Ազատության հրապարակում հացադուլ սկսած Դավիթ Սանասարյանը Aravot.am-ին պատմեց, որ տասնյակ ցուցարարներ ոստիկանության աշխատակիցների կողմից ճնշումների են ենթարկվել:
«Մեծ մասին ոստիկաններն են ճնշել, սպառնալիքի ճնշումով ասել են, որ պետք է չգնաք Ազատության հրապարակ: Ում ճնշել են, եկել են ինձ պատմել են: Ոստիկաններն ինձնից իմացան չորս հացադուլավոր երիտասարդների անունները, կես ժամ հետո օպերլիազորները գնացին նրանց տուն ու այդ երիտասարդներին տուն կանչելով՝ սպառնացին՝ խնդիրներ կունենաք, ձեր վրա գործեր կհարուցվեն»,- ասաց Դավիթ Սանասարյանը:
Նա ավելի վաղ հայտարարել էր, որ Ազատության հրապարակի ցույցին չմասնակցելու համար ցուցարարներին սպառնում են նաեւ թաղային հեղինակությունները: Այս հայտարարությանն անդրադարձել էր նաեւ Երեւանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը՝ անհեթեթություն համարելով Դավիթ Սանասարյանի ասածները՝ պնդելով, որ թաղային հեղինակություն ասվածը մայրաքաղաքում գոյություն չունի:
«Երեւանի ոստիկանապետը թող զգույշ լինի անհեթեթություն որակելիս: Ինչ վերաբերում է, թե Հայաստանում չկան թաղային հեղինակություններ, կամ Երեւանի ոստիկանապետը ադեկվատ չէ կամ էլ մայրաքաղաքի ոստիկանապետը չէ ու Հայաստանի բարքերից տեղյակ չէ: Նրա ասածները համարում եմ դեմագոգիա, անպատասխանատու հայտարարություն: Ականատես ենք, որ Հայաստանում գողական հավաքներ են լինում, ու ոստիկանությունն այդ մարդկանց չեզոքացնում է: Պարոն Կարապետյանի հայտարարությունը լուրջ չէ»:
Կարդացեք նաև
Ի դեպ, չորս հացադուլավորները դադարեցրել են հացադուլը, Դավիթ Սանասարյանի խոսքով, ինքը չի մեղադրում նրանց, նրանք իրենց գործն արեցին, ինքը շնորհակալ է:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ