ են համարում Սերժ Սարգսյանի հայտարարությունը, թե՞ ոչ, ես պայքարելու եմ այնքան ժամանակ, քանի դեռ այս խնդիրներն ունենք մեր առջեւ ծառացած, քանի դեռ մեզ պարտադրում են կիսաքայլեր: Ինձ համար ամենակարեւորը ոչ թե այդ 7 դրամի խնդիրն է, այլ այն, թե որքանով ենք մենք կարողանում դառնալ զսպումների մեխանիզմը մեր երկրում»:
Հիշեցնենք, որ նախաձեռնողները տրամադրված էին այսօր նաեւ երթ անցկացնել, իսկ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը հայտարարել է, որ անօրինական երթ թույլ չեն տալու:
Կարդացեք նաև
Դավիթ Սանասարյանն ասաց, որ ինքն այդ մասին քիչ առաջ խոսել է Վալերի Օսիպյանի հետ, վերջինս ասել է, որ կփորձի ամեն ինչ անել, որպեսզի երթի անցկացումը հնարավոր լինի:
Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, սակայն մեզ հետ զրույցում հայտարարեց, որ անօրինական երթ թույլ չեն տալու իրականացնել:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ