Լրահոս
Օրվա լրահոսը

Տարեսկզբի համեմատ՝ Հայաստանում գնանկում է արձանագրվել (Տեսանյութ)

Հուլիս 09,2015 12:42

Այս տարվա հունվարից Հայաստանում արձանագրվել է 2.5 տոկոս գնաճ, սակայն հետագա ամիսների ընթացքում աստիճանաբար գնանկման միտում է արձանագրվել: Այսօր այդ մասին «Հայացք» մամուլի ակումբում, լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային վիճակագրական ծառայության գների վիճակագրության և միջազգային համադրումների բաժնի պետ Գուրգեն Մարտիրոսյանը: «Եթե գնանկումը փետրվարին և մարտին այդքան էլ էական չի եղել՝ ընդամենը 0.1 տոկոս, ապա ապրիլից սկսած՝ գնանկումը զգալի է եղել: Ապրիլին նկատվել է 0.4 տոկոս գնանկում, մայիսին՝ 0.5 տոկոս, իսկ հունիսին՝ 1.4 տոկոս: Եթե սա համեմատենք նախորդ տարվա հունիսին սպառողական գների ընդհանուր մակարդակի հետ, ապա կարող ենք ասել, որ այդ մակարդակը նույնն է»,- մանրամասնեց բանախոսը:

2015 թվականի հունիսին, 2014 թվականի մայիսի համեմատ, 1.4 տոկոս ընդհանուր գնանկման պարագայում պարենային ապրանքների գները նվազել են 3 տոկոսով, ոչ պարենային ապրանքների գները՝ 0.6 տոկոսով, իսկ ծառայությունների ոլորտում արձանագրվել է 0.1 տոկոս աճ. «Պարենամթերքներից 13 ապրանքախմբերից 7-ում արձանագրվել է գնանկում 0.1-30.9 տոկոս: Ամենաբարձր գնանկումն արձանագրվել է բանջարեղենի ապրանքային խմբում՝ 30.9 տոկոսով: Մնացած 6 ապրանքային խմբերում արձանագրվել է գնաճ 0.1-13.3 տոկոսով: Վերջին մեկ ամսում ամենաբարձր գնաճը եղել է մրգի ապրանքային խմբում՝ 13.3 տոկոսով»:

Գնանկում է արձանագրվել կաթնամթերքի գծով՝ 1.7 տոկոսով, ձկնամթերքի գծով՝ 1.4 տոկոսով: Հացամթերքի և մսամթերքի գծով արձանագրվել է 0.1 տոկոս գնանկում, շաքարավազի գծով՝ 0.5 տոկոս. «Մյուս ապրանքային խմբերում արձանագրվել է գնաճ: Եթե բանջարեղենի ապրանքային խմբում դիտարկում ենք առանձին տեսակներ, ապա առավելագույն գնանկում արձանագրվել է լոլիկի գներում, որը նվազել է շուրջ 3 անգամ, կանաչ պղպեղի և սմբուկի գներն նվազել են շուրջ 2.5 անգամ: Ես պետք է նշեմ, որ նախորդ տարվա մայիսի համեմատ կարտոֆիլի գներն այս տարի շուրջ երկու անգամ նվազել էին, սակայն հունիսին գները հավասարվել են, իսկ հունիսի 20-ի դրությամբ կարտոֆիլի գներն ավելի բարձր էին, քան անցած տարի»:

2015 թվականի հունիսին 2014 թվականի նույն ժամանակահատվածի նկատմամբ Հայաստանում սպառողական գներն աճել են 5.5 տոկոսով: Պարենային ապրանքների գների աճը կազմել է 5.5 տոկոս, ոչ պարենային ապրանքների գներն աճել են 7 տոկոսով, ծառայությունների սակագները՝ 4.1 տոկոսով: Այս ժամանակահատվածում 12-ամսյա պարբերականությամբ պարենային 13 ապրանքախմբերից երեքում արձանագրվել է գնանկում, իսկ 10 ապրանքային խմբերում արձանագրվել է գնաճ:

Ամենաբարձր գնանկումը կարտոֆիլ ու բանջարեղենների շուկայում է նկատվել: Գնաճ է նկատվում հատկապես ներկրվող ապրանքների գծով, տեղական ապրանքների գները հիմնականում ցածր են: Գյուղատնտեսական արտադրության մթերքների ծավալները անցած տարվա համեմատ վեց տոկոսով ավել են, նաեւ այդ է տեղական ապրանքների գնանկումների պատճառը:

ԱՊՀ տարածքի համեմատական ցուցանիշները` տեսանյութում

Հաց-հացամթերք խումբը հունիսին մայիսի համեմատ 0,1 տոկոս գնանկում, հուլիսին հունիսի համեմատ 6, 2 գնաճ: Հացամթերքի ազդեցությունը ընդհանուր գների վրա հունվար-հունիսի կտրվածքով գնաճը կազմել է 8 տոկոսից ավել: Այսինքն, մոտ մեկ տոկոսով հացամթերքի գնաճը ազդել է ընդհանուր գնաճի վրա:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031