Նոյեմբերյանի համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնի շենքի հիմքում մեծ ծառեր են աճել՝ քայքայելով կառույցի հենքը: Այդ ծառերից մի քանիսը հասել են շենքի երկրորդ հարկի պատուհաններին, մի քանիսն էլ այդ պատուհաններից վերեւ են խոյացել: Անձրեւաջրերը ջրհորդաններով փոխանակ հեռացվելու տարածքից, թափվում են շենքի տակ, կարճացնելով դրա կյանքը:
Նոյեմբերյանի սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնի հանդիսավոր բացումը կատարվեց 2013թ. սեպտեմբերի 24-ին: Բացման ժամանակ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը պատասխանելով մեր հարցին՝ հայտնեց, որ շենքի նորոգման եւ կահավորման համար Համաշխարհային բանկի վարկային գումարներից եւ ՀՀ պետական բյուջեի միջոցներից ծախսվել է 100-150 հազար ԱՄՆ դոլար: 1998 թվականից հետո պետական բյուջեի միջոցներով 2 անգամ վերանորոգված շենքի երկրորդ հարկը (ոչ ամբողջությամբ) կոսմետիկ նորոգելու եւ այնտեղ տեխնիկական որոշ սարքավորումներ տեղադրելու համար մեծ միջոցներ են ծախսվել:
Ամեն երեքշաբթի բժշկական սոցիալական փորձաքննության հանձնաժողովը Նոյեմբերյանում նիստեր է ունենում, ընդունում հաշմանդամներին, քննում հաշմանդամության խմբերում նրանց ընդգրկելու հետ կապված հարցերը: Այդ օրերին Նոյեմբերյանի սոցիալական ծառայության աշխատակիցները ստիպված են լինում իրենց աշխատասենյակը տրամադրել վերոհիշյալ հանձնաժողովին, իրենք էլ ընտանիքների կարիքավորության աստիճանը ստուգելու համար տարածաշրջանի գյուղեր են մեկնում , քանի որ շենքում աշխատելու համար տարածք չկա: Մինչդեռ շենքի երկրորդ հարկի աջ թեւի մի քանի սենյակներ չեն նորոգվել, անցած 2 տարում դրանք կողպված են ու չեն օգտագործվում :
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ