Հուլիսի 9-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց ամերիկահայ բժիշկ Ջոն Հովհաննես Օյունջյանին:
Ողջունելով հյուրին՝ սփյուռքի նախարարը կարևորեց «Օյունջյան» բարեգործական հիմնադրամի ազգանվեր գործունեությունը սփյուռքում և Հայաստանում: Նա մասնավորապես նշեց. «Դուք մեծ դերակատարություն եք ունեցել Հայաստանի կրթական համակարգի մեկենասության գործում: Փառք ու պատիվ Ձեզ: Կրթությունն է մեր ազգի գլխավոր զենքը, մենք գիտելիքով պետք ներկայանանք աշխարհին: Մեր նախարարությունն իր խոնարհումն է բերում Ձեզ»:
Բարձր գնահատելով Ջոն Հովհաննես Օյունջյանի ավանդը Հայաստանում և Սփյուռքում բարեգործական և հասարակական գործունեություն ծավալելու, Հայաստանի Հանրապետության և Սփյուռքի միջև գործուն կապերն ամրապնդելու, ինչպես նաև Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման շրջանակներում մեծ ավանդի համար՝ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նրան պարգևատրեց նախարարության «Պողոս Նուբար» մեդալով: Շնորհակալություն հայտնելով բարձր պարգևի համար՝ պարոն Օյումջյանը նշեց. «Փափագս այն է, որ Հայաստանն ավելի հզոր ու գեղեցիկ դառնա, մարդիկ աշխատանք ունենան ու մնան այստեղ»: Եվ վերջում ավելացրեց. «Ես բժշկության մեջ ինչ որ շահել եմ Հայաստան եմ բերել»:
Հովհաննես Օյունջյանը ծնվել է 1922-ին, Ստամբուլում: Երկար տարիներ որպես ազգային բարերար ծառայել է իր ժողովրդին:
Ջոն Օյունջյանի ֆինանսական աջակցությամբ հիմնանորոգվել է Գյումրու թիվ 21 միջնակարգ դպրոցը՝ վերածվելով «Օյունջյան» ուսումնական համալիրի: Բարերարը օգնում է նաև դպրոց-վարժարանի շրջանավարտ սաների բարձրագույն կրթությունը կազմակերպելու հարցում: Նրա նյութական աջակցությամբ արդեն հարյուրավոր շրջանավարտներ ստացել են բարձրագույն կրթություն:
Գյումրիում շուտով կբացվի «Վարդուհի» արվեստի դպրոցը, որի եռահարկ շինությունն ունի բոլոր հարմարությունները գյումրեցի փոքրիկների անվճար կրթությունը և գեղագիտական դաստիարակությունը բարձր մակարդակով իրականացնելու համար:
Ընդհանուր առմամբ բարերարն արդեն 6 միլիոն դոլարի ներդրում է կատարել Հայաստանում:
Ջոն Հովհաննես Օյունջյանը Գյումրու Պատվավոր քաղաքացի է, 2000թ. պարգևատրվել է «Մխիթար Հերացու» մեդալով, 2011թ. «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար երկրորդ աստիճանի» մեդալով և ՀՀ վարչապետի հուշամեդալով:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Խոնարհ հերոսներ…