Քաղաքական վերլուծաբան Էդգար Վարդանյանը կարծում է, որ Հայաստանում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ցույցը շատ մեղմ դրսևորումներ ունեցավ։
«Բաղրամյան պողոտայում տեղի ունեցածը քաղաքացիական անհնազանդության արշավ էր: Վերջինս ենթադրում է, որ հանուն լուրջ փոփոխությունների մարդիկ պատրաստ են գնալ որոշակի զոհաբերության, զրկանքների, պատրաստ են խախտել որոշակի օրենքներ և այլն: Իսկ ցուցարարները գործեցին օրենքի սահմաններում: Նույնիսկ փողոցի փակումը կամ շուրջօրյա նստացույցը տեղավորվում են օրենսդրության շրջանակներում»,- Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնում (ՌԱՀՀԿ) այսօր կազմակերպված «Էլեկտրաշոկ. հնարավո՞ր են արդյոք քաղաքական փոփոխություններ Հայաստանում» թեմայով սեմինար-քննարկման ժամանակ ասաց Էդգար Վարդանյանը:
Նա նշեց, որ շատերի, նաև իր համար տեղի ունեցածը բավականին անսպասելի էր. «Չկար որևէ լուրջ նախադրյալ, որը կհուշեր մեզ, թե հնարավոր է կարճ ժամանակահատվածում այդպիսի արդյունքի հասնել»,- ասաց նա և առանձնացրեց մի քանի գործոններ, որոնք, ըստ նրա, նպաստել են այդպիսի գործընթացի իրականացմանը. «Գործոններից մեկը մարդկանց մեջ կուտակված դժգոհությունն էր՝ սկսած Պերմյակովի հետ կապված պատմությունից, երբ մարդիկ դուրս եկան և բավականին կոշտ կերպով արտահայտեցին իրենց դժգոհությունը, բայց, փաստորեն, տուն գնացին չբավարարված, զայրացած: Դրան ավելացան սոցիալ-տնտեսական իրավիճակի վատթարացման նախանշանները: Նաև իշխանությունների և հանրության շահերն էին որոշ չափով համընկնում. իշխանություններն առաջիններից էին, որ դժգոհեցին ռուսական այդ ընկերության աշխատանքից, անընդհատ ասում էին՝ գիտեք մենք ուզո՞ւմ ենք, որ թանկացում լինի, մենք էլ ենք վրդովված և այլն: Որոշ լրատվամիջոցներ նույնպես կողմ էին արտահայտվում բողոքի ցույցի անցկացմանը և դժգոհում էին ռուսական նույն ընկերությունից: Այս ամենը չէին կարող չնպաստել բողոքի առաջացմանը»:
Կարդացեք նաև
Նպաստող երկրորդ գործոնը, ըստ վերլուծաբանի, այն էր, որ այդ ակցիան կազմակերպվել էր քաղաքացիական նախաձեռնությամբ. «Փորձը ցույց է տալիս, որ մարդիկ ավելի շատ վստահում են քաղաքացիական նախաձեռնություններին, քան կուսակցություններին: Դա նախևառաջ պայմանավորված է երկրում հաստատված ռեժիմի բնույթով: Քաղաքականություն հասկացությունը վարկաբեկված է, որովհետև նրանք, ովքեր պետք է իրականացնեին այդ քաղաքականությունը, լեգիտիմ չեն, կտրված են ժողովրդից և քաղաքականության փոխարեն կիսամաֆիոզ հարաբերություններ են հաստատել մեկը մյուսի ու նաև հանրության հետ»:
Էդգար Վարդանյանի մատնանշած հաջորդ հանգամանքը վերաբերում էր նրան, որ ընդդիմադիր կուսակցությունները տարիներ շարունակ մարտահրավեր են նետում իշխանություններին, սակայն օբյեկտիվ ու սուբյեկտիվ տարբեր պատճառներով ձախողում են, հասարակությունն էլ հիասթափվում է. «Հետո նաև ակնհայտ է դառնում, որ ընդդիմադիր կեցվածք ունեցող որոշ քաղաքական գործիչներ գնում են կուլիսային հարաբերությունների իշխանությունների հետ, շատերն էլ ուղղակի դառնում են իշխանական»,- հավելեց վերլուծաբանը:
Նրա դիտարկմամբ՝ պատահական չէ, որ իշխանական տարբեր կառույցներ կրկնում են, որ չի կարելի էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ցույցը քաղաքականացնել. «Բայց չես կարող քաղաքականացնել մի գործընթաց, որն ինքնին և ի սկզբանե քաղաքական է: Մարդիկ անհնազանդություն են ցուցաբերել կոնկրետ իշխանությունների նկատմամբ. պետական մարմինը որոշում է կայացրել, որը վերաբերում է բոլորին: Մարդիկ դեմ են այդ որոշմանը և ոչ միայն դեմ են, այլև ասում են, որ այդ որոշման հիմքում պետական կոռուպցիա կա, և իրենց պահանջը փորձում են ներկայացնել նախագահի պաշտոնը զբաղեցնող անձին: Այն փողոցն են փակում, որը տանում է դեպի նախագահի նստավայր: Սրանից այն կողմ էլ ի՞նչ քաղաքական գործընթաց, էլ ինչպե՞ս ենք մենք պատկերացնում քաղաքականությունը: Հասկանալի է, որ շատերը դա փորձում են տեղափոխել կուսակցական դաշտ, այսինքն՝ երբ ասում են՝ մի քաղաքականացրեք, իրականում ուզում են ասել՝ մի կուսակցականացրեք: Բայց շատերը դա դիտավորյալ չեն ասում, որպեսզի քաղաքականությունը միշտ վարկաբեկված մնա: Շատերն էլ, իհարկե, չեն տարանջատում այդ երկու հասկացությունները»,- ամփոփեց Էդգար Վարդանյանը:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ