ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովն ընդունել է Հելսինկիի 2015 թվականի հռչակագիրը, որը պարունակում է Վեհաժողովի լայնածավալ քաղաքական առաջարկություններ եւ ազդարարություններ ԵԱՀԿ-ին եւ անդամակցող 57 երկրներին քաղաքական հարցերի եւ անվտանգության, տնտեսության, շրջակա միջավայրի եւ մարդու իրավունքների ոլորտներում:
Հռչակագիրը Վեհաժողովի տարեկան նստաշրջանի վերջնական արդյունքն է: Այս տարի նստաշրջանը տեղի է ունեցել Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում եւ նվիրված է եղել ԵԱՀԿ հիմնադիր փաստաթղթեի՝ Հելսինկյան եզրափակիչ ակտի 40-րդ տարեդարձին:
Ուկրաինայի ներքին եւ արտաքին ճգնաժամը, միգրանտների ու փախստականների վիճակը Միջերկրական տարածաշրջանում, սպառազինությունների վերահսկումը, գլոբալ տաքացումը, ջրային միջոցների կառավարումը, ահաբեկչությունը, ԼԳԲՏ-ների դեմ օրենսդրությունը եւ քաղաքացիական հասարակության առջեւ կանգնած սպառնալիքները Հռչակագրի 141 կետերում ներառված թեմաներն են:
Վեհաժողովը նաեւ հաստատել է մի շարք բանաձեւեր, որոնք ուղեկցում են Հռչակագրին, այդ թվում՝ Ուկրաինայում Ռուսաստանի կողմից ԵԱՀԿ սկզբունքների խախտումների դատապարտում, օտարերկրյա ահաբեկչական զինյալների երեւույթին անդրադառնալու համապարփակ օրենսդրական փոփոխությունների կոչ, Արկտիկայում տնտեսական եւ բնապահպանական հարցերի շուրջ ուժեղացված համագործակցության կոչ, միգրանտների եւ փախստականների իրավունքները եւ մարդկային արժանապատվությունը պահպանելու վերահաստատում եւ այլն:
Կարդացեք նաև
Մի հատուկ բանաձեւ, որը նույնպես ընդունվել է Վեհաժողովի կողմից պարունակում է ԵԱՀԿ-ն բարեփոխելու կոնկրետ առաջարկություններ, որոնց շնորհիվ գալիք տարիներին կապահովվի կառույցի արդիականությունը եւ արդյունավետությունը:
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ