Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Հայաստանում չկա սոցիալական պայքար. անհրաժեշտ են հրաժարականներ». Վահագն Խաչատրյան

Հուլիս 09,2015 17:50

Aravot.am-ի հետ զրույցում ՀԱԿ Գյումրու խորհրդի անդամ Վահագն Խաչատրյանը կարծիք հայտնեց, որ հոսանքի թանկացման դեմ բողոքի ակցիաներն այլևս անիմաստ են, եթե չկա քաղաքական հստակ ծրագիր: Ըստ նրա, ցուցարարների կողմից կիրառվող բողոքի որոշ մեթոդներ անարդյունավետ են: Օրինակ` հացադուլը սպառած, հնացած մեթոդ է, քանի որ այն արդյունք չի տալիս Հայաստանի նման բռնապետական ռեժիմ ունեցող երկրում: «Եթե պայքարում ես, պայքարի մեջ պիտի գտնես արդյունքը, գնալով այդ քայլին` ի՞նչ արդյունք ես ստանալու և հարցի լուծումը ո՞րն է լինելու: Պետք է ունենաս հստակ ծրագիր, բայց էդ ծրագիրը չկա», ասաց Վահագն Խաչատրյանը:

Մեր դիտարկմանը, թե պայքարող երիտասարդները հայտարարում են, որ իրենց պայքարը սոցիալական է և չեն ուզում վերածել քաղաքականի, Վահագն Խաչատրյանն ասաց. «Ես շատ ուրախ կլինեի, որ սոցիալական պայքար լիներ, բայց Հայաստանում չկա սոցիալական պայքար հասկացողություն, որովհետև սոցիալական պայքարը հենց ինքնին քաղաքական լուծում ունի, այսօր քաղաքական լուծում ունեցող հարցը չի կարող լինել սոցիալական: Եթե այսօր էս հարցը լուծվեր հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից, եթե իմանայինք, որ հանձնաժողովն է լուծողը, ճիշտ է՝ հանձնաժողովը դակողն է, բայց որոշում կայացնողը Բաղրամյան 26-ն է: Սա է խնդիրը, որ այսօր Հայաստանում սոցիալական պայքար հասկացողություն չկա, դա իմ կարծիքն է, որովհետև բոլոր հարցերը քաղաքական տիրույթում են գտնվում: Ուղղակի այսօր մեր իշխանություններին ձեռնտու է, որ այդ պայքարը մնա որպես սոցիալական, չքաղաքականացվի, որովհետև եթե քաղաքականացվի, այլ պահանջներ են լինելու, այդ պահանջը կարող է լինել նաև իշխանափոխության վերաբերյալ պահանջ»,-ասաց Վահագն Խաչատրյանը:

Ըստ նրա, այսօր ապացուցվեց, որ Հայաստանն ունի հզոր երիտասարդություն, որ չի զիջելու իր պայքարում, այլ օրերից մի օր հասկանալու է, որ Հայաստանում սոցիալական պայքար չկա: Մեր ճշտող հարցին, թե ձեր ասածից ստացվում է, որ եթե երիտասարդներն առանց քաղաքական ծրագրի շարունակեն պայքարը, տեղում դոփելո՞ւ են, Վահագն Խաչատրյանն ասաց. «Իմ կարծիքն է, որ այս ամենին քաղաքական պայքարն ավելացվի, եթե ոչ, մենք ոչ մի արդյունք չենք ունենալու»: Մեր հարցին, թե դուք քաղաքական պայքար ասելով՝ հասկանում եք Բաղրամյան 26-ում նստած անձի ու մյուսների հրաժարականը պահանջե՞լը, մեր զրուցակիցն ասաց. «Ոչ միայն հրաժարական պահանջելը, այլ բոլորդ էլ լավ տեսնում եք, թե ինչ է կատարվում երկրում…Այո, եթե ինձ մնա, ես տեսնում եմ, որ միակ ելքը իշխանափոխությունն է, իշխանափոխությունից հետո ազատ ու արդար ընտրությունների միջոցով օրինական իշխանություն ձևավորելը»:

Մեր հիշեցմանը՝ թե դուք քանի՞ տարի է պահանջում եք այդ հրաժարականը, ձգտում եք իշխանափոխության, ստացվե՞ց, Վահագն Խաչատրյանն ասաց, որ իրենց պայքարի արդյունքը քաղաքացիական հասարակության ձևավորումն է: «Բոլորս էլ շատ լավ գիտենք, որ մինչև 2007 թվականը Հայաստանում քաղաքացիական հասարակություն գոյություն չուներ, 2008 թվականին մեծ հզոր, համաժողովրդական շարժման շնորհիվ ձևավորվեց այն: Իսկ ինչ մնում է արդյունքներին, մենք հիմա էլ արդյունք չենք տեսել, հաջողության ինչ-որ չափով ենք հասել: Մեր հաղթանակը կլիներ չեղարկումը, որը չեղավ իշխանությունների կողմից: Իսկ հրաժարականի պահանջը մեր օրակարգում միշտ է եղել, միշտ ենք ասել, որ Սերժ Սարգսյանը այս երկիրը տանում է կործանման: Մինչև հիմա ոչ մի պահանջ չի լուծվել ի շահ ժողովրդի. լույսի, գազի թանկացումը, տարիների ընթացքում տեսանք մի բան, որ միակ ելքը իշխանափոխությունն է»:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031