Լրահոս
Օրվա լրահոսը

«Ժառանգություն» կուսակցության «Հայք» երիտասարդական միության խոսքը

Հուլիս 09,2015 13:10

«Ոչ թալանին» երիտասարդական նախաձեռնության՝ հունիսին ծավալած եւ լայն աջակցություն ստացած բողոքի գործողությունը, որի հետեւորդների թիվը Երեւանում ու ՀՀ մի շարք մարզերում տասնյակ հազարներով է հաշվվում, թեւակոխում է պայքարի նոր փուլ: Հանրությունը երբեք չի հաշտվի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի թալանչիական որոշման հետ, համաձայն որի՝ վերջին երեք տարում այս էլ երրորդ անգամ բարձրացվում է էլեկտրաէներգիայի սակագինը՝ օգոստոսի 1-ից բնակչության համար դառնալով 48,78 դրամ/կՎտ ժամ:

Խնդիրը համազգային կարեւորություն ունի, հետեւաբար խաղաղ բողոքավորների ու մասնագիտական գործունեություն իրականացնող լրագրողների նկատմամբ հունիսի 23-ին ոստիկանության կողմից կիրառված անհամաչափ գործողություններն առաջ բերեցին անհնազանդության եւ հուզումների նոր ալիք:

Եվ, այնուհետեւ, չնայած ոստիկաններին հաջողվեց բիրտ ուժով բացել Բաղրամյան պողոտան, այնուամենայնիվ, էլէներգիայի թանկացման որոշումը չեղարկելու մասին հանրային պահանջը տակավին օրակարգում է: Ազատության հրապարակում այսօր էլ երիտասարդական շարժման առաջամարտիկները շարունակում են պայքարի տարբեր եղանակներով իշխանությունների ու քաղաքացիների ուշադրության կիզակետում պահել հրատապ օրակարգը: Մասնավորապես՝ հուլիսի 6-ին հացադուլ հայտարարած Դավիթ Սանասարյանին միացել են մի խումբ այլ ակտիվիստներ:

«Ժառանգություն» կուսակցության «Հայք» երիտասարդական-ուսանողական միությունը`

ա/ դատապարտում է ոստիկանության կողմից խաղաղ ցուցարարների նկատմամբ կիրառվող ցանկացած բռնություն,

բ/ զորակցում է Դավիթ Սանասարյանին եւ մյուս հացադուլավորներին,

գ/ կոչ է անում Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, քաղաքական եւ քաղաքացիական կառույցներին՝ ավելի ակտիվ ու գործուն մասնակցություն հանդես բերել հրապարակային բոլոր միջոցառումներին, իսկ իշխանություններին եւ հասարակական կարգի պահապաններին՝ զերծ մնալ ուժի ապօրինի գործադրումից:

«Ժառանգություն» կուսակցության

«Հայք» երիտասարդական-ուսանողական միություն

9 հուլիսի 2015

Երեւան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031