«Հայաստանի էլեկտրական ցանցերում» աուդիտ անցկացնելու գաղափարը Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը ողջունում է: Այսօր «Բլից ինֆո» ակումբում Մակարյանն ասաց, որ պետք է առանձնացնել ֆինանսական եւ տեխնիկական աուդիտները, սրանք տարբեր խնդիրներ են բացահայտում: Մակարյանի խոսքերով՝ հարկավոր է ՀԷՑ-ում տեխնիկական աուդիտ անցկացնել, որպեսզի պարզվի, թե համակարգն ինչ մակարդակի զարգացվածություն ունի, որտեղ են հիմնական կորուստները, ինչպիսի կապիտալ վերանորոգումների ու ներդրումների կարիք ունի, ինչ է կատարվել մինչ օրս. «Կորուստներն, իմ կարծիքով, երկու բնույթ ունեն, մեկը՝ ցանցի մաշվածությունն է , 50-60-ականների տրանսֆորմատորներ են, ապահովիչներ են»:
Մակարյանի ներկայացմամբ՝ ամբողջ աշխարհն անցել է նոր տեխնոլոգիաների, իսկ ՀԷՑ-ում հին մեթոդներ են: Մակարյանի վստահեցմամբ ՀԷՑ-ում մեկ դար հետ են, էական ներդրումներ չեն կատարվել:
Մանրամասն՝ տեսանյութում
Մակարյանն ասաց, որ տեխնիկական աուդիտը կարող է լուրջ խնդիրներ բացահայտել. «Ես նամակով դիմել եմ վարչապետին, ու մեր կողմից 2 անձի եմ առաջարկել: Հայաստանում կան լավ մասնագետներ , ցանցերը լավ գիտեն, խնդիրները հասկանում են եւ կարող են անկողմնակալ աուդիտորներ լինել: Տեխնիկական աուդիտում պետք է ինժեներներ ներգրավվեն, որոնք կարող են առաջարկներ տալ խնդիրների լուծման համար»:
Կարդացեք նաև
Գագիկ Մակարյանի խոսքերով՝ էներգետիկայի նախարարությունն այս անգամ էլ վարպետորեն բեռը գցեց հանձնաժողովի վրա, ձեռքերը լվաց, մի կողմ քաշվեց, պատճառաբանելով՝ ոչ մի լծակ չունի, այդպես չէ. «Կանոնադրությամբ համակարգի էֆեկտիվության կորուստները, ռազմավարական զարգացվածության մոդեռնիզացիայի վերաբերյալ նախարարությունն ունի նպատակներ ու կարող է պահանջներ ներկայացնել: Եթե նախարարությունը գտնում է, որ լծակները բավարար չեն, ապա կարող է վերանայել կանոնանադրությունը եւ դիմի կառավարությանը, որպեսզի լծակներ ունենա: 2006-2007- ին է հաստատվել կանոնադրությունը, այս տարիներին էական փոփոխություններ են մեր տնտեսությունում: Այս ընթացքում պիտի հասկանային ու փոփոխություններ անեին: Ուրեմն նախարարությանը ձեռնտու է եւ ես դիտավորություն եմ տեսնում՝ ձեռքերը լվացել է ու թողել հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի վրա: Հանձնաժողովն էլ մի այլ խնդիր ունի՝ գիտի, որ գործ ունի ռուսական պետության ընկերությունների հետ՝ «Գազպրոմը», ՀԷՑ-ը, ու չի կարողանում կողմնորոշվել՝ խնդիրը տնտեսակա՞ն է, թե՝ քաղաքական, ինքը որոշումներ ընդունելիս մտածում է՝ տնտեսակա՞ն, թե քաղաքական հարվածների տակ կհայտնվի»:
Մանրամասն՝ տեսանյութում
«Հիմա ես մի քիչ զարմացած եմ հանձնաժողովի կտրիճի կեցվածքից: Կարծում եմ, իրեն ուղղակի քաղաքական հնարավորություն է տրվել ու նա օգտագործում է: Իրականում պիտի լիներ անկողմնակալ: Հիմա ժամանակն է նորից «Գազպրոմի» խնդրին անդրադառնալ՝ հանձնաժողովն անցյալ տարի «Գազպրոմին պաշտպանում էր, ժամանակն է վերանայել, թե ինչո՞ւ անցյալ տարի թանկացում եղավ»,-ասաց Մակարյանը:
Նրա դիտարկմամբ՝ ՀԷՑ-ում տեխնիկական աուդիտից հետո բացահայտված խնդիրների, այդ թվում նաեւ կորուստների հատուցումը պիտի դրվի ՀԷՑ-ի վրա:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ