Վարդգես Գասպարին հացադուլ է սկսել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի տան դիմաց՝ այն բանից հետո, երբ այսօր առավոտյան եւս իր տան դիմաց հայտնաբերել է գոմաղբ:
Ավելի վաղ Գասպարին տարածել է հայտարարություն, որում, մասնավորապես ասված է. «Քաղաքացիները գործում են բաց, հրապարակային՝ ստանձնելով իրենց գործողությունների պատասխանատվությունը.
Հանցաշխարհը գործում է ծածուկ, խուսափելով պատասխանատվությունից.
Արդեն որերորդ անգամն է, որ գործող իշխանության և Սերժ Սարգսյանի դեմ իմ բողոքը բարձրաձայնելուց հետո «անհայտ անձինք» գիշերը բերում, թրիք են լցնում իմ տան դռանը՝ նաև լրացուցիչ անհանգստություն պատճառելով հարևաններիս՝ իշխանությունները փորձում են լռեցնել իմ բողոքի ձայնը::
Գործող իշխանությունը, այսպիսով` փաստացիորեն պատժում է նաև ընտանիքիս, անչափահաս որդուս՝ Սևազգեստ որդեկորույս մայրերին և անարդարության այլ զոհերին նեցուկ լինելու համար…
Ես ի բողոք իմ, նաև այլոց, արտահայտվելու իրավունքի կոպիտ ոտնահարման այսօր ժամը 12-ից բողոքի հացադուլ եմ սկսելու Սերժ Սարգսյանի տան դիմաց՝ Պռոշյան -Դեմիրճյան խաչմերուկում»:
Կրկնելով Սերժ Սարգսյանի մասին իր կարգախոսները՝ Վարդգես Գասպարին հայտարարել է. «Իմ՝ քաղաքացու իրավունքն է պետական պաշտոնատար անձի մասին բարձրաձայնել իմ գնահատականը, իսկ պետական պաշտոնատար անձը, նրա ենթակաները, ոստիկանությունը, ԱԱԾ-ն, կուսակիցները և այլք իրավունք չունեն իմ և այլոց գողական բռնություններով հակադարձել»: