Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ոստիկանի հետ առնչվելիս քաղաքացու իրավունքները

Հուլիս 09,2015 16:08

Քանի որ ոստիկանության աշխատակիցները երեկ այցելել են տասնյակ (հնարավոր է՝ հարյուրավոր) քաղաքացիական ակտիվիստների բնակարաններ, «Իրազեկ Քաղաքացիների Միավորում»-ը հարկ է համարում քաղաքացիներին տեղեկացնել իրենց հետևյալ իրավունքների մասին՝

1. Քաղաքացին իրավունք ունի ոստիկանին բնակարան չթողել, եթե վերջինս չի ներկայացնում դատարանի համապատասխան որոշում (օրինակ՝ խուզարկության որոշում):

2. Քաղաքացին իրավունք ունի նկարահանելու ոստիկանության ցանկացած գործողություն և այդ կադրերը համացանց բեռնելու: Այդ թվում՝ քաղաքացին իրավունք ունի նկարահանելու իրեն բերման ենթարկող ոստիկաններին՝ բաժնի ճանապարհի ողջ ընթացքում:

3. Ոստիկանը քաղաքացուն դիմելուց պարտավոր է ներկայանալ (նշել իր անունը, ազգանունը, կոչումն ու պաշտոնը) և քաղաքացու խնդրանքի դեպքում պարտավոր է նաև ցույց տալ իր վկայականը (անգամ, եթե նա համազգեստով է):

4. Քաղաքացին պարտավոր չէ ոստիկանի հրավերով գնալ բաժին: Նման պարտականությունը ծագում է միայն այն դեպքում, երբ ոստիկանը քաղաքացուն բերման է ենթարկում, կամ ձերբակալում է, կամ, եթե քաղաքացուն նախապես գրավոր ծանուցագիր է տրվել:

5. Քաղաքացին պարտավոր չէ հավատալ ոստիկանության աշխատակցի բանավոր խոսքին:

6. Քաղաքացին (եթե մեքենայի վարորդ չէ), պարտավոր չէ ոստիկանին ներկայանալ, կամ անձնագիր ցույց տալ:

7. Ոստիկանը պարտավոր է քաղաքացուն անմիջապես հայտնել իրեն կանգնեցնելու, իրեն այցելելու կամ իրեն դիմելու պատճառների և իրավական հիմքերի մասին: Իսկ բաժին տանելու դեպքում՝ նաև կարգավիճակի և իրավունքների մասին:

8. Բաժին տարված քաղաքացին իրավունք ունի իր մտերիմներին անմիջապես հայտնել իր գտնվելու վայրի մասին և բացարձակ ոչինչ չասել՝ մինչ իր փաստաբանի ժամանումը:

9. Որևէ պարագայում ոստիկանը իրավունք չունի քաղաքացուն սպառնալ, վիրավորել ու խոշտանգել: Խստիվ արգելվում է քաղաքացու վրա հոգեբանական ճնշման գործադրումը:

10. Ոստիկանը իրավունք չունի քաղաքացուն հորդորել որևէ իրավիճակում չօգտվելու իր իրավունքներից:

«Իրազեկ Քաղաքացիների Միավորում»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031