ՀԷՑ-ի սեփական կապիտալը
«Նաիրիտի» ու «Վանաձոր Քիմպրոմի» պարտքերն են
«Հայաստանի էլեկտրական ցանցերը», եթե մի հրաշք չկատարվի, ամենայն հավանականությամբ՝ պիտի որ լուծարման գնա: Չնայած լուծարման մասին ավելի հստակ կարելի է խոսել այս տարեվերջին եւ ընկերությունում նախատեսվող աուդիտից հետո, բայց Հայաստանի Հանրապետության «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի 43-րդ հոդվածն ասում է. «Եթե 2-րդ եւ յուրաքանչյուր հաջորդ ֆինանսական տարվա ավարտից հետո պարզվի, որ Ընկերության զուտ ակտիվների արժեքը պակաս է օրենքով սահմանված կանոնադրական կապիտալի նվազագույն չափից, ապա Ընկերությունը պարտավոր է ընդունել որոշում լուծարման մասին»:
Տնտեսագետ Արտակ Մանուկյանն «Առավոտի» հետ զրույցում ասում է, որ ներկայումս, ըստ 2014 թվականի դեկտեմբերի 31-ի տվյալների, որը ՀԷՑ-ում վերջին աուդիտի տվյալներն են, Ընկերության սեփական կապիտալը 2,9 միլիարդ դրամ է, որի մեջ են ներառված նաեւ «Նաիրիտի» եւ «Վանաձոր Քիմպրոմի» 2.5 միլիարդ դրամ պարտքերը: Այս 2.5 միլիարդը Մանուկյանը համարում է անհուսալի պարտք, եւ ստացվում է՝ ՀԷՑ-ը 2014 թվականին բացասական սեփական կապիտալ է ունեցել: Ըստ նշված օրենքի՝ եթե մինչեւ տարեվերջ ՀԷՑ-ի վիճակը չլավանա, ապա կամ ինքն ինքնակամ պիտի գնա լուծարման, կամ, ինչպես նույն օրենքն է ասում՝ «լիազորված պետական մարմիններն իրավունք ունեն պահանջել Ընկերության լուծարում` դատական կարգով»:
Օրենքը նման դեպքերում մեկ այլ հանգամանք էլ է նախատեսում. Մանուկյանն ասում է, որ «ԻՆՏԵՌ ՌԱՕ ԵԷՍ»-ն, այսպես ասած, նոր ֆինանսներ պիտի ներարկի՝ կապիտալն ավելացնի:
Տնտեսագետն ասում է, որ ՀԷՑ-ը ՀՀ նույն օրենքով սահմանված մի կարեւոր գործառույթ չի կատարել, իսկ եթե կատարած լիներ, ապա հնարավորություն կունենար կապիտալն ավելացնելու: «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի 43-րդ հոդվածով սահմանված է. «Ընկերությունում ստեղծվում է պահուստային հիմնադրամ` կանոնադրությամբ սահմանված չափով, բայց ոչ պակաս՝ կանոնադրական կապիտալի 15 տոկոսից: Եթե պահուստային հիմնադրամը կազմում է կանոնադրությամբ սահմանված չափից ավելի փոքր մեծություն, ապա հատկացումներն այդ հիմնադրամին կատարվում են շահույթից` առնվազն հինգ տոկոսի չափով, ինչպես նաեւ Ընկերության նոր արժեթղթերի թողարկման արժեքի եւ դրանց անվանական արժեքի միջեւ եղած տարբերությունից ստացվող միջոցներից: Պահուստային հիմնադրամն օգտագործվում է Ընկերության կորուստները ծածկելու, ինչպես նաեւ Ընկերության պարտատոմսերը մարելու եւ բաժնետոմսերը հետ գնելու համար, եթե Ընկերության շահույթը եւ այլ միջոցները դրա համար չեն բավարարում:
Կարդացեք նաև
Պահուստային հիմնադրամը չի կարող օգտագործվել այլ նպատակների համար»:
«Օրենքի այս դրույթը ՀԷՑ-ը չի կատարել, պահուստային այս հիմնադրամը չի ստեղծել, համենանդեպս՝ որքան ուսումնասիրում եմ ՀԷՑ-ի փաստաթղթերը, որոնք թափանցիկորեն ներկայացված են, ոչ մի տեղեկություն ու փաստաթուղթ չկա, որ ահա սա պահուստային հիմնադրամն է»,- ասում է Մանուկյանը:
Տնտեսագետը նաեւ նկատում է, որ հնարավոր է՝ ՀԷՑ-ը լուծարման շեմին չհասնի էլ. «Ես հակված եմ նրան, որ ընկերությունում աուդիտի ավարտից հետո ՀԷՑ-ի նոր գնորդ հայտնվի: Մի տարբերակ էլ կա լուծարումից փրկվելու՝ եթե հանկարծ օգոստոսի 1-ից նրա շահույթն ավելանա, ինչը Բիբինի խոսքերով ու նրա մոտեցումներով՝ մեզ չի սպառնում, քանի որ նա պնդում է, որ նույնիսկ 7 դրամով սակագնի բարձրացումը խնդիրները չի լուծելու: Իսկ իմ կարծիքով՝ ներկայիս մենեջմենթի վարքագիծը չփոխելու պարագայում շահույթի մասին խոսելն ավելորդ է»
Նշենք, որ այսօր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստում նախատեսվում է ՀԷՑ-ին մոտ 75 միլիոն դրամի չափով տուգանել: Եթե հաշվի առնենք, որ հանձնաժողովի՝ էլեկտրաէներգիայի սակագինը 7 դրամով բարձրացնելու ու ըստ էության ՀԷՑ-ի հայտը բավարարելուց հետո հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանի հասցեին հանրության կողմից մեղադրանքներ հնչեցին, նրան նույնիսկ դավաճան անվանեցին, իսկ Նազարյանն էլ հայտարարում էր, որ ինքը հայրենասեր է, ու թող ոչ ոք չկասկածի, ապա այս 75 միլիոն դրամի տուգանքով կարծես թե Նազարյանը փորձում է ապացուցել, որ ինքը իրոք հայրենասեր է եւ իր վարկանիշն է բարձրացնում:
Այս առնչությամբ էլ տնտեսագետ Արտակ Մանուկյանը նկատում է. «2014 թվականին, երբ Ռոբերտ Նազարյանը հպարտությամբ նշում էր, որ ՀԾԿՀ-ն բարձրացրել է սակագինը՝ չսպասելով ՀԷՑ-ի հայտին, փաստորեն, գերազանցել է իր լիազորությունները եւ թափանցիկ չի եղել ժողովրդի նկատմամբ: Մասնավորապես, չի ներկայացրել, որ 2014 թվականին 4 դրամ բարձրացման մեջ եղել է, այսպես կոչված, 37 միլիարդ դրամ (սա 2012-14 թվականներին հանձնաժողովի պնդմամբ՝ ձեւավորվել է ՀԱԷԿ-ի չաշխատելուց, դոլարի արժեւորումից, սակավաջրությունից, սխալ էներգետիկ բալանսից) առաջացած պարտքի 14 միլիարդ դրամի փոխհատուցում, ինչը չի նպաստում այս կառույցի նկատմամբ վստահության ամրապնդմանը»:
ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
08.07.2015