Լրահոս
Օրվա լրահոսը

Փայլակ Հայրապետյան. «Վստահում էի, որովհետեւ վարչապետը կար, Կճոյան կար, սրբություններ կային»

Հուլիս 09,2015 14:57

Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Վլադիմիր Գրիգորյանի նախագահությամբ սկսվել է «օֆշորի գործով» դատաքննությունը: Ամբաստանյալ Աշոտ Սուքիասյանը դատական նիստի ընթացքում հայտարարեց, որ իրեն մեղավոր չի ճանաչում:

Փայլակ Հայրապետյանը խնդրեց հիմք ընդունել իր նախնական ցուցմունքները, սակայն դատավորն ասաց, որ կարգն այնպիսին է, որ պետք է ցուցմունք տա:  Փայլակ Հայրապետյանը հայտարարեց, որ առաջին անգամ, երբ հանդիպել է Աշոտ Սուքիասյանին, վերջինս իրեն ասել է, թե Աֆրիկայում ունի 850 հա ադամանդի եւ ոսկու հանքեր, կարող է ներկրել ցանկացած քանակի հումք եւ կարող է նմուշներ բերել: Աշոտ Սուքիասյանը բերել է ծրար, որը բացել է էկոնոմիկայի նախարարության Առեւտրի եւ շուկաների կարգավորման վարչության պետ Գագիկ Քոչարյանը եւ դատարկել ադամանդի հումքը, որը բոլորը հավանել էին: Փայլակ Հայրապետյանը ընդգծեց, որ ինքը մասնագետ չէր եւ հումքը պետք է մասնագետներին ուղարկեր. «Այնքան մեծ ուրախություն ապրեցի, որ արդեն ապրանքը կա. Նմուշները եկել են, հրավիրեցի բոլորին Սեւան, մենք այնտեղ կերանք-խմեցինք, բոլորը խմում էին Աշոտի կենացը, ասում էին Աշոտը կփրկի Հայաստանն այդ վիճակից»:

Տուժողը նշեց, որ իրենց այդ ծրագիրը բացի այդ պետք է 10 հազար բանվորի աշխատեղ ապահովեր. «Ես ասացի՝ եթե այս ամենը իրականություն է, ես կարող եմ իմ ունեցվածքը դնել, որ 10 հազար բանվոր աշխատի, ասացին, որ ամբողջ Հայաստանը այդ ամենի արդյունքում պետք է ծաղկի»: Փայլակ Հայրապետյանը հավելեց, որ դրանից հետո վարկ ստանալու համար իրենք դիմել են «Արմսվիս» բանկ, սակայն հինգ օր հետո Աշոտ Սուքիասյանը իրենց զանգել է եւ տեղեկացրել է, որ բանկը չի կարողացել 12 միլիոնի վարկ ապահովել եւ ինքը վարչապետի հետ գտնվում է «Ամերիա բանկում» եւ արդեն 6 հազար դոլար մուծել է բիզնես ծրագրի համար, նա էլ պատասխանել է, որ իր համար տարբերություն չկա, թե որ բանկն է եւ իր համաձայնությունն է տվել: Դրանից երեք ամիս հետո Աշոտ Սուքիասյանը հայտնել է, որ արդեն կազմակերպել է եւ շուտով ապրանքը կգա:

«Երբ որ տեսա ապրանքը չի գալիս, ասացի՝ Աշոտ ինչո՞ւ չի գալիս: Ասաց՝ տեխնիկան դեռ տեղ չի հասել, մինչեւ Հարավային Աֆրիկայից հասնի երկու-երեք ամիս կանցնի: Ես զգացի այդ պահին, որ խաբված եմ, դրանից հետո հաճախ էի գնում նրանց տուն, թե ի՞նչ եղավ, երբ կլինի: Այդ ընթացքում մահացավ նրա հայրը, մեր հայկական սովորությունները գիտեք՝ թաղում, քառասունք, նա գնաց Աֆրիկա, եկավ, հետո մահացավ մայրը, եւ այդպես հասավ հունվար ամիսը, փողը չի մուծում ապրանքը չի գալիս»,- ասաց նա:

Փայլակ Հայրապետյանը հայտարարեց, որ վստահում էր, որովհետեւ վարչապետ կար, Կճոյան կար, սրբություններ կային.«Մտնում էինք Աշոտենց տունը, պետք է մոմ վառեինք, խաչ համբուրեինք: Սա իրեն սրբի տեղ էր դրել, սրբի գրքեր էր բաժանում, այդ տարբերակով ինձ խաբեց»:

Դատարանը ընդմիջում հայտարարեց:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031