«Ժողովուրդ»-ը զրուցել Է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանի հետ՝ պարպելու համար, թե ինչպես են ԼՂՀ իշխանությունները վերաբերվում Գերման Ստերլիգովի՝ Արցախում բնակություն հաստատելու որոշմանն ու ի՞նչ կարգավիճակ են պատրաստվում տալ նրան։
– Պարոն Բաբայան, սկանդալային համբավով ռուս հայտնի միլիարդատեր Գերման Ստերլիգովը որոշել է բնակություն հաստատել Արցախում։ Ինչպե՞ս է այս հարցին վերաբերվում ԼՂՀ իշխանությունը, արդյո՞ք պատրաստ եք նրան կեցության վայր տրամադրել։
– Ես տեղյակ եմ, որ Գերման Ստերլիգովը Արցախ այցելել է որպես զբոսաշրջիկ, իսկ մեր պետությունը ժողովրդավարական ազատ երկիր է, ու մեր երկիր տարբեր մարդիկ են այցելում։ Ես տեղյակ եմ, որ նա այցելել է Արցախ, բայց թե ինչ ցանկություններ ունի՝ ուզում է մնալ Արցախում, թե չէ, դա կտեսնենք առաջիկայում։
Մենք ազատ երկիր ենք, մեզ համար որեւէ այդպիսի խնդիր չկա, ու ես չեմ հասկանում, թե ինչու են անընդհատ շահարկում այս թեման, ինչու են փորձում այս ամենը այլ ձեւով ներկայացնել։ Մարդը եկել է Արցախ, զբոսաշրջիկ է, ու բոլորն են Արցախ գալիս, ես անհասկանալի եմ համարում այս շահարկումները։ Այս պահի դրությամբ նա Արցախում որպես զբոսաշրջիկ է։
Կարդացեք նաև
– Իսկ ԼՂՀ իշխանություններն այս ընթացքում հանդիպել են Ստերլիգովի հետ, արդյո՞ք որոշվել է, թե նա ինչ կարգավիճակով է շարունակելու բնակվել Արցախում։
– Նման բան չի եղել։ Շատ վաղաժամ է նման բաների մասին խոսելը, քանի որ այդ մարդը որպես զբոսաշրջիկ է եկել Արցախ, թե ինչ նպատակներ, ինչ պլաններ ունի իր կյանքի հետ կապված, դա ցույց կտա ժամանակը։ Վստահեցնում եմ, որ այս պահի դրությամբ դրա մասին խոսելը շատ վաղաժամ է։
Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում