Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Աշոտ Խոյեցյան. «Երեւանի ծանրաբեռնվածությունը բերել է քաղաքային անապատացման»

Հուլիս 09,2015 14:36

«Այսօր Սեւանա լճի թե՛ կենսառեսուրսների, թե՛ ջրային ռեսուրսների ոչ բարվոք վիճակը արդեն ամբողջ աշխարհի կողմից ֆիքսվում է որպես դեգրադացիայի պրոցես, անապատացման երեւույթ»,- այսօր «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում նշեց հողագետ, աշխարհագրական գիտությունների դոկտոր Աշոտ Խոյեցյանը եւ հավելեց.

«Սեւանա լճի ձկնային պաշարները, որոնք դարեր շարունակ հայ ժողովրդի կենսական գոյության նախապայմաններից մեկն էին, այսօր բացարձակապես այդ խնդիրը չեն լուծում: Հիմնախնդիրը կա եւ շարունակվելու է տասնամյակներ, եթե դրա դեմ համապատասխան միջոցառումներ չշարունակվեն կատարվել»:

Աշոտ Խոյեցյանը նաեւ նշեց, որ անապատացման բնական, սոցիալական, տնտեսական գործոնների կողքին առկա է նաեւ քաղաքական գործոնը, որը կապվում է հատկապես պատերազմական իրավիճակում գտնվող մեր սահմանամերձ շրջանների հետ: «Պատերազմական գործողությունների եւ մարդու կողմից դրական միջամտության գործընթացների բացակայության դեպքում մենք օրեցօր ֆիքսում ենք դեգրադացման փաստեր»:

Նրա խոսքերով, միայն ուսումնասիրությունները եւ փաստերը այսօր չեն բավարարում:

«Ավելի քան 10-15 տարի գտնվում ենք անապատացման երեւույթի բացահայտման պրոցեսի մեջ, մինչդեռ դրա դեմ կատարվելիք միջոցառումների գործընթացը պետք է դարձնել օրակարգային հարց»:

Ըստ ՄԱԿ-ի ցուցանիշների՝ ՀՀ տարածքի 81%-ը համարվում է անապատավտանգ, որից 27-28%-ը՝ խիստ անապատավտանգ: Հայաստանում անապատավտանգ են հատկապես հյուսիս-արեւելյան ցածրադիր հատվածները, Արարատի, Արմավիրի, Սյունիքի մարզերը, եւ Վայք քաղաքը:

Ասուլիսի ընթացքում Աշոտ Խոյեցյանն ասաց նաեւ, որ տարին ջրառատ է եղել միայն նորմայի գարնանային եւ աշնանային ջրառատության սահմաններում: Գարնանային առատ տեղումները լիարժեք լրացրել են ջրամբարների լցման սահմանը, չնայած կան ջրամբարներ, որոնց մի մասը դեռ ամբողջովին չի էլ լցվել:

Ինչ վերաբերում է Երեւանին, պրն. Խոյեցյանը նշեց, որ զուտ բնակլիմայական պայմաններից ելնելով՝ այն գտնվում է անապատային, կիսաանապատային գոտում: Քաղաքը հանրապետության ամենամարդաշատ տարածքն է: Արտադրական ոլորտային ներուժի շուրջ կեսը գտնվում է երեւանյան ագլոմերացիայում, եւ ծանրաբեռնվածությունը այս տարածաշրջանի վրա բերել է քաղաքային անապատացման հասկացության ձեւավորմանը:

Սյուզի ՄՈՒՐԱԴՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031