Ֆրանսիան կամրացնի իր տեղը հայկական տնտեսությունում
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը հուլիսի 3-ին երկօրյա աշխատանքային այցով Ֆրանսիայի Հանրապետությունում էր: ՀՀ վարչապետը հանդիպումներ է ունեցել Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Կլոդ Բարտոլոնի, Ֆրանսիայի կառավարության ղեկավար Մանուել Վալսի, Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի հետ: Հովիկ Աբրահամյանը այցելել է Փարիզի քաղաքապետարանում բացված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ցուցահանդես, Ֆրանսիայում ու Եվրոպայում Հայ Առաքելական եկեղեցու առաջնորդարան, հանդիպել ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հայաստանի եւ Ֆրանսիայի վարչապետները ֆրանսիական Ալֆորվիլ քաղաքում մասնակցել են հայկական դպրոցի բացման արարողությանը: Սա պաշտոնական տեղեկատվությունն է, որ տրամադրվեց վարչապետի՝ Ֆրանսիա կատարած այցի վերաբերյալ:
«Առավոտի» տեղեկություններով, սակայն, ֆրանսիական կողմը խոստացել է ավելի ակտիվացնել ներդրումները Հայաստանում եւ իր ներկայությանը հայկական տնտեսության մեջ ավելի ծանրակշիռ տեսք տալ: Խոսքը մի քանի խոշոր ներդրումային ծրագրերի մասին է գյուղատնտեսության, մասնավորաբար՝ ջրամբարաշինության ոլորտում: Չորս ջրամբարները, որոնք կառուցվելու են Հայաստանում, մեկը ամբողջությամբ ֆրանսիական ներդրումներով է կառուցվելու: Հանդիպումների ժամանակ ֆրանսիական կողմը նաեւ վստահեցրել է, որ շարունակելու է ակտիվորեն նպաստել Հայաստան-ԵՄ նոր հարաբերությունների ձեւավորմանը` Ռիգայի գագաթնաժողովում ձեռք բերված նախնական պայմանավորվածությունները ամբողջությամբ կյանքի կոչելու եւ խորացնելու համար: Թե ինչու բանակցությունների այս կարեւորագույն շերտերը չեն հրապարակվել՝ այդքան էլ հասկանալի չէ՝ մանավանդ, որ դա լավ առիթ կլիներ ներկայիս ծանր իրավիճակում կառավարության ու վարչապետի PR-ն ապահովելու առումով: Պայմանավորվածությունները, հավանաբար, վերջնական չեն, կամ էլ կառավարությունում զգուշանում են «առուն չմտած` բոբիկանալուց»:
Ինչեւէ, Ֆրանսիան Հայաստանի համար երկրորդ ներդրումային գործընկերն է: Այս տարիների ընթացքում մշտապես մեծ ներդրումային հոսքեր են եղել Ֆրանսիայից Հայաստան, ինչը մեր երկրի տնտեսության համար որոշակի զարգացման հնարավորություններ ապահովել է: Տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը վերլուծելով վերջին շրջանի հայ-ֆրանսիական բարձրաստիճան շփումները՝ գտնում է, որ երկու երկրների հարաբերությունների ու համագործակցության շրջանակները ընդլայնվում են: Ըստ նրա՝ իշխանությունները փորձում են նաեւ այսկերպ լուծումներ գտնել մեր երկրում պակասած կամ նվազող ներդրումների խնդրին: Տնտեսագետը հատկապես գնահատում է այն հանգամանքը, որ ֆրանսիական ներդրումները կլինեն հայաստանյան ջրային ոլորտում` դա կլինի ջրամբարների կառուցում, ջրագծերի անցկացում, թե նմանատիպ այլ ծրագրեր. «Ջրային ռեսուրսների խնդիրն ապագայում ամբողջ տարածաշրջանում, նաեւ Հայաստանի համար, եւս սուր արտահայտված բնույթ է կրելու ու առաջացնելու է խնդիրներ, որոնք կարգավորում են պահանջելու: Մեր հարեւան Իրանն, օրինակ, այժմ ունի ջրային ռեսուրսների խնդիրներ: Ուստի այս իմաստով տարածաշրջանում մենք կարող ենք մեր դիրքերը որոշակիորեն բարելավել, եւ այս ուղղությամբ ներդրումների նպատակահարմարությունը, կարծում եմ, հենց դրանով է պայմանավորված: Ուսումնասիրությունները, հավանաբար, ցույց են տվել, որ այդ առումով Հայաստանից կարելի է որոշակի ակնկալիք ունենալ»:
Կարդացեք նաև
Ինչ վերաբերում է Ֆրանսիայի` Հայաստան-ԵՄ հարաբերություններում կամրջի դերին, մեր զրուցակիցը նկատում է, որ թեպետ Հայաստանը որոշակի հակասություններ ունեցավ ԵՄ Ասոցացման համաձայնագրի հետ` Եվրասիական տնտեսական համակարգին անդամագրվելով, սակայն Եվրոպան, այնուհանդերձ, իր շահերը պաշտպանում է` թե գործընկերության տեսանկյունից, թե հարաբերությունները չկորցնելու: Այս իմաստով նա գտնում է, որ Ֆրանսիան կարող է լոկոմոտիվի դեր կատարել` չթերագնահատելով նաեւ Գերմանիայի դերը, որը նույնպես բավական բարձր վարկանիշային սանդղակ ունի Հայաստանում` առեւտրային հարաբերությունների ու գործընկերության տեսանկյունից: Առեւտրային հարաբերություններում Գերմանիան ՀՀ-ի երրորդ գործընկերն է` ՌԴ-ից ու Չինաստանից հետո: Քանի որ Գերմանիան եւ Ֆրանսիան ԵՄ-ում էլ համարվում են լոկոմոտիվ, ապա այդ երկրների հետ Հայաստանի հարաբերությունների զարգացումն ու սերտացումը անպայմանորեն դրական արդյունքների կհասցնի: «Պարզապես պետք է կարողանալ հասնել նրան, որ գործընկերային հարաբերությունների մեջ առեւտրային ծավալներն ավելանան, առեւտրային հարաբերությունները ընդլայնվեն»,- կարծում է տնտեսագետը: Հարցը` Հովիկ Աբրահամյանն ու իր կառավարության անդամներն ունա՞կ են գրագետ աշխատելու այդ կարեւորագույն երկրների հետ, տնտեսագետը «պրովոկացիոն» որակեց՝ այնուամենայնիվ, նկատելով, որ կա արտերկրում կրթություն ստացած, միջազգային առեւտրատնտեսական հարաբերությունների ձեւավորման կանոններին, սկզբունքներին տիրապետող թիմ, ովքեր կարող են ծանրությունն իրենց վրա վերցնել: Թե հարաբերությունները որքանով արդյունավետ կստացվեն՝ դա կախված կլինի զուտ տնտեսական գործոնից` ներդրումները որքանո՞վ ապահովված ու շահութաբեր կլինեն ու ի՞նչ հնարավորություններ կստեղծեն համագործակցության հետագա ընդլայնման համար:
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
08.07.2015